Home / Հայաստան / Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու

Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու

Ռուս խաղաղապահները մերժել են դեպի Հակարիի կամուրջ խաղաղ ավտոերթը ուղեկցելու մի խումբ ղարաբաղցիների դիմումը։ 

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժմանը գրավոր պատասխանել է խաղաղապահ զորակազմի փոխհրամանատար Ա․ Սազոնովը։ Նշվել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը (Լաչինի միջանցքի մասով այն վաղուց չի էլ գործում) ավտոերթերի ուղեկցում, ակցիաների անվտանգության ապահովում չի նախատեսում, հատուկ ընդգծվել է, որ «անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը»։

Սազոնովը կտրականապես հերքել է նաև ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածվող տեղեկատվությունը, թե օգտվելով ավտոերթի պատրվակից՝ ռուսական զորակազմը նախատեսում է խաղաղ երթի ժամանակ ուժ կիրառել Հակարիի կամրջի անցակետի մոտ տեղակայված ադրբեջանական զինվորականների նկատմամբ։

Ռուս խաղաղապահների այս պատասխանից հետո էլ ավտոերթի կազմակերպիչները չեն հանձնվում։ Ակցիան ուժի մեջ է, նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, կազմակերպիչները տեսանյութ են հրապարակել, որում երևում են Ստեփանակերտի կենտրոնում կուտակված տասնյակ ավտոբուսներն ու մինիվենները՝ «Խաղաղ երթ դեպի Հակարի», «Կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը», «Կատարել Հաագայի դատարանի որոշումը», «Ապաշրջափակել Լաչինի միջանցքը» տարալեզու գրություններով։

Լեռնային Ղարաբաղում վառելիքի ճգնաժամ է, նույնիսկ հանրային տրանսպորտ չկա։ Ակցիայի կազմակերպիչները նշում են՝ մինչև Հակարի հասնելու համար իրենց նվազագույն քանակի վառելանյութ է պետք։ Հարյուրավոր մարդիկ, ըստ նրանց, արդեն իսկ երթին մասնակցելու ցանկություն են հայտնել, ցուցակագրել են նրանց, դեռ պետք է լուծեն սննդի և ջրի հարցը, քանի որ չեն բացառում, որ ադրբեջանցիները կարող է թույլ չտալ անցնել կամուրջը և իրենք ստիպված կլինեն մնալ ավտոբուսներում։

«Խաղաղապահների հետ թե առանց խաղաղապահների՝ ժողովուրդը պետք է պատրաստվի խաղաղ երթին, որովհետև այլ առաջարկներ չկա՛ն։ ․․․Մենք պետք է լինենք այդ կամրջին, որտեղ գրեթե ամբողջ աշխարհը քննարկում է Արցախի ապագայի հարցը, բայց առանց արցախցիների։ Եվ դա անթույլատրելի է։ Մենք պետք է գնանք այնտեղ», – գրել է նախաձեռնող խմբի անդամ, «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը։

Մինչ Հակարիի կամուրջ հասնելը ավտոերթի մասնակիցները պետք է նախ անցնեն Շուշիի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետը։ Ինչպե՞ս են պաշտպանվելու հնարավոր սադրանքներից կամ ինչպե՞ս են շարունակելու երթը, եթե ոստիկանական անցակետը իրենց առջև չբացվի։

Օսիպյանը այս հարցին չի պատասխանել, բայց և նշել է՝ ռուս խաղաղապահների մերժումը, այդ մերժման հիմնավորումները անհեթեթ են։ Խաղաղապահներին նա մեղադրել է անգործության մեջ՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ ոչինչ չի արվում, մինչ ռուսները իրենք իրենց համար սնունդ են ներկրում ուղղաթիռներով, ղարաբաղցիները ապրում են պաշարման մեջ՝ զրկված նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից․ «Իրենք հրաժարվում են իրենց պարտականությունները կատարել․․․ Իրանք, փաստորեն, միասին են դառնում թշնամու հետ մեկտեղ մեզ բլոկադայի ենթարկած»։

Խաղաղապահ զորախմբի արդարացումը, թե եռակողմ հայտարարությամբ իրենք ավտոերթ ուղեկցելու պարտականություն չունեն, ստեփանակերտցի ընդդիմադիրը անլուրջ է համարում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է անխափան գործեր, մարդկանց և բեռների տեղաշարժը չպետք է սահմանափակվեր, միջանցքը պետք է վերահսկվեր ռուս խաղաղապահների կողմից։ Արդեն գրեթե 8 ամիս է՝ եռակողմ պայմանավորվածությունները փաստացի չեն գործում։ 2022-ի դեկտեմբերից ի վեր բեռների և մարդկանց տեղաշարժը սահմանափակված է, միջանցքը գտնվում է ադրբեջանցի ուժայինների լիակատար վերահսկողության ներքո, վերջին գրեթե երկու ամիսների ընթացքում Լաչինով ո՛չ բեռներ են անցնում, ո՛չ էլ խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանցի սահմանապահները արգելում են նույնիսկ ռուս խաղաղապահների տեղաշարժը։

Օսիպյանը ընդգծում է՝ խաղաղապահները ունեն անզեն բնակչության երթևեկության անվտանգությունն ապահովելու պարտավորվածություն, կապ չունի՝ խոսքը մեկ մեքենայի մասին է, մի քանի մեքենայի մասին, թե մի ամբողջ ավտոշարասյան։ Ինչ վերաբերում է մեքենաների պարունակությունը ստուգելուն, ընդդիմադիրը շեշտում է՝ թող ստուգե՛ն և համոզվեն, որ «արգելված իրեր» դրանցում չկան, երթը խաղաղ է։

«Նրանք, ովքեր այստեղ [Լեռնային Ղարաբաղում] դուրս են գալիս և ասում, թե այդ երթը վտանգավոր է, այն ուժերը, որ նման խուճապ են տարածում, ես նրանց արդեն որերորդ անգամ եմ դիմում՝ ասե՛ք, լավ, ուրիշ ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ Արցախը այս վիճակից դուրս բերենք ու չգնանք հանձնվենք թշնամուն․․․ Եթե մենք միջանցքը չենք ապաշրջափակում, եթե Արցախի մատակարարումը Հայաստանից չի տեղի ունենում, այլ Ադրբեջանից է տեղի ունենում, դա նշանակում է՝ Արցախը հանձնել ենք Ադրբեջանին լրիվությամբ։

Այն ուժերը, որոնք քարկոծում են մեր նախաձեռնությունը, իրե՛նք էլ են դեմ Աղդամի ճանապարհի տարբերակին։ Լավ՝ ի՞նչ անենք։ Ռուբեն Վարդանյան ու քո թիմ, եթե Աղդամի ճանապարհով չենք գնում, բայց միջանցքն էլ չենք բացում, ի՞նչ ենք անում։ Կա՞ գոնե մեկ կոնկրետ առաջարկ։ Ձեր նպատակը ո՞րն է։ Արցախցիներին սովի մատնե՛լ, տարհանում անել և այդ ժողովրդի էմոցիաների վրա խաղալով՝ գնալ Հայաստանում ձեր իշխանության հարցերը լուծե՛լ․․․

Քաղաքական այս ուժերը փորձում են ամեն կերպ տապալել այս նախաձեռնությունը՝ տեղը ոչինչ չառաջարկելով։ Գոյություն ունեցող 5 կուսակցություններից մեկը ասում է՝ «եկեք հանձնվենք Ադրբեջանին», մնացածն էլ ուղղակի սովի են տանում Արցախը, որևիցե կոնկերտ առաջարկություն չունեն, անելիք չկա՛։ Դիմում եմ նրանց, դիմում եմ Ռուբեն Վարդանյանին և նրա թիմին՝ ասե՛ք, խնդրեմ, ի՞նչ անենք, ի՞նչ անենք երթի տեղը, և հաշվի առեք, որ ձեր այդ հայաքվե-չգիտեմ-ինչ-քվեները ո՛չ հարց լուծող են, ո՛չ էլ այդքան ժամանակ ունենք», – ֆեյսբուքյան ուղիղ եթերով նշել է Օսիպյանը։

Ժողովուրդը, ըստ նրա, պետք է անզեն, խաղաղ երթով հասնի Հայաստան-Ղարաբաղ սահմանին տեղադրված ադրբեջանական անցակետի մոտ։ Եթե Բաքուն հրաժարվում է ընդունել Ղարաբաղի ընտրված իշխանություններին, բայցև հայտարարում է Ղարաբաղի հայերի հետ խոսելու պատրաստակամության մասին, թող գան և խոսեն, բացատրեն՝ ինչո՞ւ են հայտարարում, որ միջանցքը բաց է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, եթե այն իրականում փակ է, կոնկրետ ի՞նչ նպատակ են հետապնդում՝ սովի մատնելով վիճարկվող տարածքի բնակչությանը․ «Գնանք՝ թող դեմներս փակի, թող երևա՝ Ալիևը միջազգային դաշտում ինչ պատասխաններ է տալիս այս իրավիճակին»։

Նախաձեռնությունը մի քանի ուղղությամբ է քննադատության արժանանում։ 

Մի կողմից, մտավախություն կա, որ օգտվելով այս նախադեպից՝ Ադրբեջանը կարող է «պատասխան» ավտոերթ կազմակերպել և հասնել հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ։ Կազմակերպիչները պատասխանում են՝ դեպի Հակարի ավտոերթը լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, որևէ մեկը որևէ շփման գիծ չի հատելու։ Նշում են նաև, որ Ադրբեջանը սադրանքներ անելու համար պատրվակների կարիք չունի, և եթե նման մտադրություն ունենա, փորձը ցույց է տվել, որ այն կարող է իրագործել նաև առանց այս ավտոերթի։

Մյուս կողմից՝ մտավախություն կա, որ ավտոերթի մասնակիցների նկատմամբ կարող են սադրանքներ լինել, տղամարդկանց կարող են փորձել առևանգել և այլն։ Արթուր Օսիպյանը հակադարձում է՝ միասին գնալով, մեծ երթ անելով, մարդիկ պաշտպանում են միմյանց։ Փոքր խմբերով, մենակ-մենակ երթևեկելիս՝ լինի Կարմիր խաչի թե ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ոչ ոք այլևս պաշտպանված չէ։ Արդեն իսկ կա Վագիֆ Խաչատրյանի դեպքը, որին առևանգել են մարդասիրական միջազգային առաքելության ներկայացուցիչների աչքի առաջ։ «Եթե մենք բոլորս իրար հետ ենք, բնականաբար իրար պահելու ենք և անվտանգություն ենք ապահովելու»։

Երրորդ մտավախությունը, ըստ Օսիպյանի, ադրբեջանական կողմից է տարածվել։ Կա վախ, որ երթի մասնակիցներին կարող են թողնել անցնել մինչև Հակարի և չթողնել վերադառնալ Ստեփանակերտ, նոր պահանջներ դնել՝ օրինակ, որ ադրբեջանական անձնագիր վերցնեն։ Ստեփանակերտցի ընդդիմադիրը պատասխանում է․ «Լավ, եթե ո՛չ սա, ապա ո՞րն է հարցի լուծումը։ ․․․Ի՞նչ եք առաջարկում անել»։

Ռուս խաղաղապահների մերժումից հետո իրավիճակը բարդացել է։ Ի՞նչ են անելու, եթե մարդիկ հրաժարվեն առանց խաղաղապահների ուղեկցության միանալ ավտոերթին։ «Մենք մտածել ենք նույնիսկ մի քանի հոգով գնալ, բայց մի քանի հոգով գնալը․․․ կարող է պատահի, որ եթե այնտեղ պրովոկացիա կամ բերման ենթարկելու հարց լինի, ավելի մեծ վախ մտցնենք հասարակության մեջ, քան դառնանք գործին օգուտ տված», – նշել է նախաձեռնող խմբի անդամը:

ռուսների պաշտպան պատգամավորը

Ղարաբաղում կան ուժեր, որոնք համարում են, որ քաղաքացիական այս նախաձեռնությունը ռուս խաղաղապահներին վարկաբեկելուց բացի որևէ հարց չի լուծելու։

«Նախ՝ իրենք չեն հասնելու Հակարիի կամուրջ, և իրենք չունեն էլ այդ նպատակն, այնպես որ ես խնդրում եմ այդ թատերական ներկայացումն այդքան էլ լուրջ չընդունել: Առաջին անցակետում, երբ ռուս խաղաղապահներն են կանգնած լինելու, իրենք, բնականաբար, սադրելու են և ցույց են տալու, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս իրենց անցնել և պահանջելու են ռուս խաղաղապահներից ուղեկցել իրենց: Բայց ինչպե՞ս դա կանեն ռուս խաղաղապահները, ո՞վ է ասել, որ դա իրենց գործառույթների մեջ է մտնում կամ իրենք պիտի դառնան ակցիայի պաշտպանները», – ավելի վաղ հայտարարել է ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, ըստ նրա, չի կարող լուծվել ռուս խաղաղապահների կամ ինչ-որ խաղաղ ակցիաների միջոցով՝ խնդիրը պետք է քաղաքական լուծում ստանա։ Պատգամավորը Հայաստանի և Ղարաբաղի իշխանություններին մեղադրել է ակցիային աջակցելու մեջ, պաշտոնական Ստեփանակերտը հակադարձել է՝ իրենք նախաձեռնության հետ կապ չունեն։

ԼՂ պետնախարարի խորհրդական Արտագ Բելգարյանը նշել է՝ իրենք ոչ ավտոբուսներով և ոչ էլ վառելիքով չեն աջակցում դեպի Հակարիի կամուրջ ուղևորվող քաղաքացիներին, այդ ամենը մասնավոր ինչ-որ ընկերություն է տրամադրում։

Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցների անվտանգության հետ կապված հնարավոր ռիսկերին, Արտակ Բեգլարյանն հաստատել է՝ այդպիսիք կան, և պետական մարմինները քննարկում են հնարավոր ռիսկերը նվազեցնելու հարցը․ «Բնականաբար, նմանատիպ նախաձեռնությունները որոշակի ռիսկեր պարունակում են՝ անվտանգային և կարող է լինել նաև քաղաքական: Իսկ արդյունքները կախված են նաև այդ ռիսկերից, կախված են ռուս խաղաղապահների կողմից արձագանքից, ադրբեջանական կողմից արձագանքից ու ակցիայի մասնակիցների վարքից, դրա համար ես կդժվարանամ վերլուծել բոլոր ռիսկերն ու հնարավոր արդյունքները»։