Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպք է արձանագրվել։
Օմբուդսմենի տարածած հաղորդագրության համաձայն, Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
«Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և մահվան վկայականի՝ Կ. Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիա, սպիտակուցաէներգետիկ անբավարարություն, կվաշիորկոր (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուց, խառը մետոբոլիկ, հիպոքսիկ էնցեֆալոպաթիա, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն», – գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Գրառմանը կից հրապարակվել են հանգուցյալի մարմնի լուսանկարները։
Արցախի օմբուդսմենն ընդգծել է՝ ավելի քան 8 ամիս տևող շրջափակումը և հատկապես երկամսյա լիակատար պաշարումը հանֆեցրել են պարենային աղետալի իրավիճակի, թերսնուցման և սովի սպառնալիքի, անհրաժեշտ դեղորայքի բացակայության, առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինության․
«Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական իրավիճակի վրա»։
Ութ ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է: Գրեթե երկու ամիս դեպի Արցախ բոլոր մատակարարումները խափանված են․ ադրբեջանցիները ո՛չ ռուս խաղաղապահներիմ, ո՛չ էլ Կարմիր խաչին չեն թույլատրում սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրել։ Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը մնացել է Հակարիի կամրջի մոտ՝ անորոշ ճակատագրով։
շապիկի լուսանկարը՝ 301arm ինստագրամյան էջից