Եվրամիության դիտորդական առաքելությունը (ԵՄ ԴԱ), որն ավելի վաղ հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, այժմ հաստատել է՝ առաքելության պարեկը «ներկա է գտնվել ԵՄ ԴԱ պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին»։
Թե ինչ կրակոցների մասին է խոսքը և ովքեր են կրակել՝ եվրոպական առաքելությունը չի մանրամասնել։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հայտարարել էր՝ կեսօրից հետո ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանք մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան։
Քիչ անց ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր․ «ԵՄ ԴԱ ոչ մի պարեկ կրակի թիրախ չի՛ եղել։ Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և զեկուցում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»: Գրառմանը կցվել էր ՀՀ ՊՆ հաղորդագրության սքրինշոթը, որի վրա խոշոր կարմիր տառերով գրված էր՝ «False» (Կեղծ)։
«Հերքման» այս տեքստը առաքելության թվիթերյան էջից արդեն ջնջվել է։
Պաշտոնական Բաքուն, մինչ այդ, հերքել է հայկական (այժմ՝ նաև եվրոպական) կողմերի տարածած տեղեկությունները։
«Եվրամիության դիտորդները նախապես տեղեկացնում են ադրբեջանական կողմին իրենց տեղաշարժի երթուղին, դրա կոորդինատները, ինչպես նաև մեքենաների համարանիշներն ու տեսակները։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տեղեկացված են առաքելության այցերի մասին, այդ իսկ պատճառով միջադեպը, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեսականորեն և գործնականում հնարավոր չէ», – գրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Վերջին օրերի դիվանագիտական էսկալացիայի ֆոնին հայկական և ադրբեջանական կողմերը պարբերաբար հերքում են հրադադարի ռեժիմի խախտման մասին միմյանց հաղորդագրությունները։
Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին նկատվում է ՀՀ ԶՈւ ռազմատեխնիկայի և անձնակազմի կուտակում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը։ Ավելի ուշ պաշտոնական հերքմամբ էր հանդես եկել նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելությունից հաղորդել էին՝ ամենօրյա պարեկության ընթացքում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չեն արձանագրել, առավել ևս՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։
Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 14-ին՝ Ժամը 19։50-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ «Վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծար»։