Հունվարի 12, 09։40 – Երեկ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սկսված փոխհրաձգության գոտում կեսգիշերին հայտնաբերվել է շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` հրազենային վիրավորումով, հաղորդել է Պաշտպանության նախարարությունը։
Հունվարի 11, 22։07 – Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով զոհվել են զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)` գրել է Հայաստանի ՊՆ-ն։
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նախարարության հաղորդմամբ՝ ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է։
«Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ՄԻՊ աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է», – նշվում է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական կողմից վերսկսել են կրակը սահմանի արևելյան ուղղությամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
Ավելի վաղ ՊՆ-ն գրել էր, որ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել Գեղարքունիքի Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ՊՆ-ն պնդել էր, որ հայկական կողմը «սադրանքի է դիմել Քելբաջարի ուղղությամբ», ինչի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Այազ Նազերովը։