ԱՄՆ-ում Մերիլենդի համալսարանի բժիշկները 57-ամյա Դևիդ Բեննեթի սիրտը փոխարինել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սրտով․ վիրահատությունը շուրջ 7 ժամ է տևել։ Գիտնականները հույս ունեն, որ այս փորձը ապագայում նոր դռներ կբացի օրգանների փոխպատվաստման ոլորտում և կօգնի նվազեցնել դոնորական օրգանների պահանջարկը։
Բեննեթը հիվանդանոց է դիմել ծանր առիթմիայով, գտնվել է սրտային հիվանդություն տերմինալ շրջանում։ Ըստ մասնագետների՝ նա մարդու դոնորական օրգան ստանալու համար պիտանի չի ճանաչվել և չի ներառվել փոխպատվաստման հերթի ցուցակում։ Պացիենտը համաձայնել է դիմել փորձնական մեթոդին՝ հաշվի առնելով, որ հակառակ դեպքում մահը կարող էր անխուսափելի լինել։
Վիրահատությունը, որի ժամանակ մի տեսակի օրգանիզմին պատկանող օրգանը կամ հյուսվածքը փոխպատվաստում են մեկ այլ տեսակի օրգանիզմի օրգանով, կոչվում է քսենոտրանսպլանտացիա։ Նման վիրահատությունների դեպքում ավելի բարձր են տրանսպլանտատի մերժման ռիսկերը, հետևաբար հիվանդները ստանում են սովորականից տարբերվող և ավելի արտահայտված իմունոսուպրեսիվ (իմունիտետը ճնշող) թերապիա։
Բացի այդ, օրգանի հարմարվողականությունը բարձրացնելու նպատակով, բժիշկները փոփոխել են հյուսվածքի որոշ գեներ։ Ընդհանուր առմամբ փոփոխության են ենթարկվել խոզի սրտի 10 գեներ․ իմունային պատասխանի առաջացման հետ կապված երեք գեներ հեռացվել են, ավելացվել են իմունային տոլերանտություն պայմանավորող վեց գեներ և լռեցվել է սրտամկանի հավելյալ աճին նպաստող գենը։
Վիրահատությունը տևել է 7 ժամ և ավարտվել է բարեհաջող։ Բեննեթի վիճակը կայուն է, երկուշաբթի օրը նա սկսել է ինքնուրույն շնչել, սակայն երկարատև ապաքինման հավանականության հետ կապված մասնագետները երաշխիքներ չունեն․ նման վիրահատություն անցյալում երբեք չի կատարվել։ Առջևում բարդ հետվիրահատական շրջանն է․ հիվանդը պետք է գտնվի շարունակական բժշկական վերահսկողության ներքո։
Խոզի սրտի փականների տրանսպլանտացիան արդեն ավելի քան 30 տարի կիրառվում է որպես փականային տարբեր արատների բուժման վիրահատական մեթոդ։