Home / Հայաստան / «Բարերարը» հիվանդ երեխային տեսախցիկների առաջ գումար է փոխանցել, ապա հետ վերցրել ու անհետացել

«Բարերարը» հիվանդ երեխային տեսախցիկների առաջ գումար է փոխանցել, ապա հետ վերցրել ու անհետացել

Ապրիլի 19-ին Վանաձորում կազմակերպված բարեգործական համերգի շրջանակներում հավաքված հասույթը հանդիսատեսի ծափողջույնների ներքո ուռուցքից տառապող 8-ամյա Էրիկ Գալստյանին հանձնելը ձևական բնույթ է կրել․ բարերար ներկայացած ոմն Արիկը բեմի վրա ցուցադրաբար հանձնել է ծրարը, իսկ կուլիսներում հետ վերցրել այն վանաձորցի փոքրիկից։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է բլոգեր Անուշանահիտը, ով տեղի ունեցածը շոու է որակել։ Բլոգերն աջակցում է երեխայի ընտանիքին։ Համերգը կազմակերպվել էր ծեծի ենթարկված ու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած դերասան Կարեն Մկրտչյանին օգնելու նպատակով, բայց վերջինս ինքն է խնդրել գումարը հանձնել երեխային։

Fortuna TV Լոռի հեռուստաալիքի տեսանյութում (4։45-ից 5:27) երևում է՝ ինչպես են ծրարը հանձնում փոքրիկ Էրիկին։

Բլոգերի խոսքով՝ Էրիկի մոտ տարեսկզբին հանկարծակի հայտնաբերված հիվանդության բուժումը հնարավոր է իրականացնել Մոսկվայի Բուրդենկոյի անվան հիվանդանոցում, որտեղ բժիշկները ծնողներին հուսադրել են, սակայն չուշացնելու պայմանով։

«Մայիսի 10-ին նշանակված էր երեխայի այցը Մոսկվա, բայց գումար չհավաքելու պատճառով չկարողացան գնալ։ Վիրահատության համար մոտավոր 7000 դոլար է հարկավոր, դրան գումարած հիվանդասենյակի ու մի քանի հավելյալ հետազոտությունների ծախսերը, իսկ մայիսի 12-ի դրությամբ հաշվեհամարին 720 հազար դրամ կար։ Մեր բազմաթիվ խնդրանքների արդյունքնում մամուլում հրապարակումներ եղան երեխայի մասին, ու բարի մարդիկ ցանկության հայտնեցին որոշակի գումար հատկացնել բուժման համար», – պատմել է մեր զրուցակիցը։

Վերջինս, անդրադառնալով մեկ ամիս առաջ կայացած բարեգործական միջոցառմանը պատմել է, որ համերգից առաջ ինչ-որ մարդիկ զանգել են Էրիկի հորը՝ Արթուր Գալստյանին, ու խնդրել երեխայի հետ անպայման ներկա գտնվել համերգին։

«Հայրը երեխայի հետ ներկայանում է: Նրան հայտնում են, որ բեմում՝ համերգի ժամանակ, իրեն ծրար կտան, ինչը, ի դեպ, երևում է տեսանյութի 4:50 րոպեից, բայց համերգից հետո ծրարը հետ են վերցնելու՝ եղած գումարին էլի գումար ավելացնելու ու ամբողջությամբ բալիկի հաշվեհամարին փախանցելու պայմանով։ Եվս մեկ անգամ նշեմ, որ սա տեղի է ունեցել ապրիլի 19-ին, իսկ մայիսի 10-ին երեխան պետք է Մոսկվայում լիներ, ինչը հետաձգվեց գումար չունենալու պատճառով», – ասել է մեր զրուցակիցը:

Բլոգերի խոսքով՝ երեխայի հայրը բազմիցս զանգահարել է բեմի վրա գումարը հանձնող ու հետ վերցնող երիտասարդին, վերջինս նշել է, որ անպայման կտա գումարը, սակայն այդպես էլ չի փոխանցել։

«Մեկ ասել է՝ վաղը կփոխանցեմ, մեկ՝ մի շաբաթից, մեկ արդեն փոխանցել եմ, բայց սխալի պատճառով գումարը տեղ չի հասել ու էլի մի շարք անհեթեթ պատճառներ։ Երբ արդեն այլևս ժամանակ չունեինք և հայտնվել էր մի բարերար, ով խոստացել էր, որ վիրահատության գումար կտա, ստիպված ես զանգեցի, որովհետև քիչ գումար ունեինք, ու վախ կար, որ չենք տեղավորվի տան վարձի, ուտելիքի ու էլի չնախատեսված ծախսերի մեջ: Ասաց, որ ոչ միայն 152.000 դրամ կփոխանցի երեխայի հաշվեհամարին, այլ նաև ինքնաթիռի տոմսերն էլ կառնի՝ հենց էսօր։ Ասացի, որ ժամանակ չկա, ունենք ընդամենը 3 օր՝ հանկարծ էլի չխաբի: Ինքը խորհուրդ տվեց` դուք տոմսերը պարտքով վերցրեք, ես գումարը կփոխանցեմ ավիաընկերության հաշվեհամարին, 152.000-ն էլ՝ հոր հաշվեհամարին: Ասաց, որ շաբաթ առավոտ էս երկու հարցերը լուծված կլինեն։ Մի քանի օր է՝ բարերար Արիկի երկու հեռախոսահամարներն էլ անհասանելի են», – նշել է բլոգեր Անուշանահիտը։

Մեր զրուցակիցն ընդգծել է, որ երեխան ծնողների հետ արդեն Մոսկվայում է, իսկ «բարերարի» խոստացած գումարը մինչ օրս չի նստել ոչ հոր, ոչ էլ ավիաընկերության հաշվեհամարներին։

«Տոմսերի գումարը պարտք ենք արել ու խոստացել, որ երբ գումարը նստի հաշվեհամարին, կվճարենք, իսկ դրամական մեծ խնդիրներ կան, որոնք լուծել է պետք։ Չեմ ուզում նախօրոք եզրահանգումներ անել ու մեղադրել ինչ-որ մեկի, ուզում եմ հավատալ, որ խնդիրները ուղղակի փոխանցման հետ են կապված: Որպես մարդ, որպես մայր ես մեծ ցավ ապրեցի, որ այդ հիվանդ երեխուն բերել բեմ էին հասցրել, որ շոուն ստացվի։ Ինչո՞ւ չէր կարելի բարեգործություն անել առանց ծափերի, առանց ցավեցնելու, առանց անհանգստացնելու բալիկին ու ծնողներին, եե կարծում էին՝ այդ մարդիկ հաճույք են ստացել ծափերի ներքո ամբողջ քաղաքի աչքի առաջ բեմի վրա գումար ստանալուց: Ես ոչ մի եզրակացություն չեմ անում: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ոնց մարսել էս ամենը: Ո՞վ է Կարեն Մկրտչյանի կողմից սրա պատասխանատուն: Գուցե արձագանքի, բացատրի, հասկանանք», – եզրափակել է բլոգերը։

Նշենք, որ մեր թղթակիցը նույնպես փորձել է կապ հաստատել Արիկ ներկայացած անձի հետ՝ վերջինիս հեռախոսահամարները անհասանելի են։