9 տարի ամուսնու կողմից ծեծի ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է առանց լուրջ միջադեպերի: Նախորդ անգամ Հասմիկ Խաչատրյանի ամուսնուն՝ 33-ամյա Սարգիս Հակոբյանին (լուսանկարում՝ ձախից) սատարող «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հարձակվել էր իրավապաշտպանների և լրագրողների վրա՝ հայհոյելով նրանց։
Այս անգամ հայցվոր Հասմիկ Խաչատրյանին սատարելու համար Երևանից Գավառ էին եկել ավելի մեծ թվով մարդիկ: ՀԿ-ների ներկայացուցիչների գնահատմամբ՝ դա էր պատճառը, որ անցյալ անգամ դատարանի դիմաց միջադեպ հրահրած Ռոբերտ Ահարոնյանը և նրան ուղեկցողները սադրանքների չդիմեցին:
Այնուամենայնիվ, Ահարոնյանը և ևս մի քանի տղամարդիկ, ովքեր եկել էին պաշտպանելու ամբաստանյալ Սարգիս Հակոբյանին, հայհոյել են Խաչատրյանին սատարող կանանց՝ վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրանց հագուստի կամ սանրվածքի հետ կապված: Որոշ տղամարդիկ նաև փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել: Նրանցից մեկը փորձել է խլել ակտիվիստներից մեկի հեռախոսը:
Բուն դատական նիստը խաղաղ է անցել: Մեղադրող կողմը միջնորդել է գործին կցել և դատարանում կարդալ Հասմիկ Խաչատրյանի և Սարգիս Հակոբյանի դուստր Վարսիկի բացատրությունը: Դատախազը միջնորդության բավարարումը կարևորել է գործի բոլոր ապացույցները գնահատելու համար, քանի որ պաշտպանյալի կողմի վկաները ասել են, թե Հասմիկը բռնություն է գործդրել իրենց 7-ամյա խուլ երեխայի նկատմամբ:
Սարգիս Հակոբյանի կողմը ներկայացնող հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյանը ևս միջնորդություն է արել, որը վերաբերում էր Հասմիկին վերաբերող նոր դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուն:
«Ձախ նախաբազկի վրա հայտնաբերվել է պիգմենտավորված տարածք, որը կարող է այրվածքի հետևանք լինի, սակայն կարող է և ոչ: Եթե պարզվի, որ Հասմիկի մարմնի այլ մասերում ևս կան նման հետքեր, կհերքվի, որ ձեռքի վնասվածքը ծխախոտի վառվածի արդյունք է», – ասել է Աբրահամյանը:
Նախագահող, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանն այս միջնորդությունը ևս ընդունել է: Սարգիս Հակոբյանի կողմը փաստորեն ցանկանում է ցույց տալ, որ Հասմիկի ձեռքի հետքերն իրականում մաշկային հիվանդության հետևանք են, մինչդեռ կինը պնդում է, որ ամուսինը ծխախոտն էր հանգցնում իր ձեռքին:
Դատական լսումները անժամկետ հետաձգվել են:
Տեսանյութում գործի ներկա փուլի մասին պատմում է Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը․
Լուսանկարը՝ Կանանց աջակցման կենտրոն-ի