Կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանի գործով այսօրվա դատական նիստից հետո բռնարար ամուսնուն պաշտպանող մի խումբ տղամարդիկ հարձակվել են մյուս կողմի ներկայացուցիների վրա:
Ընտանեկան բռնության զոհ դարձած Հասմիկ Խաչատրյանին սատարող քաղաքացիները ևս բռնության բռնության ենթարկվելու սպառնալիքի են արժանացել: Մի խումբ տղամարդիկ և կանայք հայհոյանքներ են տեղացել նրանց հասցեին, հորդորել հեռանալ Գավառից:
Վիճաբանության հրահրողներից էր «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, նախկին Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, ով պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել 2013թ․ նախագահական ընտրություններին։ Այսօր դատարանի մոտ նա բղավել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանի վրա և հորդորել նրան «չքանդել հայ ընտանիքը»։
«Ես զարմանում եմ՝ Քյավառի ժողովուրդը ո՞ւր են, որ թողել են սրանց հրապարակի մեջտեղը կանգնել: Դուք որտեղի՞ց եք, ս․․տիր եղեք ձեր երկիրը: Խի՞ եք եկել Հայաստանը խանգարելու։ Դուք ստեղի ջուրը չեք խմել, չգիտեք ստեղի ավանդույթները: Վայ ես ձեր ազատություն ստեղծողին: Ձեր ցավը տանեմ, գնացեք ձեր սփյուռքը», – բղավել է Ահարոնյանը:
Լարա Ահարոնյանի պնդմանը, թե ինքը չի պատրաստվում երկրից հեռանալ, Ռ․ Ահարոնյանը պատասխանել է․ «Օրը գալու ա, վտարելու ենք, փակելու ենք սահմանը: Հզոր ընտանիքի կողմնակից եմ, ոչ թե գ..թերի: Եվրոպական ձեր մոտեցումներով հայ ընտանիքը մի՛ քանդեք»։
Նա նաև հայտարարել է, որ «տղամարդը իրավունք ունի ապտակել իր կնոջը»։
18+
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ահարոնյանը նախկինում մասնակցում էր ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի օգտին կազմակերպվող ակցիաներին՝ Փակ շուկայի մոտ: