Կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանի գործով այսօրվա դատական նիստին ցուցմունք է տվել ամբաստանյալի քույրը՝ Վարդուհի Հակոբյանը։ Վերջինս պնդել է, որ հարսին՝ Հասմիկ Խաչատրյանին, իրենց տանը «թագուհու պես են պահել»։ Այս մասին Epress.am-ին հայտնել է գործով զբաղվող «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ վկան գործի հետ որևէ կապ չունեցող հայտարարություններ է արել, մասնավորապես, պնդելով, որ հարսը մորից ժառանգած հոգեկան խանգարում է ունեցել, որ ամուսնությունից հետո երկու տարի երեխա չի ունեցել, չբեր է եղել ու տևական ժամանակ բուժվել է, ինչպես նաև, որ նրա մոտ «շատ են արական հորմոնները»։ Եղբոր կողմից հարսին ծեծելու փաստը Վարդուհի Հակոբյանը բացատրել է նրանով, որ նա տեսել է, թե ինչպես է կինը երեխայի մազերից քաշում ու գլխին հարվածում։
Բացի դրանից, վկան հայտարարել է, որ Հասմիկ Խաչատրյանը վերջին շրջանում «գենդերային կազմակերպություն է» այցելել ու «դարձել է գենդեր»։ Հարցին՝ ինչ նկատի ունի՝ «գենդեր» ասելով, Վարդուհի Հակոբյանը պատասխանել է՝ «հոմոսեքսուալություն»։
Նշենք, որ դատական նիստից առաջ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցները դատարանի շենքի դիմաց ակցիա են անցկացրել՝ բացելով պաստառներ, որոնց վրա, մասնավորապես, գրված էր․ «Քյուֆթա ծեծեք, ոչ թե կին», «Արդար դատավարություն», «Ծեծը պատիվ չի բերում քյավառցուն»։ Հասմիկ Գևորգյանի խոսքով՝ նիստից հետո ամբաստանյալի ընկերները գողացել են իրենց պաստառները։ Նրանք վարորդին ասել են՝ իբր «աղջիկները պաստառներն են ուզում», որից հետո դրանց վերցրել ու հեռացել են։
Նշենք, որ հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 18-ին, դատարանում ցուցմունք է տալու ամբաստանյալի մյուս քույրը։
Հիշեցնենք, որ առաջին դատական նիստին Հասմիկ Խաչատրյանը մանրամասն պատմել էր ծեծի երեք դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել 2013 թվականի մայիսի 5-ին, նույն ամսվա վերջին և հունիսի 12-ին: Վերջին դեպքից հետո կինը փախել է ամուսնու տանից: Մայիսի 5-ին ամուսինը հարվածել է կնոջ գլխին, ականջին, պահել սառը և տաք ջրի տակ։ Մոտ մեկ շաբաթ, ըստ տուժողի ցուցմունքի, նա անկողնային վիճակում է եղել ու իրեն թույլ չեն տվել տեսակցել հորը վերջինիս ծննդյան օրը՝ մայիսի 12-ին։ Մայիսի վերջին ամուսինը կրկին հարբած է տուն եկել, հարցրել՝ արդյոք կինը գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրել է Հասմիկի ձեռքին։ Հունիսին էլ Հասմիկին ծեծել է ոչ միայն ձեռքերով ու ոտքերով, այլև աթոռով։
Խաչատրյանի ծնողները ևս ցուցմունքներ էին տվել՝ հաստատելով, որ ընտանիքում վեճերը պարբերաբար են եղել, որ աղջիկը անընդհատ փախել-եկել է հայրական տուն, սակայն հետագայում միշտ միացել է ամուսնու հետ, քանի որ երեխաներ ուներ։
Լուսանկարում՝ գործը քննող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյան