Մեկ տարի առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում շարքային Լյուքս Ստեփանյանին սպանելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի հարազատներին ու փաստաբանին դեռևս չի հաջողվել համոզել նրան քանդել բերանի կարերն ու դադարեցնել հացադուլը։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշել է, որ բողոքի այս ձևով արդար դատաքննություն պահանջող իր պաշտպանյալը ինքնազգացողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։
«Նման զարգացումը արդեն վտանգավոր է դառնում՝ թուլացած պառկած է, գրեթե անշարժ, ուժ չունի, ճնշումն իջած է, շատ հազվադեպ համոզելով ջուր են խմացնում», – ասել է Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ պատկան մարմինները պետք է ողջամիտ գտնվեն ու ճիշտ լուծում գտնեն այս հարցին, այլ ոչ թե «մի կողմին հանգստացնելու համար զոհաբերեն մյուսին»։
«Ցավոք, մինչ այս պահը ոչ մի քայլ չեն ձեռնարկել։ Մնում է նորից փորձել Դավիթին հորդորել դուրս գալ հացադուլից, ինքը պետք է համաձայնի, հակառակ դեպքում բժիշկներն էլ անզոր կլինեն ինչ-որ բան անել՝ այս պահին մշակում են վերքերը», – եզրափակել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբանն ասել էր, որ Խաչատրյալնը պահանջում է իրեն դատապարտել իր արածի համար, այլ ոչ թե ձևական քննություն անել։
«Կատարվածը սպանություն չի համարվում, զենքի [հետ վարվելու] կանոնների խախտում է, որն անզգուշությամբ մահ է առաջացրել։ Դավիթը Լյուքսին սպանել չի ցանկացել», – նշել էր Սարգսյանը։