Այսուհետ Հայաստանի քաղաքացիները չեն վճարի չարորակ ուռուցքների վիրահատական բուժման համար: Հունվարի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ մի շարք բուժհիմնարկներում այս վիրահատությունների համար գումարն ամբողջությամբ կվճարի պետությունը՝ շուկայական գներով։
Ըստ Թորոսյանի՝ 2019-ին ուռուցքաբանական ծառայությունների համար մոտ 700 միլիոն դրամի աճ է գրանցվել, որը գումարվել է անցած տարվա 1․1 միլիարդ դրամին․ «Մենք քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը՝ համավճարի մասին է խոսքը: Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը և տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»։