հետագա թարմացումները՝ սեպտեմբերի 20-ի տեքստային լայվում կամ տելեգրամում
02:35 — Բլինքենը զրուցել է Ալիևի և Փաշինյանի հետ. «պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ:»
:01։53 — Ամարասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Ստեփանակերտը հոսանքազրկված է։
01։15 — Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Տեղեկությունը հաստատել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
23։57 — Ժամը 22:30-ի դրությամբ, ըստ ԼՂ ՄԻՊ-ի, Արցախում կա 27 հաստատված զոհ, որոնցից 2-ը՝ խաղաղ բնակիչներ։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Թվերի մեջ ներառված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ նրանց հետ հաստատել դեռ չի ստացվում։
— Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ «ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանը շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ», – գրել է ԼՂ ՊՆ-ն։
23։44 — Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ, հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։
21։36 — Հանրապետության հրապարակում հավաքվածների և ոստիկանների միջև վերջին ծեծկռտուքի ընթացքում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանական շարասյան վրա։ Կոտրվել են Կառավարության շենքի պատուհաններից մի քանիսը։ Կա առնվազն մեկ վիրրավոր քաղաքացի և մեկ վիրավոր ոստիկան։
21:18 — Ժամը 21։00-ի դրությամբ Արցախում կա 138 վիրավոր, որոնցից 29-ը՝ քաղաքացիական անձինք։
20:42 — Արցախում 25 զոհ կա, որոնցից 2-ը՝ խաղաղ բնակիչ։ 20։00-ի դրությամբ առկա տվյալները Ստեփանակերտի դիահերձարանից հայտնել են Արցախի ՄԻՊ գրասենյակին։
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնում» այս պահին գտնվում է 128 վիրավոր, գրել է Արցախի ԱՆ-ը։ «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։
20:16 — Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են, գրել է ԼՂ ՄԻՊ-ը․ «Դրանք են՝ Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն և Ճանկաթաղ»:
19։15 — Երբ Ադրբեջանը հարձակվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնայները խոսում են Երևանին հարկադրված անայլընտրանք որոշումների մասին և սպառնում Նիկոլ Փաշինյանին հաշվեհարդարով։ Ըստ Փաշինյանի, «արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանին ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ»։
տե՛ս Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են
18:59 — Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ»` հայտարարել է Իլհամ Ալիևի գրասենյակը:
Բաքուն վերահաստատել է վերջնագիրը․ «Հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման համար հայկական ապօրինի զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ պարզեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ ապօրինի ռեժիմը պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն»։
18:44 — Հանրապետության հրապարակում հավաքվածները փորձել են գրոհել Կառավարության շենքը, քաշքշուկ է սկսվել ոստիկանների հետ։ ՆԳՆ-ն հորդորել է սադրանքների և հակաիրավական քայլերի դրդող կոչերի չտրվել։
Քննչականից տեղեկացրել են՝ քրեական գործ են հարուցել [«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժման համահիմնադիր] Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ, որի «հայտարարությունները պարունակում են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր»։
18:03 — Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 26-ի, գրել է ԼՂ օմբուդսմենը։ Զոհեր և վիրավորներ կան նաև զինվորական անձնակազմի շրջանում։
17:31 — Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ, գրել է տեղեկատվական շտաբը։
Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդել է՝ այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։
16:18 — ԼՂ օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Արցախում գրանցվել է 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա։
16։08 — «Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է Լեռնային Ղարաբաղի՝ ըստ էության ամբողջ տարածքի հրետակոծությունը, և նաև որոշ ժամանակ անց սկսել է գործողություն՝ ԼՂ շփման գիծը խախտելու և ԼՂ-ում դիրքեր, որոշ տեղեկությունների համաձայն նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ», – հայտարարել է Հայաստանի վարչապետը։
16։00 — «Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտի քաղաքացիական բնակելի թաղամասերը, սա մեր կողքին գտնվող շենք է, որի մերձակայքում ռազմական թիրախ չկա», – թվիթերյան իր էջում գրել է Սիրանուշ Սարգսյանը՝ կից տեսանյութով․
15։37 — Ժամը 13։00-ից Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Շփման գծի ողջ երկայնքով հրթիռահրետանային հարվածներ են և մարտեր։ Բաքվից հայտարարում են, թե թիրախավորում են «միայն ռազմական նշանակության օբյեկտները»։ Արցախցիները գրում են քաղաքային ենթակառուցվածքների խոցման մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն սա «հակաահաբեկչական միջոցառում» է անվանում, Ստեփանակերտից ահազանգում են՝ ալիևյան ռեժիմը «տևական սովից հետո սկսել է արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը»։
ի՞նչ է կատարվում
Պաշտոնական Ստեփանակերտը այսօր ավելի վաղ հերքել էր Բաքվի մեղադրանքները, թե իբր Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակը դիվերսիոն գործողություններ է իրականացրել, որի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղի ունեցած 2 տարբեր պայթյուններից 6 ադրբեջանցի է զոհվել։
Օգտագործելով սա որպես պատրվակ՝ Բաքուն կեսօրից հետո հրթիռահրետանային միջոցներից սկսել է գնդակոծել շփման գծի երկայնքով տեղակայված դիրքերը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ է սկսել ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»:
Սոցցանցերում արցախցիները գրում են, որ իրենց մոտ զանգվածային հրետակոծություն է սկսվել, քաղաքներում կրակոցների ձայներ են լսվում։
Մարտակերտի և Մարտունու բնակիչները իջել են ապաստարաններ։ Կրակոցների ձայներ են լսվում նաև Ասկերանում։ Ստեփանակերտի փոխքաղաքապետը տեղեկացրել է՝ ձայները մայրաքաղաքի ծայրամասերից են գալիս․ «Փորձում ենք մարդկանց մաքսիմում նկուղներում տեղափոխել»։
«Կրակում են, [Ստեփանակերտում] էլ է տրիվոգա միացրած, երեխեքը մանկապարտեզում են, ես Կարոյի հետ հիվանդանոցի ճամփին եմ, ձեները, տե՛ս, գալիս ա, Շուշիի կողմից են իրանք կրակում՝ վերևից, Ստեփանակերտի վրա են խփում, մեկ էլ Շուշքենդի կողմերը։ Գրադով են խփում», – պատմել է ստեփանակերտի բնակիչ Նարինե Դանիելյանը։
Լրագրող Մարութ Վանյանը գրել է․ «Ստեփանակերտի տան իմ պատուհանից ծուխ եմ տեսնում դիմացի բլուրի վրա: Ավտոմատի կրակոցներ մոտիկ, դրոնի ձայն եմ լսում։ Հրետանին արդեն մոտ քառասուն րոպե անդադար կրակում է: Շատ մոտիկ լսում եմ»:
Ադրբեջանի պաշտպանության նախարությունից հաղորդել են, թե «չեն թիրախավորում քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները», մինչ այդ հաղորդել են, թե «գերճշգրիտ զենքերի կիրառմամբ առաջնագծում և խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի խմբավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, նաև ռազմական նշանակության միջոցներն ու օբյեկտները»։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր «վտանգավոր գոտուց բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են հումանիտար միջանցքներ եւ ընդունման կետեր»։
Արցախի տեղեկատվական շտաբից գրել են՝ ադրբեջանական կողմն Արցախում օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
ԼՂ նախկին նախագահի նախկին խորհրդական, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել է․ «ԱԹՍ-ների, հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են: Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել»:
Ռուսաստանը, որը ռազմական ներկայություն ունի Արցախում, ըստ նրա՝ պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար:
ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի
Ադրբեջանի ԱԳՆ պայման է առաջ քաշել՝ «տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը Ադրբեջանի Ղարաբաղ շրջանից հայկական զինված ուժերի անվերապահ և լիարժեք դուրսբերումն է»։
Հայաստանի ՊՆ-ից մինչ այդ հակադարձել են՝ «ադրբեջանական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի ԼՂ-ում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»։
Հայաստանի ԱԳՆ խստագույնս դատապարտել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը» և կոչ արել «միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ:
Միջնորդների կոչերը
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը կոչ է արել «կանգնեցնել արյունահեղությունը Ղարաբաղում և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը»: Զախարովան հավելել է, թե ռուս խաղաղապահները շարունակում են կատարել իրենց գործառույթները Ղարաբաղում՝ չնայած սրացմանը, Մոսկվան էլ «խորապես անհանգստացած է Ղարաբաղում իրադրության կտրուկ էսկալացիայով»։
«Շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Հրադադարի հրատապ անհրաժեշտություն կա, որը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորություն կտա որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոց», – գրել է Եվրամիության ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ափսոսանք հայտնելով ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցիների մահվան առիթով։