Home / Բանակ / «Արծիվ գործընկերն» ու մնայուն Ռուսաստանը․ Արցախում վատ է

«Արծիվ գործընկերն» ու մնայուն Ռուսաստանը․ Արցախում վատ է

Սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկում են հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունները։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությունները շուրջ 10 օր են տևելու, դրանք  կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Հայաստանյան խաղաղապահ բրիգադը մինչ այս աշխատել է Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, որտեղ ներկայացված է եղել սակրավորներով, բուժաշխատողներով, ինժեներներով և այլն։

Զորավարժություններին մասնակցելու է 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական՝ Reuters-ին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը։ Ամերիկյան պատվիրակության կազմում է լինելու նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է՝ զորավարժությունները անցկացվելու են խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում։

«Զառ» կենտրոնը ամերիկյան աջակցությամբ բարեկարգվել և բացվել է անցած տարի։ Այսօրինակ զորավարժություններ Հայաստանում էլի են եղել։ Այժմյան աղմուկը մեծապես պայմանավորված է մեդիայի տրամաբանությամբ և Արևելք-Արևմուտք պրոպագանդիստական ֆոնով։

Պաշտոնական Մոսկվան արդեն իսկ մտահոգիչ է որակել ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը։ «Նման լուրերը մտահոգության տեղիք են տալիս՝ հատկապես ներկա իրավիճակում։ Մենք խորությամբ կվերլուծենք այդ տեղեկությունները», – նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

մնայուն Ռուսաստանը

Զորավարժությունների մասին լուրը տեղավորվում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ղեկավարության չդադարող մեղադրանքների և այդ օրակարգը սպասարկող մեդիաների կոնտեքստում։  

Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը գնալով վատանում է․ Լեռնային Ղարաբաղի խորացող պաշարման ֆոնին ռուսական և ադրբեջանական կողմերը շարունակ խոսում են Աղդամի ճանապարհի գործարկման անհրաժեշտության մասին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը փաստացի այլևս չի գործում, ռուս խաղաղապահները արդեն գրեթե երեք ամիս է՝ նույնիսկ հումանիտար բեռներ չեն մատակարարում Ղարաբաղի բնակչությանը, սեփական կարիքներն էլ հոգում են ուղղաթիռային ներկրումների միջոցով։ Զուգահեռաբար չեն դադարում հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիաները։ Հայաստանը ահազանգում է՝ Մոսկվան իր պարտականությունները չի կատարում ոչ միայն Լաչինի ճանապարհի, այլև երկկողմանի պարտականությունների, ռազմական պայմանագրերի մասով։ Վերջին օրերին խոսվում է Հայաստանի նկատմամբ ռազմական նոր ագրեսիայի հավանականության մասին։

Օրերս իտալական La Repubblica-ի հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի անվտանգային կախվածության, պաշտպանական ոլորտի քաղաքականությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին․ «Երբ գալիս է գործնականում ինչ-որ մեկի կողմից մեր անվտանգությունն ապահովելու պահը, պարզվում է, որ ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կամ չի ուզում կամ չի կարողանում ապահովել», «Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»․․․:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նույն օրը հայտարարել էր, թե «Հայաստանի ղեկավարությունը մի շարք առանցքային հարցերում երկիմաստ դիրքորոշում է որդեգրել»։

«Բոլոր խոսակցությունները, թե [Ուկրաինայում ընթացող] հատուկ ռազմական գործողության ֆոնին արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ Մոսկվայի համար երկրորդական են դարձել, որևէ փաստական հիմք չունեն, դրանք զուտ գնահատականներ են, գուցե անձնական կարծիք կամ հուզական դրսևորում», – ասել էր Մարիա Զախարովան։

Ռուսական արտաքին գերատեսչության խոսնակը «բացարձակապես անհասկանալի» էր որակել նաև Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման մասին դատողությունները՝ «ի՞նչ է, դա Փաշինյանի ցանկությո՞ւնն է։ Նա ցանկանո՞ւմ է, որ այդպես լինի», «նման բառախաղերի վերջը վատ է լինելու»։

Պետական ՏԱՍՍ գործակալությունը ավելի ուշ վկայակոչել էր դիվանագիտական անանուն աղբյուրին, ըստ որի «Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը», չնայած Արևմուտքը «փորձում է արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց»։ 

Վլադիմիր Պուտինի խոսնակն էլ հավելել էր՝ «վերջ ի վերջո չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»։ 

Խոսելով եռակողմ հայտարարությունների կարևորության մասին, Դմիտրի Պեսկովը ընդգծել էր՝ իրավիճակ է փոխվել։

Խոսքը, հավանաբար, Լաչինի միջանցքի մասին է, որը, ըստ 2020 թվականին ստանձնած եռակողմ պայմանավորվածությունների, պետք է գտնվեր ռուսական կողմի լիակատար վերահսկողության տակ, բայց «փոփոխված իրավիճակում» հսկվում է ադրբեջանական զինծառայողների կողմից, որոնք նույնիսկ ռուսներին են արգելում օգտվել այդ ճանապարհից։

Կրեմլը պայմանավորվածությունների փաստացի տապալման համար մեղադրում է Երևանին։ Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է Լաչինի միջանցքում նման իրավիճակ ստեղծվել։ 

«Մոսկվան այժմ հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անարգել մուտքի՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով»՝ սեպտեմբերի 5-ին կրկնել էր Զախարովան և կոչ արել Լեռնային Ղարաբաղի հումանիտար շրջափակումը «անհարկի չքաղաքականացնել»։

Ղարաբաղյան կողմը Աղդամի ճանապարհի գործարկման տարբերակը մերժում է՝ այն համարելով բլոկադային շատնաժի և հարկադիր ինտեգրման քաղաքականության մաս։ Ադրբեջանն էլ հայտարարում է, թե մինչև Աղդամի ճանապարհը չբացվի, Լաչինը փակ է մնալու՝ միևնույն ժամանակ կրկնելով «Լաչինը իրականում բաց է, Ղարաբաղի հայերը ինքնաշրջափակման մեջ են»։ 

տե՛ս Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել

Ադրբեջանի արտգործնախարարը այսօր կրկին հայտարարել է՝ «Ղարաբաղի հայերի միակ ապագան երկխոսությունն է Բաքվի հետ և Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումը», «այլ ուղի պարզապես գոյություն չունի, մնացած բոլոր տարբերակները անօրինական են։ Դա է մեր կարմիր գիծը։ Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ այլևս չեն լինելու»։

ձերբակալե՞լ Պուտինին

Կրեմլում «մտահոգություններ է առաջացրել» նաև Հռոմի ստատուտի հայաստանյան ապագան։

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությունը Ստատուտը ուղարկել է Ազգային ժողով վավերացման: Արդյոք փաստաթղթում վերապահում կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը՝ պարզ չէ։ 

«Ռուսաստանը պարզաբանում է խնդրել հայկական կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ․ մենք կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից», – հայտարարել է Զախարովան։

Հակոբյան-Զելենսկա

Հայ-ռուսական հրապարակային փոխհրաձգության ֆոնին ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Կիևին։ Օգնությունը փոխանցելու է Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանը։

Վարչապետի կինը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին, որն անցկացվում է Օլենա Զելենսկայի նախաձեռնությամբ։