Հայաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Հռոմի ստատուտը՝ Հաագայի դատարանի կանոնադրությունը։
Սա նշանակում է, որ եթե Ազգային Ժողովը նույնպես հաստատի ստատուտը՝ Հայաստանի իշխանությունները պարտավորվում են, օրինակ, կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եթե նա հայտնվի ՀՀ տարածքում։
Միջազգային քրեական դատարանը դեռևս մարտի 17-ին էր Պուտինի նկատմամբ կալանավորման օրդեր տվել։ Սակայն այդ ժամանակ ՍԴ-ն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սահմանադրականությունը դեռ չէր հաստատել։
Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Ըստ ընթացակարգի՝ ստատուտը պետք է դեռ ներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
Հիշեցնենք՝ Հռոմի ստատուտի հարցով Կառավարությունը դատարան էր դիմել 2022-ի դեկտեմբերի վերջին՝ պայմանավորված նրանով, որ «հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով»։
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռևս 1998-ին, բայց չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
Միջազգային քրեական դատարանը քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։
Դատարանը ստեղծվել է Հռոմի ստատուտ կոչվող համաձայնագրի հիման վրա, որին անդամակցում է 123 պետություն։ Տարածաշրջանում այս ստատուտը վավերացրել է միայն Վրաստանը, իսկ Հայաստանը (դեռ վավերացման փուլում է), Ադրբեջանը և գերտերություններից՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը չեն վավերացրել։