Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է արձակել Միացյալ Նահանգների՝ Իրաք իմպերիալիստական ներխուժման հենց 20-ամյակին․ երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները ավելի ցայտուն լինել չէին կարող։
Միջազգային քրեական դատարանը մեղադրում է Պուտինին Ուկրաինա ռուսական ներխուժման մեկ տարվա ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը [Մեծ Բրիտանիաում արքունական փաստաբանի տիտղոս ունի] հայտարարել է, որ «խելամիտ հիմքեր կան պնդելու, որ նախագահ Պուտինը և [երեխաների իրավունքների պաշտպան] տիկին Լվովա-Բելովան քրեական պատասխանատվություն են կրում Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաներին ապօրինի դեպորտացիայի ենթարկելու և Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու համար»: Պարոն Խանը նշել է, որ ենթադրյալ դեպորտացիան «իրականացվել է Ուկրաինայի ինքնիշխանության և նրա տարածքային ամբողջականության դեմ ռուսական ռազմական ագրեսիայի համատեքստում»:
Ռուսաստանի համար ամենահեշտ պատասխանն այն էր, որը տրվեց՝ երեխաները տեղափոխվել են պատերազմական գոտուց իրենց իսկ անվտանգության համար։ Հիմնական խնդիրն այստեղ ոչ թե Պուտինի մեղադրանքի առանձնահատկություններն են, այլ՝ դատարանի բնույթն ու արևմտյան կայսերականության երկակի ստանդարտները։
Կրեմլի խոսնակ Պեսկովը նկատեց, որ Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, «հետևաբար՝ նման որոշումները Ռուսաստանի Դաշնության համար որևէ նշանակություն չունեն և առոչինչ են օրենքի տեսանկյունից»։
Հռոմի կանոնադրությանը, որով 1998 թվականին հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, չի վավերացրել ոչ միայն Ռուսաստանը, այլև Ուկրաինա՛ն: Այս պարագայում ինչպե՞ս կարող է Դատարանը պնդել, որ Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործություններն իր իրավասության տակ են: Շատ պա՛րզ։ Դա անել թույլատրել է Ուկրաինայի կառավարությունը՝ առանց Ստատուտը վավերացնելու։ Նրանք սա կոչում են «կանոնների վրա հիմնված կարգ» (rules based order): Վերաձևակերպելով (Գրաչո) Մարքսին՝ սրանք իմ կանոններն են, բայց եթե դրանք չեն անցնում, ես ուրիշ կանոններ էլ ունեմ:
Երեսպաշտության գագաթնակետին հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նախագահ Բայդենը շտապեց հայտարարել, որ օրդերի արձակումը «հիմնավորված է»՝ հավելելով՝ «նա ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել»: Մտքիս է գալիս հայտնի արտահայտությունը՝ «ձկնորսը ձկնորսին հեռվից է ճանաչում»:
Փոքրիկ պարզաբանում՝ ԱՄՆ-ն ևս չի ստորագրել Հռոմի կանոնադրությունը։ Ավելին՝ Միացյալ Նահանգները Միջազգային քրեական դատարանի մարտնչող հակառակորդն է, նա անգամ օրենսդրություն է ընդունել, որը թույլ է տալիս ռազմական գործողություններ իրականացնել Դատարանի դեմ:
2002 թվականին ԱՄՆ-ն ընդունել է օրենք, որը կոչվում է American Service-Members Protection Act․ այն ուղղակիորեն սպառնում է Միջազգային դատարանին և նրա հետ համագործակցող ցանկացած երկրի, որը կմասնակցի ԱՄՆ քաղաքացիների քրեական հետապնդմանը: Օրենքը թույլ է տալիս ռազմական ուժ կիրառել՝ ազատելու համար Ամերիկայի կամ նրա դաշնակից երկրի քաղաքացիներին, որոնք պահվում են Միջազգային դատարանի կողմից։ Քանի որ դատարանը գտնվում է նիդերլանդական Հաագայում, այդ օրենքը հայտնի է նաև որպես «Հաագա ներխուժման իրավական ակտ»։ Բացի այդ, «օրենքը թույլ է տալիս դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը այն երկրներին, որոնք վավերացրել են Դատարանի պայմանագիրը, և սահմանափակում է ամերիկյան մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին, քանի դեռ Միացյալ Նահանգներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն չի շնորհվել»:
Այստեղ մենք տեսնում ենք ամերիկյան իմպերիալիզմի մերկ երեսպաշտությունը։ «Միջազգային իրավունքի» իրական բնույթը միանգամայն պարզ է դառնում։ Ինչպես ՄԱԿ-ի բանաձևերը՝ այնպես էլ միջազգային այլ հաստատությունները ԱՄՆ իմպերիալիզմը կօգտագործի որպես թզենու տերև՝ ծածկելու իր մերկ շահերը, իսկ երբ դրանք չեն ծառայում այս նպատակին կամ դեմ են Վաշինգտոնի ծրագրերին, դրանք մի կողմ կնետի որպես աննշան անհարմարություն: Կամ, ինչպես այս դեպքում է, կսպառնա ռազմական ուժով։
Գուցե մտածեք, որ սա դատարկ սպառնալիք է, բայց դա, իհարկե, այդպես չէ: 2020-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել պարոն Խանից առաջ պաշտոնավարած ՄՔԴ դատախազ տիկին Ֆաթու Բենսուայի հանդեպ: Նրա բանկային հաշիվները փակվել են, կրեդիտ-քարտերը սառեցվել են, նրա ընտանիքի անդամները նույնիսկ տեսել են, ինչպես են բանկերն առգրավում իրենց ակտիվները ԱՄՆ գանձապետարանի կողմից ընդունված պատժամիջոցներից անմիջապես հետո:
Ի՞նչ էր նա արել, որ դարձել էր «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար անսովոր և արտառոց սպառնալիք»: Որպես ՄՔԴ դատախազ, նա փորձել էր քրեական հետապնդման առարկա դարձնել Աֆղանստան ներխուժման ընթացքում ԱՄՆ-ի պատերազմական հանցագործությունները: Չլսվա՛ծ մի բան: Անընդունելի՛։ Չէ որ ԱՄՆ-ը պատերազմական հանցագործություններ չի կատարում, այլ ուրիշներին է մեղադրում դրանց մեջ: Այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Միջազգայն քրեական դատարանը որակեց «ուխտադրուժ, անօրինական այսպես կոչված դավաճան, անօրինական դատարան»:
Հաագայի դատարանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող նախագահական օրդերի ձևակերպումները հետաքրքիր է կարդալ. «…ՄՔԴ-ն և Հռոմի կանոնադրության անդամները պետք է հարգեն Միացյալ Նահանգների և այլ երկրների որոշումները՝ սուվերեն նախապատվություններին համապատասխան իրենց անձնակազմին ՄՔԴ-ի իրավասությանը չենթարկելու հարցում»:
Այսպիսով, ԱՄՆ-ը պատրաստ է ՄՔԴ-ի հետ պատերազմի մեջ մտնել, որպեսզի պաշտպանի ինքն իրեն և իր դաշնակիցներին (գործը ներառում էր նաև Իսրայելի պատերազմական հանցագործությունների հետաքննությունը) ցանկացած միջամտությունից… բայց պատրաստակամ է քաջալերեն Միջազգային դատարանին, երբ այն միջամտում է իր թշնամիների, այս դեպքում՝ Ռուսաստանի, «սուվերեն նախապատվություններին»։ Սա աղաղակող երեսպաշտության դասագրքային սահմանում է։
Վերջապես, մի քիչ երկմտելուց հետո, նախագահ Բայդենը հետ է կանչել ՄՔԴ-ի և դատախազ տիկին Բենսուայի նկատմամբ պատժամիջոցները, բայց միայն այն բանից հետո, երբ նրան փոխարինել է պարոն Խանը։ Միացյալ Նահանգները այնուհետև հայտարարել է, որ իրենք ամեն դեպքում թույլ չեն տա դատարանին հետապնդել Միացյալ Նահանգներին և Իսրայելին պատերազմական հանցագործությունների համար:
Պետքարտուղար Բլինքենը հայտարարել է. «Միացյալ Նահանգները վճռականորեն դեմ է Պաղեստինի իրավիճակի ՄՔԴ հետաքննությանը: Մենք կշարունակենք պահպանել մեր ամուր նվիրվածությունը Իսրայելին և նրա անվտանգությանը, այդ թվում՝ հակազդելով գործողություններին, որոնք անարդարացիորեն փորձում են թիրախավորել Իսրայելը»:
Տեսնում եք՝ կան պատերազմական հանցագործություններ, որոնք կատարվել են ԱՄՆ իմպերիալիզմի և նրա ընկերների կողմից, և դրանք տարբերվում են հանցագործություններից, որոնք կատարվել են Վաշինգտոնի թշնամիների կողմից:
Աֆղանստանում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2017 թվականին մեկնարկած ՀՔԴ հետաքննությունը փոշոտվում է ինչ-որ մեկի սեղանին: Աֆղանստանի գործով ՀՔԴ-ի վերջին պաշտոնական փաստաթուղթը զոհերի իրավահաջորդների ներկայացուցչի բողոքարկումն է՝ ընդդեմ նրա, որ Միջազգային դատարանը «ոչ առաջնահերթ» է ճանաչել հետաքննության այն մասը, որը վերաբերում էր ԱՄՆ անձնակազմի կատարած ռազմական հանցագործություններին և այդպիսով հասկացրել է, որ հնարավոր ռազմական հանցագործությունները բացահայտելու համար «ակտիվ նախաքննություն չի վարելու»։ Մյուս կողմից՝ Ուկրաինայում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային դատարանի հետաքննությունը ընթանում է լույսի արագությամբ․ ընդամենը մեկ տարվա ընթացքում ձերբակալման օրդեր է տրվել է: Երկակի սնանդարտների և՛ս մեկ դեպք։
Ինչպես սկզբում նշվեց՝ Պուտինի ձերբակալման օրդերը համընկել է Իրաքի պատերազմի 20-ամյակի հետ: Դա, միջազգային իրավունքի բոլոր ստանդարտով, ապօրինի պատերազմ էր (առաջին ներխուժումն այդ երկիր իրականացվեց ՄԱԿ-ի դրոշի ներքո, բայց 2003-ի ներխուժումը եղավ կոալիցիոն ուժերի` «coalition of the willing» կողմից):
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների տարատեսակ պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները և այլ չարաշահումները լայնորեն փաստագրված են: Ըստ Amnesty International-ի՝ Վաշինգտոնը ձախողել է ԱՄՆ ուժերի կատարած մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու պատերազմական հանցագործությունների պատշաճ հետաքննությունը և պատասխանատվության չի ենթարկել իրավասու անձանց, այդ թվում՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին և հրամանատարներին:
Ո՛չ ԱՄՆ նախագահը, ո՛չ էլ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը երբևէ պատասխանատվության չեն ենթարկվել, ո՛չ էլ ՄՔԴ-ն է նրանց ձերբակալման որևէ օրդեր տվել:
Այդ հանցագործությունների մի մասը բացահայտվել են [ոչ թե հետաքննության, այլ] խիզախ [նախկին ԱՄՆ զինվորական] Չելսի Մանինգի շնորհիվ, որը «պարգևատրվել է» 7 տարի բանտարկմամբ, և խիզախ լրագրողների շնորհիվ, որոնք հրապարակել են այդ արտահոսքը՝ օրինակ, Ջուլիան Ասանժի, որը 4 տարի է անցկացրել խիստ ռեժիմի բանտում, իսկ դրանից առաջ՝ 7 տարի պահվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Եթե վերջիվերջո նա հանձնվի ԱՄՆ-ին, իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում:
Միջազգային քրեական դատարանը առ այսօր հետապնդել է միայն այն պատերազմական հանցագործներին, որոնք պարտվել են պատերազմներում, տապալվել են իրենց երկրներում կամ ԱՄՆ-ի կողմից համարվել են թշնամի: Պատերազմական մյուս հանցագործները, օրինակ՝ ԱՄՆ նախկին կամ ներկա նախագահները և նրանց ընկերները, երբեք չեն հետապնդվում: Նրանցից ոմանք ստանում են Խաղաղության Նոբելյան մրցանակներ:
Հարցն այն չէ, թե արդյոք Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, այլ այն, թե արդյոք Արևմուտքին հարմար է քարոզչական տեսանկյունից օգտագործել Միջազգային քրեական դատարանը՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Ջորջ Մարտին
անգլերեն բնագիրը՝ marxist.com