Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Մինչ այդ նրանք նստացույց էին անում կառավարության շենքի մոտ, հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Իրենց ստի պատճառով որոշեցինք փակել փողոցը։ Ասում էին՝ հեսա կգան, հեսա կընդունեն։ Այդ հեսան երկու ժամ է՝ չի վերջանում։ Այսպե՞ս են հարց լուծում, այսքան ոստիկան են բերել, լցրել․․․Ցույցը շարունակելու ենք այնքան, մինչեւ մեկը բժժի էս արևի տակ, ընկնի։ Ինչքան կարողանանք, այնքան փակ ենք պահելու փողոցը։ Հիմա իմ երեխան ավելի վատ վիճակում է, ո՞վ է մտածում նրա մասին», – ասել է Բաղրամյանը փակած մայրերից մեկը։
«Քիմիկների» զորամասի տղաների անունները Ադրբեջանում պահվող հայ զինվորականների ցանկում չկան։ Ծնողներից շատերը, ամեն դեպքում, վստահ են՝ իրենց որդիները գերի են ընկել և տարվել Բաքու։
տե՛ս Տեսե՞լ ես մի մեծահարուստի երեխա զոհվի․ անտեսված ծնողները կրկին փողոցում են
Նրանք վրդովված են հայաստանյան պաշտոնյաների անտարբերությունից, ասում են՝ արդեն երեք տարի է զուտ արհամարհում են իրենց։
«Որ դուռը գնում ենք, ոչինչ չեն անում մեր երեխաներին գտնելու համար։ 40 երեխա տարան կորցրեցին, ոչ մեկին հետաքրքիր չի մեր երեխաների ճակատագիրը»։
«Երեք տարի է արդեն՝ որ դուռը գնում ենք, արդեն զզվում են մեզնից, չեն ուզում մեր երեսը տեսնեն։ Ասում են՝ լռեք, լռեք, լավ կլինի։ Ինչքա՞ն լռենք»։
«Մենք լավ գիտենք, որ մեր երեխեքը անհետ կորած չեն, իրենց բռնի ուժով գերի են տարել: Մենք փաստեր, վիդեոներ ունենք: Այդ տարածքում ԱԹՍ-ներ չեն տրաքել, որ ԱԹՍ-ից մասունքների վերածվեն, չկարողանան հետ բերել: Այն, ինչ իրենց աշխատանքն է, չեն արել, մե՛նք ենք արել ու հասել այդ ամենին: Մենք իրենցից ոչ հաց ու ապրուստ ենք ուզում, ոչ էլ ասում՝ մեզ պահեք։ Իմ երեխուն բեր տուր ինձ: Երբ ես իմ տղայի գերության փաստերը ներկայացրեցի Քննչական ու ԱԱԾ, բացարձակ ոչինչ չարեցին: Իմ հարսը երկու գիշեր լացելով նստել է, նույնականացրել է այն հագուստը, որ իր ամուսինը հագել, գնացել է, տեսանյութում գերի ընկած զինծառայողի հագուստի հետ: Ինքը կարողացել է հաստատել, որ դա իր ամուսինն է: Մենք տարբեր տեղ ուղարկել ենք մեր բողոքները, ոչ մի անգամ չենք ասել, որ մենք սխալ ենք»։
Պաշտոնական վարկածի համաձայն, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան, ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին իմացել է, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, բայց օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել և վերադարձել Կապան։
Արդյունքում 62 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, նրանցից միայն 22-ն են կարողացել դուրս գալ։ 5 հոգի գերեվարվել է (Ադրբեջանը նրանց գերեվարման փաստը հաստատել է), 11-ը զոհվել է, 24-ի գտնվելու վայրը առ այսօր անհայտ է մնում։
Ծնողների երկարամսյա պայքարից հետո մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին և զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։
տե՛ս Աղքատների երեխեքն են կորել ու զոհվել՝ իրենց համար․ ցույցերը չեն դադարելու
Առ այսօր 24 անհետացած զինվորների մասին լուր չկա։
Մի քանի ժամ Բաղրամյան պողոտայում մնալուց հետո նախագահականից տեղեկացրեցին, որ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպում կկազմակերպեն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։ Բաղրամյանը փակած կանայք բացեցին պողոտան։ Որոշեցին, որ մի շաբաթ էլ կսպասեն, և եթե հանդիպումը չկայանա՝ կվերադառնան փողոց։
Պատերազմից հետո «Քիմիկների» զորամասի անհետացած զինծառայողների հարազատները բողոքի ցույցեր էին անում Պաշտպանության նախարարության և Կառավարության մոտ։ Պատմում էին, որ վերջին անգամ իրենց որդիների հետ խոսել են հոկտեմբերի 19-20-ին։ Բողոքում էին Քննչականի անգործությունից, ասում էին՝ իրենց որդիների անհետացման մասին տեղեկությունները ինքնուրույն են հավաքել, խոսել են նրանց ողջ մնացած ծառայակիցների, հրամկազմի հետ, տեսանյութեր են հավաքել ադրբեջանական պրոպագանդիստական ալիքներից:
Զինծառայողներից մեկի հայրը պատմում էր․ «Արսեն Աբգարյանին՝ կամանդիրին, գեներալ Անդրանիկ Մակարյանը ստիպում է, թե պետք է տանես։ Արսեն Աբգարյանը պատասխանում է՝ «պարոն գեներալ, մենք ոչ զինամթերք ունենք, ոչ կասկա ունենք, ոչ բրոնեժիլետ․ ո՞ւր գնանք»։ Ասում ա՝ «դուք գնացեք, ես ձեր հետևից զինամթերք էլ կբերեմ, կասկա էլ»։ Տանում են տղերքին, մտցնում են զասադի մեջ․ ինքը գալիս՝ տեսնում է, որ տղերքը արդեն բոյ են տալիս՝ 50 հոգով 500 հոգու դեմ։ Ու ընտեղից պարոն գեներալը դառնում է շոշն ու փախնում։ Եթե գեներալը փախնում է, սպան ու զինվորն ի՞նչ պետք է անեն։ Հարցնում ենք՝ «պարոն գեներալ, ինչի՞ չգնացիք օգնեք տղաներին»։ Ասում ա՝ «եթե գնայի, ինձ կխփեին, էտ վախտ ո՞վ պետք է գար ձեզ պատմեր՝ ինչ ա եղել»»։
Մայրերից մեկն էլ հավելում․ «Ասում ենք՝ պարոն գեներալ, արի մեզ հետ հանդիպման։ Գեներալը չի գալիս։ Ասում ա՝ «էնտեղ մարդիկ կան, որ ուզում են դանակով ինձ խփեն, դրա համար չեմ գալիս»։ Հլա նրա պատասխանին։ Արա, երեխին տանում ես ԴՇԿ-ին դեմ ես հանում, երեխեքը՝ 18 տարեկան, 20 տարեկան, 30 տարեկան, չեն վախենում, դու՝ գեներալդ, մեզնի՞ց ես վախենում»։
Ծնողների բողոքների հիման վրա գեներալին ավելի ուշ մեղադրանք են առաջադրել ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում», երեք սպաներին՝ զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ, զորամասի համալրման բաժանմունքի պետ, հանցակցության և այլ հոդվածներով: Քրեական գործն անցյալ տարի ուղարկվել է Սյունիք մարզի դատարան։