Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Կառավարության մոտ էին:
Նրանցից շատերի որդիները ծառայել են Էջմիածնի զորամասում, պատերազմի ընթացքում՝ տեղափոխվել, նախ, Մեղրի և Կապան, հետո՝ Ղարաբաղ։ Զանգելանի մարտերից հետո հարազատները տղաների մասին լուր այլևս չունեն։ Նրանց հետ նույն տեղում ծառայած պահեստազորայինի՝ գերությունից վերադառնալուց հետո ծնողները համոզված են, որ իրենց երեխաները ևս գերեվարված են։
Մնացածի զավակները անհետացել են պատերազմի տարբեր շրջաններում՝ մարտական գործողությունների տարբեր վայրերից։ Որոշ ծնողներ պնդում են, որ տեսել են իրենց որդիներին գերիների մեջ՝ համացանցի ադրբեջանական տիրույթում հրապարակված տեսանյութերում։ Մեծ մասը, սակայն, որևէ տեղեկություն երեխաներից չունի։
Կեսօրին մեկնարկած բողոքի ցույցի մասնակիցները պնդում էին, որ մնալու են այնքան ժամանակ, մինչև որևէ հստակ պատասխան ստանան։
Ցույցի մեկնարկից ժամեր անց զինծառայողների հարազատները փակեցին Տիգրան Մեծի պողոտան։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո փողոցը բացվեց։ Հարազատները հանդիպման մանրամասները լրագրողներին չպատմեցին։ Նշեցին, որ քննարկումից գոհ են․ «Պարզ, մարդավարի հանդիպում էր։ Մանրամասներ ասել չեմ կարող։ Այսօր ակցիան կդադարեցնենք»։
Երեկոյան ժամը 7-ի սահմաններում բողոքի ցույցը ավարտվեց։
— Տղաս Էջմիածնի քիմիկներից է։ Նույն զորամասից 40 հոգի են՝ չկան։ Իրանց հետ ծառայողներից մեկը՝ մոբ, գերի էր։ Որ իմացանք՝ հետ է եկել Հայաստան, մտածեցինք՝ երևի մերոնք էլ են գերի։ Իմ երեխեն ոչ մի վիդեոյի մեջ չկա։ Բայց գերությունից վերադարձած պահեստազորայինը պատմում էր, որ նույն կամեռի մեջ 4 ուրիշ գերիների էլ են պահել։ Էլի հաստատվածների մեջ չկան։ Եթե չհաստատվածները շատ են, մենք արդեն հույս ունենք, որ մեր երեխեքն էլ են իրանց մեջ։
— Գերիների տվյալները մենք ծնողներով ենք հայթայթել։ Գիտենք, որ 280 գերի ունենք։
— Այդ թիվը դուք որտեղի՞ց եք վերցրել։
— Ադրբեջանական կայքերից, համացանցում հրապարակված վիդեոներից։ Մեկս մեկին ուղարկել ենք․․․ Իմ տղան չի երևում, բայց շորով ճանաչել ենք, մտածում ենք, որ ինքն է։
— Մենք խնդրում ենք, որ Եվրադատարանը, Կարմիր խաչը պաշտոնապես հաստատեն, որ մեր գերիները Ադրբեջանում են։ Որ կարողանան հետ գալ։ Չեն հաստատում։
— Ես Փաշինյանի հետ հանդիպում չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ գերիներին հաստատեն։
— Կա՞ մի հատ ղեկավարի երեխա, որ անհետ կորած է։
— Մի անգամ գոնե դուռս ծեծեն, ասեն՝ մենք քո երեխուն կորցրել ենք, տարել անզեն հանձնել ենք գրավված տարածք․․․
— Տարել են կրակի բերան։ 40 երեխու կյանք․․․ Գեներալ Մակարյանի մոտ մտնում ենք, ասում է՝ վրիպում է եղել։
— Աղքատի երեխեքն են կորել ու զոհվել, որ իրենց համար բարեկեցիկ կյանք լինի։
— Էսօր մենք մեր թշնամուն էլ պիտի գնանք ու ծնկաչոք խնդրենք, որ մեր երեխեքին հետ տան։ Մենք չունենք ղեկավարություն։
— Դե հո չեն ասելու՝ ոչ մի բան չենք անում, նստած ենք։ Պարզ ա՝ աշխատում են․․․
— Մտածում եմ՝ ինչի միջով ա իմ տղան անցել։ Նույնիսկ պատրոն ձեռքներին չկար։
— Ծառայակիցներից մեկը ասում է՝ կարկուտի պես սմերչից ու սամալյոտից թափում էր, հրացանը խտտում՝ սպասում էինք, երբ ա մեզ հասնելու։
— Մենք պատրաստ ենք օրերով, գիշերներով պատերի տակ մնանք, որ մեր երեխեքի հարցը լուծվի։
— Կառավարությունը անզոր է այս ամեն ինչի դեմ։
— Թոռս զոհվել է Մատաղիսում՝ ժամկետային ծառայող։ Պատերազմի ժամանակ տղաս, իրա հոպարը, գնաց հետևից։ Ջաբրայիլի մոտից ինքն էլ կորել ա։ Քանի՞ ամիս ա անցել։ Նույնսիկ երեխու մոտ չհասավ։
— Կնոջս հետ ամեն օր գնում ենք Եռաբլուր։ Ես մենակ իմ Լևոնի ու Արամի համար չեմ լացում, մեր սաղ փոքր երեխեքի համար եմ լացում, որ գնացին զոհվելու՝ չգիտեմ ինչի համար։
— Իմ տղան արդեն մի քանի ամիս է՝ անհետ կորած է։ Ինքը չկա, ավտոյի ակտերն ենք մուծում։
— Իմացանք, որ մեր տղան հաստատված է որպես գերի։ Եվրադատարանը թուղթը տվել է արդեն։ Ցանկանում եմ այդ տարոսը բոլորին լինի։
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի