Ղարաբաղի Քննչական կոմիտեում քննվում է հուլիսի 8-ին Մարտակերտում մահացած երկու մանկահասակ երեխաների գործը։ Նախնական վարկած դեռ չկա։ 3-ամյա տղան և 6-ամյա աղջիկը հունիսի 7-ին դուրս են եկել Աղաբեկալանջի իրենց տնից և ոտքով շարժվել դեպի Մարտակերտ։ Մայրը պատմել է՝ հումանիտար օգնություն ստանալու համար առավոտյան քաղաք է իջել, երեխաները, հավանաբար, գնացել են իրեն փնտրելու։ Մի ամբողջ օր քայլելուց հետո նրանք մտել են փողոցում կայանած մեքենաներից մեկը, փակել դռները և քնել։ Տեղացիները ենթադրում են, որ ամառվա շոգին անօդ տարածությունում երեխաները խեղդվել են։
3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մայրը՝ Վերա Նարիմանյանը պատմել է, որ այդ օրը Մարտակերտ է գնացել ձեթ-շաքարավազ ստանալու համար։ Ղարաբաղում բենզին չկա, մարդիկ հաճախ ոտքով են տեղաշարժվում։ Երեխաներին կինը թողել է տանը՝ Մարտակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աղաբեկալանջում․ «Ոչ ձեթ կա, ոչ պեսոկ կա։ Ես էլ առանձին էի ապրում իմ էրեխեքի հետ։ Տղաս քնած ա, աղջիկս տունն ա, ասի՝ դու նայի, ես գնամ օգնությունը ստանամ, շուտ գամ։ Էդ կես ժամվա ընթացքում էրեխեքը կորել են»։
Լեոն և Գիտան միայնակ քաղաք են հասել, ճանապարհին տեսախցիկն էլ է ֆիքսել նրանց։ Ինչպե՞ս է ստացվել, որ նրանց ոչ ոք չի նկատել կամ չի կանգնեցրել՝ պարզ չի։ Մոր խոսքով՝ ինքը կեսօրից հետո է իմացել, որ երեխաները տանը չեն, սկսել է փնտրել։ Երեկոյան դիմել է ոստիկանություն. «Սաղ գիշեր ոստիկանության հետ, պաժառնիի հետ, բանակի հետ ման ենք էկել, չենք ճարել»։
Ըստ նրա, գիշերը 11-ից 15 պակաս Մարտակերտում մի վաճառող է տեսել երեխաներին, պաղպաղակ է հյուրասիրել, ասել է, որ կօգնի գտնել մամային, մինչև փորձել է կապ հաստատել ոստիկանության հետ, նրանք անհետացել են։ Արդեն առավոտյան երեխաների մարմիններն իր մեքենայի մեջ է գտել մարտակերցի Արա Գրիգորյանը։
ԲեԷմՎեն կայանած է եղել փողոցում։ Դիմացի դուռը կողպված չի եղել։ Երեխաները մտել են մեջը և ենթադրաբար քնել։ Դռներն ու պատուհանները փակ են եղել։ «Սաղ փակ է եղել, մեջը մի հատ օդ չի եղել։ Էդ օրը 30 աստիճան տաք էր, պատկերացրեք ավտոյի մեջին ինչքան ա եղել տաք», – «Ազազտությանը» պատմել է տղամարդը։
Արա Գրիգորյանը ասում է, որ երեխաների մորը չի ճանաչում։ 40-ամյա տղամարդը միայնակ 6 և 10 տարեկան տղաներին է խնամում։ Նրա կինը մնացել է Երևանում, շրջափակման պատճառով ամիսներով կտրված է ընտանիքից։ Պաշարված Ղարաբաղում ամեն օր չլուծվող նոր խնդիրներ են ստեղծվում։
Մանկահասակ երեխաների մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու և երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու հոդվածներով։ Մեղադրյալ չկա։ Մահվան նախնական վարկած էլ չկա։ Դեռ նախաքննում են։
Վերա Նարիմանյանը երեխաների միակ խնամողն էր։ Մինչև 44-օրյա պատերազմ ընտանիքը Աղդամում էր ապրում։ 2020-ին տեղավորվել են Մարտակերտում։
Արցախի սոցիալական զարգացման նախարարությունից ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ մինչև 44-օրյա պատերազմի սկիզբը երեխաները Ստեփանակերտի գիշերօթիկում են խնամվել, պատերազմի ընթացքում տեղափոխվել են Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղեր։ Պատերազմի ավարտից ամիսներ անց, երբ նրանց հետ են բերել Ղարաբաղ, Վերա Նարիմանյանը երեխաներին վերադարձնելու ցանկություն է հայտնել։
Գիշերօթիկում ապրել են մահացած աղջիկը՝ Գիտան, և նրա ավագ քույրը՝ 7-ամյա Զիտան, որ այժմ մոր հետ է։ Նրանց մայրն այդ ժամանակ բանտարկված էր՝ պահվում էր Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Լեոն հենց այնտեղ է ծնվել։