հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են

Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են

Արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի զինված ուժերը հրետանակոծում են Լեռնային Ղարաբաղի՝ ըստ էության ամբողջ տարածքը, փորձում խախտել շփման գիծը, վերահսկողության տակ առնել դիրքեր և, որոշ տեղեկությունների համաձայն, նաև բնակավայրեր: Ադրբեջանը այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։

տե՛ս Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի հայերի վրա (թարմացվող)

Ռուսաստանը խոստովանում է

«Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, սա պաշտոնական Ադրբեջանի վարկածն է, Ադրբեջանից եկած տեղեկատվություն է, բայց փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որեւէ տեղեկություն չենք ստացել», – նշել է Հայաստանի վարչապետը։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը, մինչ այդ, հայտարարել է, թե «հակաահաբեկչական օպերացիայի» մեկնարկի մասին ադրբեջանական կողմը ռուսական զորախմբին տեղեկացրել է ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։

Երկրորդելով Հայաստանի արտաքին գերատեսչությանը՝ Փաշինյանը կոչով դիմել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

«Արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։ Բայց ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է եւ շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովումը», – նշել է Հայաստանի վարչապետը։

Խոսքը, հավանաբար, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարության և նրան ավելի ուշ միացած՝ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մասին է։

Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն խնդրանքին՝ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Իսկ ի՞նչ անենք պաշտոնական Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով»։

Սա նոր թեզ չէ։ Արդեն տևական ժամանակ է՝ պաշարված Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող վիճակի պատասխանատվությունը Մոսկվան փորձում է բարդել Երևանի վրա։ Հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հետևանքն է նրա, որ Հայաստանի վարչապետը Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ չնայած ռուսական առաջարկները՝ առկախել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը, անցյալ տարի կտրականապես մերժվել էին (ոչ թե հայկական, այլ) ադրբեջանական կողմից, պաշտոնական Մոսկվան այդ մասին նախընտրում է պարզապես չհիշել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս արձագանքել էր այս մեղադրանքներին՝ եթե ինքը չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 2022-ի սեպտեմբերյան հարձակումը կանխել չէր լինի. «2022-ի օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարածաշրջան է բերել ռուսական առաջարկությունը, ըստ որի՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Խովաևը պատասխանը ստանալու համար տարածաշրջան է եկել սեպտեմբերին, սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն ՀՀ-ի գրավոր և բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ և պայմանագրով սահանված պարտավորությունները, չեն արձագանքել: Հոկտեմբերի 6-ին Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ընդունելու վերաբերյալ: Այդ որոշումը ՀՀ-ն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է ՀՀ տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, ՀՀ-ն պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը»:

Այսօր, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ, Զախարովան կրկին հիշել է «Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչելու» անայլընտրանք այս որոշման մասին։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ավելի հեռուն է գնացել՝ գրեթե խոստովանելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը հասցեական պատիժ է Նիկոլ Փաշինյանին։

«Մի օր եղբայրական երկրից իմ մի գործընկեր ասաց ինձ․ «Դե ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»։ Ես պատասխանեցի այն, ինչ պիտի պատասխանեի․ «Կենսագրությամբ չենք դատելու, այլ արարքներով»։ Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը թխվածքաբլիթներով ցուցադրորեն գնաց մեր թշնամիների մոտ։ Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում», – գրել է բարձրաստիճան ռուս պաշտոնյան։

Ադրբեջանն էլ է խոստովանում

Ադրբեջանի հայտարարությունը, թե «մարդասիրական միջանցք են թողնելու» խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար, Նիկոլ Փաշինյանի իր ուղերձում էթնիկ զտումների ուղիղ գործողություն է որակել։

«Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն, և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։

Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել։ Եվ այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկ», – նշել է Հայաստանի վարչապետը։

Բաքուն, մինչ այդ, պայման է առաջ քաշել՝ «խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը» Ղարաբաղից «հայկական զինված ուժերի անվերապահ և լիարժեք դուրսբերումն է»։

Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր հատուկ շեշտում են, թե իբր Բաքուն «հարվածներ է հասցնում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումների ուղղությամբ»։ «Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք Հայաստանի՛ն և Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները»։

«Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ՛։ Եվ ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», – կրկնել է Հայաստանի վարչապետը։

Ներքին և արտաքին որոշ ուժեր, ըստ նրա, անպայմանորեն ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ․ «Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են»։

Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով իրադրությունն այս պահին հարաբերականորեն կայուն է՝ շեշտել է Փաշինյանը։ Այնուամենայնիվ, «այս գործողության հիմնական թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողության մեջ ներքաշելն է»։

Ինչպես և սպասվում էր, այսօր տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում անելու կոչեր։ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանի պետությունը այս պայմաններում պետք է արձագանքի օրենսդրությամբ սահմանված կարգով․ «Բայց այս իրավիճակում շատ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և Հայաստանի ժողովրդից, որը պետք է սթափ և սառը վերաբերվի, ինչքան էլ որ դժվար է, ստեղծված իրավիճակին»։