«Հայրենիքի փրկության շարժման» մի շարք անդամներ նոր շարժում են ձևավորել։ Կոչվում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության»։
Շարժումը առաջնորդում են հանրապետական նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով նեղ շրջանակներում հայտնի է որպես «Իրավունք» թերթի խմբագիր, և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով Գագիկ Ծառուկյանի «ղազագրերի» հանրայնացումից հետո՝ 2020 թվականի փետրվարի 2-ին, դուրս է եկել Բարգավաճ Հայաստան խմբակցությունից և ներկայանում է որպես «անկախ պատգամավոր»։ Բաբուխանյանի «ՍԻՄ» և Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունները համատեղությամբ՝ 16+-ի կազմում, մասնակցում են նաև «Հայրենիքի փրկության շարժմանը»։
Նորաստեղծ շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Եվ պայքարում է «հանուն Ռուսաստանի հետ նոր միության»։ Հիմնադիր համագումարը տեղի ունեցավ այսօր՝ Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում։
Հանուն նոր միության այս շարժումը, ինչպես հայտարարեց Բաբուխանյանը, «ապաքաղաքական է»․ իրենք պարզապես լույս են փնտրում այս խավարի մեջ և «տեսնում են ուժեղ Հայաստանը… Ռուսաստանի հետ, տեսնում են նոր միությունը… Ռուսաստանի հետ»:
Բաբուխանյան՝
Ուրիխանյանը խոսեց «100 հազարից» ավելի արտագնա աշխատողների մասին, որոնք այս տարի չկարողացան մեկնել Ռուսաստան, Զվարթնոցում կանգնած մարդկանց, Ռուսաստանից տրանսֆերների և սահմանին կանգնած զինվոր ունեցող դահլիճում ներկաների մասին։ Հարցրեց՝ կա՞ հնարավորություն լուծել հարցերը առանց Ռուսաստանի հետ նոր միութենական պետության։ Ու պատասխանեց՝ չկա։ Ընթացքում հիշատակվեց «կապիտուլիացոն» համաձայնագիրը և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտությունը։ Պատգամավորը սահուն անցում արեց դեպի ռեպրեսիաներ, «օտարերկրյա գործակալական ցանցեր» և «Սորոսի գրասենյակ»։
«Այո, մենք ուզում ենք, որ մեր երեխաների փոխարեն մեր սահմանները պահեն նրանք, ովքեր դաշնակցային հարաբերություններով մեզ հետ կապակցված են», – եզրափակեց պաշտոնյան՝ հիշատակելով Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները, որոնք պահվում են ռուսական զորամիավորումների «ներկայությամբ»։
Ուրիխանյան՝
Ուրիխանյանի ելույթից հետո խոսափողը փոխանցվեց «կազակական գնդապետ» Անդրեյ Ժիգովին, ով ժամանել է Ռուսաստանից՝ ողջունելու «նոր միությունը»։
կազակական գնդապետ՝
Ելույթ ունեցավ նաև «Ռուսաստանի հերոսների խորհրդի» անդամ Օլեգ Կրյուգովը, ով նշեց, որ ինքը «վոյին» է, ոչ թե քաղաքական գործիչ, և չի կարողանում երկար և գեղեցիկ խոսել, բայց ողջունում է հայ ժողովրդին։
Օլեգ Կրյուգով՝
Ռուս հյուրերից հետո ելույթ ունեցան Արցախի նախկին վարչապետ (1999-2007) Անուշավան Դանիելյանը և ոմն Իրինա Ծատուրյանը (վարողները նրան ներկայացրեցին զուտ անուն-ազգանունով)։
Արցախի նախկին վարչապետ՝
Ելույթները ամփոփեց «Ղրիմի աշխարհազորայինների միության» նախագահ Արմեն Մարտոյանը, որը առաջնորդում էր նաև համագումարին հաջորդած քայլերթը։ Վերջինս նշեց, որ ունի երկու հայրենիք․ մեկը Հայաստանն է, մյուսը՝ Ռուսաստանը, և դրանց միությունը այլընտրանք չունի։
Ղրիմի աշխարհազորային՝
Հայտարարվեց, թե 2018 թվականի «հեղաշրջումը» կազմակերպված էր «արևմտյան հատուկ ծառայությունների կողմից» և որ «նրանք, ովքեր կողմ են Ռուսաստանի հետ միութենական պետության ձևավորմանը, կողմ են ուժեղ և ինքնիշխան Հայաստանին»։
«Շարժման» ծրագրային դրույթներից է Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի՝ «ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելը», «Արցախի հարցը լուծել վերոհիշյալ միության կազմավորման շրջանակներում», փակել «Սորոսի հիմնադրամը և նման ազգաքայքայիչ գրանտակեր կառույցները» և «սահմանել օտարերկրյա ագենտի կարգավիճակ»։ Համագումարը ավարտվեց։
Թատրոնի դահլիճից դուրս եկածներին Բաբուխանյանը առաջարկեց քայլերթով շարժվել դեպի Հրապարակ։
Ճիշտ է՝ այսօր շատ չենք, բայց քայլերթ ենք անում առանց ցինիկ արտահայտությունների, երթից առաջ հայտարարեց «Ղրիմի աշխարհազորայինների միության» նախագահը։ Եվ հրահանգեց բոլորին բաժանել «գեորգիևսկայա լենտըչկաներ»։
«Նիկոլ, ուր են մեր տղերքը», «Նիկոլ, ուր են մեր հողերը», «Ով քնած է՝ արթուն կացեք»՝ վանկարկում էին մարշով Հյուսիսային պողոտայով քայլողները։
Քայլերթին մասնակցում էին նաև Արշակ Զաքարյանն ու Վահագն Չախալյանը, ովքեր մեղադրվում են կառավարության շենքը զավթելու փորձի մեջ։ Համագումարին կարելի էր նկատել Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ նախկին պատգամավոր, հիմա էլ՝ 16+-ների շարքում «փրկության շարժմանն» անդամակցող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին։
«Շարժման» լոգոն՝
Ինչպես պարզվեց, նորաստեղծ շարժումը ողջունել են «միջազգային գործընկերները»՝ Ղրիմի մինիստրների խորհրդի տեղակալը, «Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը, Հայաստան-Ղազախստան ակումբը, Տյումենի մարզի «Արարատ» ազգային-մշակութային կենտրոնը և Ռուսաստանում ջավախքցիների միությունը։
Զառա Հարությունյան