Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն կիրակի՝ փետրվարի 7-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»:
«Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը՝ նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում, ասված է խմբակցության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ տարեվերջին Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Հայտարարությանը հաջորդել էին, նախ, խորհրդարանական, այնուհետև նաև որոշ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները։ 16+ կուսակցությունների կազմած «փրկության շարժումը» խորհրդակցություններից հրաժարկվել էր՝ հայտարարելով, թե արտահերթը հնարավոր են միայն Փաշինյանի հրաժարականից և իրենց թեկնածուի՝ վարչապետ դառնալուց հետո։ Ավելի ուշ «շարժման» որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ, ամեն դեպքում, եթե արտահերթ ընտրությունները կայանան, իրենք դրանց կմասնակցեն։