Սեպտեմբերի 21-ի թարմացումներին կարելի է հետևել տելեգրամում
22:15 — Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր՝ գրել է ԼՂ ՄԻՊ գրասենյակը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, նրանցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի զոհվելու մասին, որոնցից 5-ը՝ երեխաներ։ Անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են», – ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորագրությունում։
21։35 — Իլհամ Ալիևը ուղերձով դիմել է ադրբեջանցիներին։ Նա հայտարարել է, թե երեկ մեկնարկած ու արդեն «հաջողությամբ ավարտված հակաահաբեկչական միջոցառումների» արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը, Ղարաբաղի հայերն ամբողջությամբ ընդունել են Բաքվի պահանջները, արդեն սկսել են հանձնել զենքերը և դուրս բերել զինված խմբավորումները։ Վաղվա բանակցություններին ընդառաջ Ադրբեջանի նախագահը բացառել է Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակը։
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է վստահ լինի, որ Ադրբեջանը աչք չի դրել իր հողերի վրա․ «Մենք ճանաչում ենք նրա (Հայաստանի՝ խմբ.)տարածքային ամբողջականությունը» և «հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը և Հայաստանը կկարգավորեն իրենց միջև գոյություն ունեցող հարցերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության վրա»:
20։46 — Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Երևանի՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:
20։00 — Հայաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայությունը հերքում է տարածվող տեղեկությունները, իբր Հայաստանը չի պատրաստվում ընդունել Արցախի քաղաքացիներին։
/Արցախում մնացած և պատերազմից հետո Հայաստան տեղափոխված մարդկանց շրջանում լուրեր են շրջանառում, թե Հայաստանը հրաժարվում է ընդունել Ղարաբաղի հայերին։ Այդ լուրերը հաճախ զուգորդվում են կոչերով՝ հավաքվել հանրահավաքների և հեռացնել Հայաստանի գործող իշխանությանը/
19։48 — Լեռնային Ղարաբաղում՝ «Ջանյաթագ (Джанятаг) բնակավայրի շրջանում գտնվող դիտակետից վերադառնալիս», գնդակոծվել է ռուս զինվորականների մեքենան։ Վարորդն ու ուղևորները զոհվել են։ Այս մասին՝ հղվելով ՌԴ ՊՆ-ին, գրել են ռուսական պետական ՏԱՍՍ-ը և Ինտերֆաքսը։
Ըստ նույն աղբյուրի, տեղում աշխատում են Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
18։59 — «Ստեփանակերտում եմ հենց հիմա, քաղաքի կենտրոնում։ Պադվալներից երեխեքը դուրս են եկել։ Հլը փորձում ենք ուշքի գանք արկերի ձայներից, ականջներիս մեջ մինչև հիմա պայթյունները արձագանքում են։ 1․5-2 ժամ է՝ արդեն հանգիստ է։ Հոսանք չկա, ոչ մի բան չկա։ Մարդիկ պայուսակները հավաքած՝ փողոցներում էս ու էն կողմ են գնում։ Անորոշություն է։ Չես էլ կարա նստես մեքենան հենց տենց գնաս։ Ո՞ւ գնաս», – Ազատություն ռ/կ-ի եթերում ասել է ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյանը։
16։11 — Ռուսական պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում «ռուս խաղաղապահների բազայի ճամբարից», որտեղ «տեղավորվում են խաղաղ բնակիչները»՝ 2261 հոգի։ Համացանցում լուսանկարներ են տարածվում օդանավակայանից։
15։45 — Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ «մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի»։ Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցնելուն՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները աշխատանքային մակարդակում շարունակվում են, անհրաժեշտության դեպքում զրույց կկայանա նաև Պուտինի և Ալիևի միջև։
13։56 — Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին, հիմնական թեզերը․
— Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը Հայաստանը չի մասնակցել․ միջնորդել են ռուս խաղաղապահները
— Հայատարարության մեջ խոսվում է «ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ մնացած ստորաբաժանումների» մասին, բայց 2021-ի օգոստոսից «ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի՛»
— Եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, նշանակում է՝ «ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների» ընդունել են ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու պարտավորությունը
— Ռազմական գործողությունների նպատակներից մեկը Հայաստանին էսկալացիայի մեջ ներքաշելն էր
— Ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, բայց չի զրոյացել
տե՛ս Ղարաբաղը պայմանավորվել է առանց Հայաստանի․ վարչապետ
13։05 — Ստեփանակերտից հաստատել են՝ խաղաղապահների միջնորդությամբ համաձայնություն են ձեռք բերել․
❗️դուրս բերել Հայաստանի զինված ուժերի [Արցախում] մնացած ստորաբաժանումները և զինծառայողներին
❗️լուծարել և ամբողջապես զինաթափել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումները [Պաշտպանության բանակը]
Բաքվի պահանջով կողմերը վաղը հանդիպելու են ադրբեջանական Եվլախում՝ քննարկելու վերաինտեգրմանը վերաբերող հարցերը։ Խոսվում է 13։00-ից հրադադար հաստատելու մասին։
տե՛ս Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները
12։51 — Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
«․․․Կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ․․․», – բացատրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
12։40 — Արցախից հայտնում են, որ Մարտակերտի բնակիչներին փորձել են, բայց չեն հասցրել տարհանել։ Հումանիտար միջանցք չկա։ «Մոստը փակ է։ Կաշենը և մոտակայքը վերցրել են։ Կապ չկա։ Վանք գյուղը և շրջակայքը տարհանվել են։ Մարտակերտը լրիվ կտրվել է։ Առավոտից խոստացել էին, որ ժողովրդին Ստեփանակերտ կտանեն, բայց չեն արել։ Կան դեպքեր, որ փորձել են ինքնուրույն տարհանվել։ Մարդկանց մեծ մասը նկուղներում է», – նշել են բնակիչները։
12։05 — Արցախում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 հաստատված զոհ, 200-ից ավել վիրավոր՝ գրել է ԼՂ օմբուդսմենը։ Զոհերից 7-ը (այդ թվում 2 երեխա) և վիրավորներից 35-ը (13 երեխա) քաղաքացիականներ են։
11։58 — Ստեփանակերտի մերձակայքից, բացի հրետանային արկերի ձայներից, լսվում են նաև հրաձգային կրակոցների ձայներ, ինչը նշանակում է, որ մերձակա մարտեր են ընթանում՝ հայտնել է «Հետքի» արցախյան թղթակիցը։
11։18 — Լեռնային Ղարաբաղի նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել։
Սամվել Շահրամանյանը նշել է, որ «միջազգային դերակատարների արձագանքը համարժեք չէ, որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված է դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»:
Նիստին մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը։
11։15 — Որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման վայր), նրանք ուզում են տարհանվել և ակնկալելում են խաղաղապահների աջակցությունը:
Ստեփանակերտի քաղաքապետարանից հորդորել են մնալ ապաստարաններում․ «Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա», «տարհանման անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»:
9։50 — Կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով հանել Արցախից, բայց ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։
«Ազատությանը» այս մասին պատմել է Մեծ Շենի բուժքույր Սևան Մանջիկյանը. «Դրա համար էլ ռուսները երեխաներին չհանեցին, հիմա լրիվ էստեղ են, ոչ մեկը դուրս չի եկել»։
9։44 — Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանական ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը։
9։00 — Սեպտեմբերի 19-ի կեսօրից հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Շփման գծի ողջ երկայնքով մարտեր են, Բաքուն հրետանի, ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա է կիրառում։ Կան գրավված գյուղեր։ Ռմբակոծվում են քաղաքացիական օբյեկտները։ Հաղորդվում է մեծաթիվ զոհերի մասին։
Ի՞նչ է հայտնի օգոստոսի 20-ի առավոտյան դրությամբ․
— Վերջին ամիսների ընթացքում նախապատրաստվող լայնածաված ագրեսիան Բաքուն փորձել է պատճառաբանել Ղարաբաղի՝ իր իսկ վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղի ունեցած ականային պայթյուններով։ Ներխուժումը ձևակերպվել է որպես «հակաահաբեկչական միջոցառում»։ Պրոպագանդիստական այս ձևակերպումը կրկնել է նաև Մոսկվան։ Ստեփանակերտը տեղի ունեցողը ցեղասպանություն և բացահայտ էթնիկ զտում է համարում։
տե՛ս Լեռնային Ղարաբաղը կրակի տակ է (թարմացվող)
— Բաքուն հայտարարել է, թե ռազմական գործողությունների մասին նախօրոք տեղեկացրել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին։ Մոսկվայից հակադարձել են՝ տեղեկացել են այդ մասին հարձակումից ընդամենը րոպեներ առաջ։
— Ստեփանակերտում, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններում սեպտեմբերի 19-ի ողջ օրը պայթյուններ էին, դիրքերում՝ մարտեր։ Խոցվել են նաև քաղաքացիական շենքեր։ Վիրավորների շրջանում կան երեխաներ, կանայք, տարեցներ։ Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան տվյալներով՝ հաստատված զոհերի թիվը հասել է 27-ի, տուժածներինը՝ գերազանցել 200-ը։ Թվերի մեջ ներառված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ նրանց հետ կապ հաստատել դեռ չի ստացվել։
— Օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը հաստատել է՝ Ամարասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արցախից ասում են, որ գրավված բնակավայրերի թիվը շատ ավելի մեծ է։ Ադրբեջանական զորքը մի քանի ուղղությամբ մխրճվել է խորք։
— Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ու ԱԽ փոխնախագահը, մինչ այս, ծաղրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին՝ «արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ»։
տե՛ս Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են
— Երևանի կենտրոնում այդ ընթացքում «հուժկու» բողոքի ցոյցեր էին։ Հանրապետության հրապարակում հավաքվածները իշխանափոխություն, բանակցային որոշ պայմանավորվածություններից հրաժարում և նմանատիպ այլ բաներ էին պահանջում, եղան բախումներ, խորհրդակցություններ, կան վիրավորներ և ձերբակալվածներ։ Ռուսաստանի դեսպանատան մոտ կուտակված զանգվածը շրջափակել էր դիվանագետների ելքերն ու մուտքերը․ ռուսական կողմը բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին։ ԱԺԲ-ականների ակտիվը, մինչ այդ, Փաշինյանի առանձնատան մոտ էր և խոսում էր Չաուշեսկուի ճակատագրից։
տե՛ս Ադրբեջանի հարձակումը գրգռել է Երևանի կենտրոնը
— Ղարաբաղյան և Ադրբեջանական կողմի միջև անուղղակի շփումները համակարգում են ռուս խաղաղապահների հրամանատարները։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը գիշերը զանգել էր Իլհալ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին, Վաշինգտոնի հաղորդագրությունում նշվում էր, թե «Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ»։ Միջազգային դերակատարների մեծ մասը կոչեր էր հղել, մտահոգություններ հայտնել, առաջարկել դադարել կրակը։