Գերմանիայի արտգործնախարարության հետ «խորհրդակցելուց» հետո Lord of the Lost մետալ խումբը չեղարկել է երևանյան համերգը՝ վկայակոչելով «Հայաստանում վերջերս տիրող քաղաքական իրավիճակով պայմանավորված ճամփորդական նախազգուշացումը»։
Խումբը չեղարկել է նաև թբիլիսյան համերգը, քանի որ ընդամենը մեկ շոու անելը չափազանց ծախսատար է և լոգիստիկ խնդիրներ է ստեղծում։
Epress.am-ի հարցին՝ արդյո՞ք պաշտոնական Բեռլինը սեփական քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան այցելելուց, Գերմանիայի դեսպանատնից բանավոր պատասխանել հրաժարվեցին։
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակման ֆոնին Գերմանիայի արտաքին գերատեսչությունը մասնակի ճամփորդական նախազգուշացում է հրապարակել (նախազգուշացումը թարմացվել է սեպտեմբերի 13-ին), որով Գերմանիայի քաղաքացիներին հորդորում է զգուշանալ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանակցող շրջաններ այցելելիս, հրաժարվել Լեռնային Ղարաբաղ այցերից և հաշվի առնել, որ սահմանային շրջաններում ռազմական բախումների վտանգը բացառված չէ։ Մասնակի նախազգուշացման մեջ խոսվում է նաև Հայաստանում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում բողոքի ցույցերի հավանականության մասին։
Միացյալ Նահանգների, Գերմանիայի և արևմտյան որոշ այլ երկրների դեսպանատները «ճամփորդական նախազգուշացումներ» են հրապարակում հիմնական ռազմական բախումների կամ ներքին անկայությունների վտանգի դեպքում։ Նման նախազգուշացումներ նախորդել են տարածաշրջանային գրեթե բոլոր խոշոր էսկալացիաներին։