Վերջին մեկ ամսում հայաստանյան Զինված ուժերում արդեն 9-րդ ոչ մարտական մահն է գրանցվում։ Քննչական կոմիտեի նախնական վարկածով՝ զինծառայող Ալեքս Ավանեսյանը երեկ ինքնասպան է եղել գնդացիրով։
Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցամբ՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին հյուսիս արևելյան սահմանագոտում։ «Կրակային դիրքին հարակից տարածքում… հայտնաբերվել է զինծառայող Ալեքս Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածք է եղել, դիակի կողքին հայտնաբերվել է նաև վերջինիս ամրակցված գնդացիրը։ Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել ինքնասպանություն զինծառայողին ամրակցված գնդացիրով»։
20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը պարտադիր ժամկետային զինծառայող էր՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից: Նրա հարևաններից մեկը պատմել է՝ Ալեքսը զորակոչվել է 20 տարեկանում, մինչ այդ Աբովյան քաղաքում է սովորել։ Ծրագրավորող էր։ Տան միակ զավակն էր՝ ապրում էր մոր և տատիկի հետ։ Ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում։
Քրեական գործ է հարուցվել զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ձերբակալվածների մասին ոչինչ չի հաղորդվում։ Իրավապահների հիմնական վարկածը ինքնասպանության հասցնելն է, պարզում են մեղավորների շրջանակը։
Տարեսկզբից ի վեր ոչ մարտական պայմաններում 6 տասնյակի հասնող մահվան դեպք է արձանագրվել՝ «դժբախտ պատահարներ», «ինքնասպանություններ», «սպանություններ», «առողջական խնդիրներ»։ Մեկ ամսվա կտրվածքով բանակում 9 զինվոր է մահացել ոչ հակառակորդի կրակոցից։
տե՛ս 3 բանակային մահ 2 օրում. «սպանություն», «ինքնասպանություն», «հոսանքահարում»
Ծնողները շարունակում են պնդել, որ բանակային սպանությունները ռազմական ոստիկանություն/քննչական կոմիտեն շարունակում են ներկայացնել որպես ինքնասպանություն։ Արարատի Զոդ զորամասում մահացած շարքայինների՝ Գրանիկ Խնկոյանի և Ժորա Կարապետյանի հարազատներն էլ են ահազանգում՝ քննությունը անտեսում է դեպքի կարևոր հանգամանքները։
տե՛ս Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից
Բանակում «արատավոր բարքերը» վերացնելուն ուղղված անհետաձգելի միջոցառումներից էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի վերջին խոսել խորհրդակցության ժամանակ, հրահանգել ուսումնասիրել խնդիրները, սակայն դրանից հետո էլ փաստացի պատկերը չի փոխվել, ասում են իրավապաշտպանները։ Հռչակված ռեֆորմները տեսանելի դրական արդյունք առ այսօր էլ չեն տվել։
տե՛ս 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել