Home / Բանակ / 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել

25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել

Սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում զոհված երեք զինծառայողներից երկուսը պահեստազորայիններ էին՝ 25-օրյա վարժական հավաքների մասնակից։

Պահեստազորին կառավարությունը «համակարգված» զորակոչում է 2021 թվականից․ սկզբում մարդկանց երեք ամսով էին բանակ տանում, 2022-ից՝ 25 օրով։ Վարժական հավաքները ներկայացվում են որպես «արական սեռի ներկայացուցիչ քաղաքացիների» զանգվածային վերապատրաստման նախագիծ։ Գործնականում դրանք վերածվում են սովորական «պոստ պահելուն»։ Զորակոչվածներին տանում են մարտական դիրքեր՝ առանց լուրջ պատրաստության։

Անցած երկու տարիների ընթացքում դեպքեր են եղել, երբ վարժական հավաքների մասնակիցները հանկարծամահ են եղել, անհետացել, հոսպիտալացվել առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով։ Այս տարվա օգոստոսին հաղորդվեց, որ պահեստազորայիններից մեկը գերեվարվել է Ադրբեջանի կողմից (ՊՆ-ն նրան նախօրոք մեղադրեց դասալքության մեջ)։ Սեպտեմբերի 1-ին արձանագրվել են նաև մարտական մահերի դեպքեր։

Սեպտեմբերի 1-ի երեկոյան պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Սոթքի և Նորաբակի հատվածում զոհված զինծառայողների անունները առանց ծննդյան թվեր կամ այլ մանրամասներ նշելու։ 

Զոհվածներից երկուսը՝ 37-ամյա Արսեն Մկրտչյանը և 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը, պահեստազորայիններ էին, մոտ երկու շաբաթ առաջ էին դիրքեր տարվել։

Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր։ «Ծնողների հետ էր ապրում: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում»,- պատմել է գյուղապետ Վահան Վարդանյանը: 

65191516_0_0_700_942_1920x0_80_0_0_56b174627f35d73d078eba3c01fcc2e9.jpg
Արսեն Մկրտչյանը

Անդրանիկ Անտոնյանը Արարատի մարզի Նորաբացից էր։ «Ամուսնացած չէր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ․․․ Երկու քույր ունի, տան միակ տղան էր: ․․․Ծանուցագիրը եկել էր, վերցրեց ու գնաց: Մոտ 13 օր էր՝ դիրքերում էր», – ասել է Նորաբացի գյուղապետ Մարգար Մարգարյանը:

65191495_0_0_600_888_1920x0_80_0_0_9301c17ff457e0878ec49dd60e0fae99.jpg
Անդրանիկ Անտոնյանը

Երբ վարժական հավաքների համակարգը նոր էր ներդրվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե այն պրոֆեսիոնալ բանակին անցնելու առաջին քայլն է։ Ասվում էր, որ սահմանները ապագայում պահելու են պայմանագրային զինվորականները։

Բայց ծրագրի ներդրումից երկու տարի անց էլ բանակն ավելի «պրոֆեսիոնալ» չի դարձել․ մեծացել են վարժական հավաքների համար դուրս գրվող և յուրացվող գումարները, կոռուպցիայի նոր ձևեր են ստեղծվել, մարդկանց սկսել են պոստեր տանել առանց մինիմալ նախապատրաստությունների․․․

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի խոսքով՝ զորակոչված պահեստազորայինների վերապատրաստության համար մոտ մեկ շաբաթ է հատկացվում, բայց դատելով վարժական հավաքների մասնակիցների արձագանքներից՝ լուրջ պատրաստություն այդ ընթացքում ոչ ոք չի անցնում։ Մարդիկ, որոնք երկար տարիներ զենք չեն կրել, բանակային դիսցիպլինայի մեջ չեն եղել, հայտնվում են սահմանային վտանգավոր դիրքերում․ «Հետևանքները արդեն վաղուց ակնհայտ են»։

Մոտ երկու շաբաթ առաջ Ջերմուկի դիրքերին սահմանակցող հատվածից ադրբեջանցի զինծառայողները գերեվարել էին պահեստազորային Գագիկ Ոսկանյանին։ 

64496401_0_0_889_667_1440x900_80_0_1_970078b169211f73c2a23544fd381748.jpg
Գագիկ Ոսկանյանը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախ հաղորդել էր, թե վարժական հավաքի մասնակիցը «ինքնակամ թողել է մարտական դիրքը»։ Հետագայում հայտարարվել էր, թե նա գուցե «մոլորվել է»։ Բաքվում նրան անմիջապես «դիվերսանտ» էին կարգել, մեղադրել պետական սահմանն ապօրինի հատելու և ահաբեկչության մեջ։ Դիվերսիոն ներթափանցման մասին հայտարարությունը Երևանից հերքել էին։

40-ամյա Գագիկ Ոսկանյանը ընդամենը երկու շաբաթ առաջ էր մեկնել վարժական հավաքի։ Ապրում էր Երևանում։ Միջադեպը Ջերմուկի՝ Քելբաջարին սահմանակցող հատվածում է եղել։ Ադրբեջանական լրատվամիջոցները դեպքից հետո գրում էին, որ Ոսկանյանը Բաքվում հարցաքննվել է և «խոստովանել», թե 44-օրյա պատերազմի մասնակից է։ Պահեստազորայինի հարազատները, մինչդեռ, պնդում են՝ իրենց որդին ռազմական գործողություններին երբևէ չի մասնակցել։

Ինչի՞ հիման վրա էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհետացած պահեստազորայինին իսկույն մեղադրել «մարտական դիրքը ինքնակամ լքելու» մեջ։ Դեռ ոչ մի բան չպարզած, ոչ մի քննություն չկատարած՝ մարդուն (որին իր տնից վերցրել, բարձրացրել են սահմանային դիրքեր) հռչակել էին դասալիք։ Պաշտպանության նախարարությունը մեծ չէպէներին այսպես է արձագանքում՝ մեղքը հնարավորինս արագ բարդել զոհի վրա։

«Առանց հանգամանքներն ուսումնասիրելու պաշտոնական տեղեկատվություն է տարածվում։ Սա նոր բան չի։ Նույնը եղավ նաև այս վերջին դեպքերի ժամանակ, երբ զինծառայող Նարեկ Պողոսյանին նախ ներառեցին զոհվածների ցանկում, [իսկ ժամեր անց՝ հանեցին ցանկից, քանի որ պարզվեց, որ նա ողջ է]», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Նազելի Մովսեսյանը։

Իրավապաշտպանը հարցերի մի ամբողջ ցանկ է ներկայացրել՝
— արդյոք Գագիկ Ոսկանյանը դիրքը լքե՞լ է, թե՞ մոլորվել է,
— ի՞նչ պայմաններում է նա ծառայել,
— եթե դիրքը լքել է՝ ի՞նչ պատճառներով է լքել,
— արդյո՞ք վարժական հավաքի մասնակիցները, որոնք 20-25 օրով են այնտեղ տարվում, ծանոթ են տարածքին, որում գտնվում են, արդյո՞ք պատկերացնում են՝ որտեղով է անցնում սահմանը, որ հատվածներն են գտնվում հայկական, որ հատվածները՝ ադրբեջանական վերահսկողության ներքո, արդյո՞ք նրանց համապատասխան ցուցումներ են տրվում․․․

Այս հարցերին ռազմական գերատեսչությունից առ այսօր չեն պատասխանել։ Որդու գերեվարման մասին Գագիկ Ոսկանյանի ծնողները իմացել են լրատվամիջոցներից։

«Պաշտպանության նախարարության և առհասարակ՝ համակարգի նկատմամբ շատ մեծ անվստահություն կա։ ՊՆ-ն տեսնում է այս խնդիրները։ Բայց դրանց լուծմանն ուղղված քայլերը արդյունավետություն չունեն», – ասում է իրավապաշտպանը։

Երբ վարժական հավաքները եռամսյա էին՝ մի խնդիր էր, երբ դրանք մեկամսյա են՝ մեկ այլ խնդիր։ 90-օրյա ժամկետը մոտ մեկ տարի անց գնահատվեց որպես չափից դուրս երկար և անարդյունավետ․ «պաշտպանական» նախագիծը խոչընդոտում էր «տնտեսական» համակարգին, մարդկանց երեք ամսով կտրում էին աշխատանքից, տանում պոստեր, այդ ընթացքում շատերը զրկվում էին եկամուտի աղբյուրից և այլն։ Կառավարությունը որոշեց կրճատել ժամկետը՝ երեք ամսվա փոխարեն պահեստազորայինները այժմ ծառայելու են 25 օր։ 

«Հայտարարվում է, որ մինչև մարտական հերթապահության անցնելը նրանք պատրաստություն են անցնում։ Բայց դա բավարար պատրաստություն չէ, մենք տեսնում ենք, որ մարդիկ հանպատրաստից են ուղարկվում առաջնագիծ», – նշում է իրավապաշտպանը։

Բայց կա նաև «պատրաստողների» խնդիր։ 2020-ին պարզ դարձավ, որ «պատրաստողները» պատրաստված չեն։ 2020-ից հետո լուրջ բարեփոխումներ չեղան։ Բանակային (ոչ մարտական) զոհերի թիվը շարունակում է աճել, ամեն ռազմական էսկալացիայից հետո խոսվում է այն մասին, որ սահմանագիծը պատշաճ կահավորված չէ, ենթակառուցվածքներ չկան։ Առանձին միջադեպերից պարզ է դառնում, որ Պաշտպանության նախարարությունը ի վիճակի չէ լուծել նույնիսկ ժամկետային զինծառայողների կացարանային խնդիրները։ Այս պայմաններում ՊՆ-ն շարունակ ընդլայնում է զորակոչվողների շրջանակը։

Մասնավոր զրույցներում վարժական հավաքների մասնակիցները պատմում են պոստերում տիրող բարձիթողի վիճակից՝ փողային կոնֆլիկտներ, կոնֆլիկտներ սպաների և զինծառայողների, նորեկների և մշտականների միջև, ծեծ-կռիվ և այլ։ Ոչ մեկ այս հարցերը չի կառավարում։

Վարժական հավաքի ոչ մի մասնակից ստեղծված պայմաններում չպետք է գտնվի առաջնագծում՝ գրում է վերլուծաբան Վահե Աղաջանյանը․ «Մարդկանց տանում եք վարժական հավաքների, անտերի պես բրախում դիրքերում, որ ադրբեջանցիներն էլ գան գերի վերցնեն ու դուք էլ հայտարարեք, թե բա ինքնակամ լքել է դիրքը։ Ո՞նց կարելի է տարիներով բանակի հետ կապ չունեցած մարդուն տանել վարժական հավաքների ու բառի ուղիղ իմաստով բրախել դիրքերում․․․ Վարժական հավաքներ ընդհանրապես չպետք է լինեն։ Սա 1940-ականները չեն։ Այսօրվա աշխարհում նման մոդելը չի աշխատում։ Անգամ Ռուսաստանում դա հասկացան։ Ու նման վարժական հավաքների վրա հարյուր միլիոնավոր դոլարներ են անիմաստ ծախսվում (թե որքանն է լվացվում՝ դա էլ այլ հարց է)»։