Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս՝ օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, ահազանգում է Հայաստանի օմբուդսմենը։
«Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի», – ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:
Որպես օրինակ Պաշտպանը նշում է անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ, ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը (զորահավաքին չընդգրկելը): Թեև ֆորմալ առումով մարտական գործողությունների արդյունքում անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամները չեն ազատվում զորակոչից, 44-օրյա պատերազմի օրերին ՊՆ զինկոմիսարիատները գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին:
Բացի վերը նշվածից, ըստ Պաշտպանի, հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես չարդարացված լինի:
«Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ»։
Հետևաբար, ըստ օմբուդսմենի, օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար:
Պաշտպանն առաջարկներով կդիմի ինչպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։
Օգոստոսի 25-ից Երևանում ու մարզերում մեկնարկել են պահեստազորի վարժական եռամսյա հավաքները, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքներին ներգրավվելու է 2 169 քաղաքացի (1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ)։
Հայտարարվել է, որ, ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։