Կանանց մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում կառավարության առաջնահերթություններից է: Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ կառավարությունը նկատի չունի պայմանագրային զինծառայություն, այլ նկատի ունի, որ «զինվորը զինվոր է լինելու շաբաթական յոթ օր, տարեկան 12 ամիս»։ Օրեր առաջ մեկնարկած եռամսյա վարժական հավաքները կարելի է համարել նոր համակարգի ներդրման մեկնարկը։
Նոյեմբերի 9-ից հետո Կառավարության կարևոր անելիքներից մեկը կա և մնում է բանակի, զինված ուժերի արդիականացումն ու բարեփոխումը՝ խորհրադարանում կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանն այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմավարական առումով Հայաստանը անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի։ Էականորեն կփոխվի զորահավաքային ու ժամկետային զինծառայության կառուցվածը․․․»,- հայտարարել է պաշտոնյան:
Թվարկելով կառավարության առաջնահերթությունները (բանակի արդիականացում, զինծառայության գրավչության բարձրացում, աշխատավարձային և սոցիալական երաշխիքների նոր համակարգ և այլն), Փաշինյանը նշել է նաև ԶՈւ մարտական ստորաբաժանումներում կանանց առավել մասշտաբային ներգրավման մտադրության մասին:
«Կանանց ներգրավվածության մասին թեզը չունի որևէ գաղափախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով. կանայք Հայաստանի բնակչության մեծամասնությունն են, նրանց ռեսուրսի թերներգրավվածությունը որևէ ոլորտում նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում:
Ասվածը չի նշանակում, թե կանայք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, որքան տղամարդիկ։ Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, և այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը կրկին շեշտել է նաև Ռուսաստանի հետ համագործակցության կարևորությունը և արձանագրել՝ արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ։
Վերադառնալով պրոֆեսիոնալ բանակ ներդնելու խնդրին՝ Փաշինյանը ճշգրտել է՝ ինչով է այն տարբերվելու մինչ այս հայտնի պայմանագրային ծառայությունից։
«Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի որոշ նրբություններ, մենք պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության ենք ներգրավում այլ գործով և մասնագիտություններով զբաղվող մարդկանց, որոնք ծառայում են որոշակի ժամկետով, ամսվա մեջ որոշակի հատված, իսկ մյուս ժամանակահավածում զբաղվում են իրենց գործերով:
Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ յոթ օր, տարվա մեջ 12 ամիս»,- հայտարարել է պաշտոնյան:
Փաշինյանի խոսքով` ռազմավարական հեռանկարում Կառավարությունը նախատեսում է սահմանների պահպանությունը վերապահել բացառապես սահմանապահ զորքերին, «իսկ զինվորը պետք է գտնվի մշտական տեղակայման վայրում և զբաղված լինի իր մարտական պատրաստվածության շարունակականության բարձրացմամբ»։
«Մենք նպատակադրվել ենք նաև էականորեն փոխել ժամկետային զինծառայության կառուցվածքը և ժամկետները, և ընդհակառակը՝ որոշել ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել պահեստազորի պատրաստման աշխատանքներին։ Նաև այս համատեքստում է, որ վաղվանից եռամսյա վարժական հավաքներ են տեղի ունենալու։ Այդ վարժական հավաքներով, ըստ էության, մեկնարկում է բանակի վերափոխման, ակտիվ պահեստազոր ունենալու գործընթացը»,- եզրափակել է վարչապետը։
տե՛ս 56։00 մինչև 1։03։00 հատվածը