Սեպտեմբերի 1-ին երեկոյան Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Սոթքի հատվածում զոհված զինծառայողների անունները, երկու ժամ անց էլ հայտարարել, թե զոհվածների ցանկում ներառված Նարեկ Պետրոսյանի «սրտի զարկը վերականգնվել է ինտենսիվ ռեանիմացիոն միջոցառումներից հետո»։ Վիրավոր զինծառայողի հայրը պատմել է՝ ՊՆ հաղորդագրություններին այդ օրը չի հետևել, Վարդենիսում է եղել։ Երբ տղային տարհանել են կրակի տակից, նա ողջ է եղել։
22-ամյա զինծառայողի հայրը պատմել է՝ կեսօրին է լսել, որ Սոթքում կրակոցներ են, որդին զանգերին չի պատասխանել, արագ հասել է Վարդենիս:
«Ես գնացել եմ, ինձ ասել են՝ իմ էրեխեն զոհված ա, բրոնի ավտո էին կանչում, որ կարողանա մտնի էդ տեղը, հանի իմ էրեխուն», – «Ազատության» հետ զրույցում ասել է Կարեն Պողոսյանը:
Նարեկը ժամկետային զինծառայող է, վարորդ, հորն ասել են՝ մեքենայի մոտ ականանետի արկ է պայթել, մեքենան տեղից չի շարժվում, Նարեկը ներսից դուրս չի եկել, ենթադրել են՝ զոհվել է:
Ժամեր անց պայմանագրայինները, կամավորները կրակի տակ հասել են մեքենային. – «Տեսել են իմ էրեխուն, տեսել են, որ շնչում ա, պուլս կա, հարցրել են՝ «ո՞վ ես», ասել ա՝ «իմ անունը Պողոսյան Նարեկ ա, մի հատ ջուր տվեք խմեմ»: Էդ ժամանակ կապվել են ներքև, ես էդտեղ եմ եղել իմ ընկերների հետ, կապ են տվել շտաբի պետին, որ Պողոսյան Նարեկ անունով էրեխեն ողջ ա, շնչում ա: Ես էլի չեմ կարողացել հավատամ, որովհետև ինձ ասել են, որ զոհված ա, երկրորդ անգամ ճշտել են իմ ներկայությամբ, որ ողջ ա»:
Զինծառայողին իջեցրել են դիրքերից, ներքևում արդեն Վարդենիսի հոսպիտալի մեքենան էր սպասում, տեղափոխել են հոսպիտալ, այնտեղից, ըստ Կարեն Պողոսյանի, շատ արագ հասցրել են Երևան․ «Հոսպիտալի սաղ անձնակազմը, ռազմական ոստիկանությունից բռնած, զինվորական բարձրաստիճանները ներկա են եղել, արդեն ՊՆ համարներով սկոռին պատրաստ կանգնած ա եղել, իմ էրեխուն տեղափոխել են մյուս սկոռին, հասցրել են, եկել ենք [Երևանի զինվորական] հոսպիտալ»:
Նարեկը բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։
Սեպտեմբերի 1-ի ուշ երեկոյան նրան վիրահատել են՝ 4 ժամուկես, բժիշկներն ասում են՝ վիրահատությունը հաջող է անցել: Զինվորի հորը համացանցային հորինված տեղեկություններն են զայրացնում, թե ինչո՞ւ է ողջ զինծառայողը ներառվել զոհվածների ցանկում, ինչո՞ւ է հայտարարվել, թե իբր նա վերակենդանացել է՝ հայրը չգիտի։ Ասում է՝ իրականությունն այն է, ինչ ինքը պատմեց:
Պաշտպանության նախարարը գնացել էր զինվորական հոսպիտալ՝ վիրավոր զինծառայողի ընտանիքին տեսակցելու
Վարդենիսի սահմանին սեպետմեբրի 1-ի վաղ առավոտից սկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի և երկու վիրավոր։ Զոհվածներից երկուսը պահեստազորայիններ են՝ 25-օրյա վարչական հավաքների մասնակիցներ։ Վիրավորներից մեկի կյանքին վտանգ չի սպառնում, մյուսը՝ Նարեկ Պողոսյանը, դեռ ծանր վիճակում է գտնվում։
Ինչպե՞ս է վիրավոր զինծառայողի անունը զոհերի ցանկում հայտնվել, եթե ի սկզբանե նրան ողջ են գտել։ Ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը բավականին ուշ՝ երեկոյան վեցին է զոհերի անունները հրապարակել։ Մինչ այդ հայտարարում էին, թե զինվորների ընտանիքներին պատշաճ իրազեկելուց հետո միայն տվյալներ կհաղորդեն։ Այժմ ՊՆ-ն չի մեկնաբանում՝ ինչու են ողջ մարդուն զոհված կարգել և ինչո՞ւ են հետագայում հայտարարել, թե իբր նա վերակենդանացել է։ Նախարարությունից «հայցել են հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը»: Այլ մեկնաբանություններ չկան։