Հատված Վարչապետ Նիկոլ Փաշինյանի La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանին տված հարցազրույցից․ – Վերջերս մի հարցազրույցներից մեկում, երբ լրագրողն ինձ հարց տվեց, և ես հասկանում եմ այդ հարցը, որովհետև դա տարածված ընկալում է ոչ միայն մեր տարածաշրջանից դուրս, այլև հենց մեր տարածաշրջանում, հենց մեր երկրում, որովհետև մենք աշխարհը, կարծես, նաև քաղաքական քարտեզը սովոր ենք ընկալել Արևմուտքի և Արևելքի արանքում կամ Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Եվ լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս եք դիրքավորվում կամ Դուք գտնվում եք Արևմուտքի և Ռուսաստանի արանքում, ես ասացի, որ գիտեք, իրականում սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում ենք: Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք, և հետևաբար՝ մեր պետության անվտանգության շահերն առաջին հերթին պարտադրում են, որպեսզի մենք կայուն և կարգավորված հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, իհարկե, որևէ կերպ չնսեմացնելով աշխարհաքաղաքական կենտրոնների դերը, ազդեցությունը, նշանակությունը և կարևորությունը մեր տարածաշրջանի և իհարկե, նաև մեր երկրի համար:
Լրագրող Լուկա Ստեյնման – Կուզենայի մեջբերել Ձեր վերջերս արած հայտարարությունը Հայաստանի անկախության հռչակագրի օրվա առթիվ, երբ Դուք ասացիք, որ «Մեր կառավարության կողմից որդեգրված խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն։ Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»։ Կարելի՞ է ասել, որ այն, ինչ հիմա Դուք անում եք, որ փորձում եք հասնել խաղաղության, նաև միջոց է դառնալու ավելի անկախ Մոսկվայից։
Վարչապետ –Իսկ ի՞նչ է նշանակում լինել անկախ: Անկախ նշանակում է ավելի պակաս կախվածություն ունենալ, օրինակ, անվտանգության ոլորտում, կամ անվտանգության ոլորտի քաղաքականությունները դիվերսիֆիկացնել:
Ես մի շատ կոնկրետ օրինակ բերեմ, որը գուցե այդ կոնտեքստով չի խոսվում, բայց մենք բոլորս և նաև Հայաստանի քաղաքացիները, ենթադրում եմ, գիտեն դրա մասին, բոլորը գիտեն, բայց երբ դրա մասին խոսվում է, դա այլ արժեք է ստանում:
Տեսեք, Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի և ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Այսինքն՝ այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ինքնին ռազմավարական սխալ է: Եվ մենք պոստ ֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը, այդ թվում՝ այլ հայացքով նայելով մեր տարածաշրջանին, որովհետև այլ բան է, երբ մենք մեր տարածաշրջանում ապրում ենք հետևյալ տրամաբանությամբ, որ մենք մեր հարևանների հետ անընդհատ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ ենք, բայց ոչինչ, ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կապահովի: Երբ գալիս է գործնականում ինչ-որ մեկի կողմից մեր անվտանգությունն ապահովելու պահը, պարզվում է, որ ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կամ չի ուզում կամ չի կարողանում ապահովել…
Լրագրող – Կարծում եմ՝ շատ կարևոր է հասկանալ, թե որն է Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառը։ Երբ խոսում էիք Ձեր ռուս գործընկերների հետ, տեսնում էիք, որ ռուս խաղաղապահները չէին իրականացնում իրենց պարտականությունները, ի՞նչ էին նրանք Ձեզ ասում։ Չե՞ք հարցրել նրանց, թե ինչու են նրանք հնարավորություն տալիս Ադրբեջանին դե-ֆակտո վերահսկել այս տարածքը, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ չեք միջամտում։
Վարչապետ – Գիտեք, իհարկե, մենք խոսակցություն ունենում ենք այդ թեմայով մեր ռուս գործընկերների հետ: Եվ անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ մղում են պատմական զուգահեռների:
Օրինակ, մեր տարածաշրջանը տեսել է այդպիսի իրավիճակ: Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:
Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:
Նաև պիտի համաձայնվեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է:
Լրագրող – Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում։
Վարչապետ – Ես կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում…