Home / Համայնքներ / Թուրքիան գնահատեց վրիժառուների հուշարձանը և փակեց օդերը

Թուրքիան գնահատեց վրիժառուների հուշարձանը և փակեց օդերը

Թուրքիայի օդային տարածքով տարանցիկ թռիչքների արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացմամբ՝  NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ, սակայն «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է», – ասել է Չավուշօղլուն՝ շարունակելով. – «Ես դա չեմ կարող ընդունել: Հայաստանի հայտարարություններն այս հարցում նույնպես անկեղծ չեն, մենք որպես համարժեք պատասխան փակեցինք օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում կարող ենք այլ քայլեր ձեռնարկել»։

Ըստ թուրք դիվանագետի, Անկարան փակել է օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար․ «Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ նման սադրանքները շարունակվում են»։

Եվրոպան հեռվացավ

Ապրիլի վերջին հայաստանյան գրանցում ունեցող Flyone Armenia ավիաընկերությունը տեղեկացել էր, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ընկերության տարանցիկ չվերթներ համար։ Թուրքական ավիացիոն իշխանությունները, ըստ Flyone Armenia-ի, ալգելքը չեն պատճառաբանել։ Մինչ այս պաշտոնական հայտարարություններ էլ չկային։

Հայկական ավիաընկերության չվերթները դեպի Եվրոպա տարանցվում էին Թուրքիայով։ Ընկերությունը հավաստիացրել էր՝ խախտումներ չի արել, թույլտվությունները նախապես ստացել է։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ուկրաինայի տարածքի մեծ մասը ոչ թռիչքային գոտի է հայտարարվել, այսինքն՝ դեպի Եվրոպա այս այլընտրանքը և՛ս հասանելի չէ։ Չնայած ընկերությունը հավաստիացնում էր, որ այլ տարբերակներ էլ ունի, ավելի ուշ հայտարարվեց, որ մայիսի 2-ին նախատեսված Փարիզ-Երևան չվերթը չեղարկվել է։

2022-ից սկսած հայկական Flyone Armenia-ն և թուրքական Pegasus-ը իրականցնում են նաև Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ։ Ավելի վաղ հայկական ավիընկերության ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ այս թռիչքները գուցե և շարունակվեն՝ համենայն դեպս, այս մասով Flyone Armenia-ին թուրքական կողմից որևէ խոչընդոտի մասին չեն տեղեկացվել։

Թուրքական արգելքը, ըստ էության, միայն Flyone Armenia-ին չի վերաբերվում։ Առհասարակ՝ հայկական գրանցմամբ որևէ ընկերություն չի կարող թռչել Թուրքիայի օդային տարածքով։ Մինչ այս դեպի Եվրոպա թռիչքներ միայն  Flyone Armenia-ն էր անում, հայկական գրանցմամբ մյուս ավիաընկերությունը՝ Fly Arna-ն, Թուրքիայով անցնող թռիչքներ չուներ։

Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան 2022 փետրվարին պաշտոնապես էր հայտարարել, որ վերականգնում է Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցությունը, իսկ մեկ տարի անց՝ 2023-ի փետրվարին հայտարարել էին, թե վերացնում են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։ Երևան-Ստամբուլ թռիչքներ արդեն ավելի քան մեկ տարի իրականացվում են, օդային բեռնափոխադրումներ առ այժմ չկան։

ՔՊ-ական «Նեմեսիս»

Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացմանը ապրիլի 25-ին մասնակցում էր նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն։

Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել էր հուշարձանի տեղադրումը և հայտարարել, որ «այսպիսի սադրիչ քայլերն անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացի ոգու հետ, դրանք որևէ կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենան նորմալացման գործընթացի վրա»։

Երևանից արդարացել են, թե հուշակոթող-աղբյուրի տեղադրման որոշումը դեռևս 4 տարի առաջ է կայացվել՝ մայրաքաղաքի ավագանու կողմից, որը այն ժամանակ արդեն մեծամասամբ ՔՊ-ական էր։ Ֆորմալ առումով՝ գործադիր իշխանությունը միջոցառման հետ կապ չունի։

01000000-c0a8-0242-0b66-08db46378586_cx0_cy2_cw0_w1597_n_r1_st_s
Տիգրան Ավինյանը՝ հուշարձանի բացման ժամանակ, ապրիլի 25

Ըստ քաղաքապետարանի լրատվական վարչության ղեկավարի, «Նեմեսիս» հուշակոթողի միջնորդություն-առաջարկով հանդես են եկել ցեղասպանության վրիժառուների ժառանգները։ 2019 թվականին Երևանի ավագանու միաձայն որոշմամբ հուշարձանի տեղադրումը արտոնել է։ Այժմ այդ որոշումը ի կատար է ածվել։

«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը, ըստ նախաձեռնության հեղինակների, հավերժացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքից և 1918-ին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայ հիշատակը: 

Հուշարձանի տեղադրումը պաշտոնապես դատապարտել են ոչ միայն Անկարան, այլև Բաքուն։