Հուլիսի 18-ի կեսգիշերին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Իրինա Բելաչեուին։ Մեկ օր ՁՊՎ-ում պահվելուց հետո կինը ազատ է արձակվել։
Ղրիմի բռնակցումից և Դոնբասում սկսած պատերազմից հետո 55-ամյա կինը արտագաղթել է Ռուսաստանից և քաղաքական ապաստան հայցել Ուկրաինայում։ Մոսկվան նրան մեղադրում է «միջազգային պաշտպանության ներքո գտնվող հաստատության վրա հարձակման» (ՌԴ ՔՕ 360-րդ հոդված) մեջ․ 2016 թվականին Բելաչեուն Կիևում բողոքի ցույցի է մասնակցել և ձու նետել Ռուսաստանի դեսպանատան վրա։ 2021 թվականին Մոսկվայի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Կնոջ նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել։
Մոտ 8 տարի է 55-ամյա Իրինա Բելաչեուն ապրում է Ուկրաինայում, որտեղ քաղաքական փախստականի կարգավիճակ ունի։
Նրա դուստրը՝ Խաննա Նիկոլայենկոն, որը անցյալ տարի է տեղափոխվել Հայաստան, պատմել է, որ մայրն ի սկզբանե Վրաստան էր որոշել գնալ՝ հագստանալու։ Վրաց սահմանապահները, առանց հիմքեր ներկայացնելու, նրա մուտքը երկիր արգելել են։ Բելաչեուն եկել է Երևան՝ այստեղ ապրող երեխաներին տեսակցելու։ «Զվարթնոցում» նրան անմիջապես ձերբակալել են։
«Երևան ժամանելուն պես մորս անձնագրում մուտքի կնիք դրեցին… և անմիջապես հայտնեցին, որ ՌԴ-ում իր դեմ քրեական գործ է հարուցվել, ինչը նշանակում է, որ նա չի կարող օդանավակայանից ներս անցնել, այսինքն՝ մտնել Հայաստան։ Հետո ես ու մայրս մի քանի ժամ անցկացրինք ոստիկանական բաժանմունքում։ Ամենայն հավանականությամբ նրան չեն հանձնի Ռուսաստանին։ Ոստիկանները գրեթե երդվում էին, որ չեն արտահանձնի, բայց դա փաստարկ չէ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլայենկոն։
Նույն օրը կնոջը տեղափոխել են ՁՊՎ։ ՀՔԱՎ-ից բողոքարկել են ձերբակալման որոշումը։ Հաջորդ օրը նրան ազատ են արձակել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ահազանգել են՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվող քաղաքացիներին ձերբակալելու իրավական ընթացակարգեր Հայաստանում չկա՛ն, Հայաստանը հերթական անգամ ի կատար է ածում Ռուսաստանի ապօրինի պահանջը՝ ձերբակալել ձերբակալել նրանց և գտնվելու վայրի մասին զեկուցել Ռուսաստանի իրավապահ մարմիններին, Իրինա Բելաչեուի նկատմամբ հետապնդումը ապօրինի է։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի կողմից հետախուզվող շուրջ 12 քաղաքացի է այս խնդրով դիմել ՀՔԱՎ։ Նրանց մի մասը, ինչպես Բելաչեուն, ձերբակալվել և ազատ է արձակվել, մյուս մասին փորձել են ձերբակալել։ Բոլոր դեպքերում գործընթացը կանգ է առել՝ հստակ հիմքերի բացակայության պատճառով։
ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Բելաչեուն պատմել է AliQRu-ին, որ երևանյան օդանավակայանի ոստիկանության բաժնում իրեն հարցաքննել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (ФСБ) աշխատակիցը:
«Հայաստանի ոստիկանությունում ինձ ասացին, որ Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունեն, համաձայն որի՝ իրենք ձերբակալում են նրանց, ովքեր հետախուզման մեջ են․․․ Եկավ ինչ-որ մարդ, ներկայացավ որպես Հայաստանի սահմանապահ ծառայության աշխատակից։
Դատելով արտաքինից՝ ռուս էր։ Ասաց, որ Հայաստանը հետաքրքրված չէ նրանով, որ ես այստեղ ինչ-որ էքստրեմիստական գործողություններ անեմ։ Ասացի՝ ես նման բան չեմ էլ նախատեսում, եկել եմ աղջկաս և թոռանս տեսնելու։ Վերցրեց հեռախոսս, սկսեց լուսանկարաներս նայել։
Ասացի՝ էնտեղ մենակ ծաղիկներ ու փիսիկներ են։ Սկսեց հարցեր տալ, թե՝ որքան հաճախ ես գնում СБУ [Ուկրաինայի անվտանգության ծառայություն] զեկույցներով, ինչ նացիստական խմբավորումների հետ կապեր ունես և այլն։
Որևէ փաստաթուղթ նա ինձ ցույց չի տվել։ Հարցրեցի՝ դուք ո՞վ եք, ձեր անունը կասե՞ք։ Ասեց՝ Ալեքսանդր։ Վերջ։ Համազգեստի վրա հայերեն ինչ-որ բաներ էին գրած, ուսին կոճակ էր՝ ռուսական գերբով։ Օդանավակայանի ոստիկանական բաժնում նաև սենյակ կար, որի վրա գրված էր՝ Ռուսաստանի Դաշնության ծառայություն։
Նա ինձ հարցաքննեց և հեռացավ։ Հետո եկավ ինձ ձերբակալածը՝ Վարդանյան, եկավ թարգմանիչը, հետո նաև փաստաբանը։
Հարցրեցի՝ ով էր ինձ հարցաքննում, ասացին՝ նա մեզ հետ կապ չունի, նա ձեզ հարցաքննելու իրավունք չուներ, դուք կարող էիք հրաժարվել հարցաքննությունից և այլն»:
Բելաչեուն ՌԴ քաղաքացի է, բայց փախստանականի կարգավիճակ ունի Ուկրաինայում։ Հայաստան է եկել փախստականի վկայականով։
Կինը պատմել է նաև իր նկատմամբ Ռուսաստանում նախաձեռնված քրեական հետապնդման մասին․
«2016 թվականին ես արդեն Ուկրաինայում էի։ Մենք ակցիա էինք արել ՌԴ դեսպանատան մոտ։ Այն ժամանակ Սավչենկոն դեռ բանտում էր նստած։ Ես ձվեր եմ նետել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ։ Ռուսաստանի իշխանության գործողությունների նկատմամբ իմ վերաբերմունքն էի այդպես արտահայտում։ [Ռուսաստանում] քրեական գործ հարուցեցին իմ դեմ․․․ Բոլոր այս տարիների ընթացքում ես Ուկրաինայում եմ ապրել, Ռուսաստան չեմ վերադարձել»։
2011 թվականից՝ Ռուսաստանում ընտրությունների կեղծումից, հետընտրական բողոքի ցույցերից (Բոլոտնայայի շարժումը) հետո Իրինա Բելաչեուն ընկերների հետ Ռուսաստանում հիմնել է «Դիմադրության ազատ դպրոցը» («Свободная школа сопротивления»), աջակցել և անձամբ մասնակցել է ուկրաինական Մայդանին, Դոնբասում պատերազմից և Ղրիմի բռնակցումից հետո բողոքի ցույցեր է արել նաև Ռուսաստանում։ 2014-ից տեղափոխվել է Ուկրաինա, մինչ այդ՝ ահազանգել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից ճնշումների (գաղտնալսումներ, հետապնդումների), իր երեխաների (կիսով չափ եթովպացի են) նկատմամբ ռասիստական հարձակումների մասին։ Ուկրաինայում կինը քաղապաստան է հայցել, տարիներ անց հայցը բավարարվել է։