Հայաստանից պաշտպանություն հայցող ռուսաստանցի Սալման Մուկաևի գործով արդեն երկրորդ դատական նիստը հետաձգվում է․ դատավորը պահանջում է տրամադրել Եվրախորհրդի՝ Ռուսաստանի Դաշնությանը առնչվող և 2020 թվականին հրապարակված զեկույցի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատվածի լիցենզավորված թարգմանությունը։
Նախորդ նիստին դատավորը Ռուսաստանում բռնաճնշումների մասին զեկույցներ, Մուկաևի հետապնդումը և Հայաստանում նրա գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր էր պահանջել։ Դատարանը փաստացի հաշվի էր առել պաշտպանի փաստարկը՝ ՌԴ-ում Սալմանին մահացու վտանգ է սպառնում, Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում, նրա արտահանձնումը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։
Պաշտպանական կողմը՝ ՓԻՆԿ Արմենիա կազմակերպության փաստաբան Հասմիկ Պետրոսյանը, պահանջում է Մուկաևին փախստականի կարգավիճակ տալ։ Քանի դեռ գործը դատարանում է, նրան արտահանձնել չեն կարող։
Սալման Մուկաևը ձերբակալվել է 2020-ին Գրոզնիում՝ նույնասեռական լինելու կասկածանքով։ Բաժանմունքում նրան ծեծել են, սկոտչով կապել, խեղդել տոպրակով և հոսանքահարել։ Սալմանին ստիպել են «խոստովանել», թե սեռական հարաբերություններ է ունեցել ընկերոջ հետ։ 7 օր անց նրան ազատ են արձակել՝ պայմանով, որ «կհամագործակցի»։ Սպառնացել են, որ հրաժարվելու դեպքում քրգործ կկարեն, ստիպել են ստորագրել դատարկ թղթերի վրա։
Համագործակցելու դեպքում նա պետք է ծանոթանար տղամարդկանց հետ և հրավիրեր նրանց հատուկ բնակարաններ, որոնք վերահսկվում են ուժայինների կողմից։ Սալմանը դա չի արել, այլ փախել է Հայաստան և հայտնվել արտահանձնման վտանգի տակ։ Չեչնիայում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։
մանրամասները՝
Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել
Դատ․ Հայաստանում փորձում են փրկել չեչեն տղամարդուն