Home / Բանտ / Կադիրովը շարունակում է առևանգել ու սպառնալ՝ անգամ Չեչնիայից դուրս

Կադիրովը շարունակում է առևանգել ու սպառնալ՝ անգամ Չեչնիայից դուրս

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բացահայտ սպառնացել է իրավապաշտպան Աբուբաքար Յանգուլաբևին և նրա ընտանիքին։

«Այդ ընտանիքին տեղ է սպասվում կամ բանտում կամ գերեզմանում», – հայտարարել է նա։

Երեկ չեչեն ուժայինները առևանգել են իրավապաշտպան, Կադիրովի խիստ քննադատ Աբուբաքար Յանգուլաբևի մորը, առանց իրենց հետ վերցնելու նրա դեղերն ու հագուստը։ Новая Газета-ի հաղորդմամբ՝ Մուսաևան շաքարային դիաբետ ունի։

Ըստ հաղորդման, հունվարի 20-ին Չեչնիայի ոստիկանները գնացել են Նիժնի Նովգորոդ, Յանգուլբաևի ծնողների տուն՝ պահանջելով, որ վերջիններս ներկայանան Չեչնիա՝ հարցաքննվելու մեքենայությունների վերաբերող մի քրգործով, որի մասին զույգն առաջին անգամ էր լսում։ Ուժայինները ցույց են տվել նրանց հարցաքննության համար բերման ենթարկելու հրամանը՝ ստորագրված Գրոզնիում Ռուսաստանի ՆԳՆ քննչական վարչության ներկայացուցչի կողմից։

Աբուբաքարի հայրը՝ Սայդի Յանգուլբաևը, թոշակի անցած դատավոր է, ինչ իրեն օժտում է անձեռնմխելիությամբ։ Այդ մասին նա հայտնել է չեչեն ուժայիններին և զանգահարել «Ընդդեմ խոշտանգումների կոմիտե», որտեղից երկու փաստաբան են եկել նրա տուն՝ Նատալյա Դոբրոնրավովան և Ալեկսեյ Բաբինեցը։

Յանգուլբաևը դիմել է նաև տեղի ոստիկանություն։ Նիժնի Նովգորոդի իրավապահները եկել են, բայց չեչեն ուժայինների հետո զրուցելուց հետո լքել են տարածքը։

«Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի» տելեգրամյան ալիքում հասանելի է Յանգուլբաևի և ուժայինների խոսակցության ձայնագրությունը, որտեղ նախկին դատավորը ցույց է տալիս իր վկայականը, ինչին ի պատասխան չեչեն իրավապահների ղեկավարը ցույց է տալիս իրենը։

Ի վերջո, Յանգուլբաևն ու փաստաբանները որոշել են թույլ տալ ուժայիններին մտնել տուն, որպեսզի զանգահարեն հարցաքննության համար բերման ենթարկելու հրամանը ստորագրած քննիչին։ Փոխարենը, չեչեն իրավապահները մտել են տուն ու սկսել ծեծի ենթարկել թե դատավորին ու իր կնոջը, թե նրանց դստերը, թե երկու փաստաբաններին։

Քանի որ անձեռնմխելիությունը թույլ չէր տալիս տանել հենց թոշակառու դատավորին, ուժայիններն առևանգել են նրա կնոջը՝ Զարեմա Մուսաևային։

«Նրան աստիճաններից գլորելով իջեցրին՝ ինչպես կարտոֆիլով պարկ։ Նրա հագին թեթև զգեստ էր ու հողաթափեր՝ բոբիկ ոտքերին»,- պատմում է Դոբրոնրավովան։

Աստիճանների վրա կինն ուշագնաց է եղել։ Ամուսնու խոսքով՝ Մուսաևան այդ օրը քովիդի թեստ էր հանձնել և կար հավանականություն, որ նա հիվանդ է։ Ինսուլինը, որն ուժայինները չեն վերցրել, կնոջը պետք է ներարկել օրական 5 անգամ։

Առևանգումից հետո չի հաջողվել հետևել ուժայինների մեքենային, քանի որ նրանցից որոշները դրսից արգելափակել են տան դուռը՝ թույլ չտալով որևէ մեկին դուրս գալ։ Տեղի ոստիկանությանը նրանք մի քանի ժամ սպասել են, բայց այդպես էլ չի եկել։ Մեքենաներն ունեցել են չեչենական համարանիշներ ու մգեցված ապակիներ (ինչն, իդեպ, Կադիրովի հրամանով արգելված է Չեչնիայում)։ Բոլոր ուժայինները եղել են մուգ գույնի քաղաքացիական հագուստներով և բժշկական դիմակներով։

https://twitter.com/novaya_gazeta/status/1484233027211386890

Կադիրովը պնդում է, թե կինը հարձակվել է ուժայինի վրա, նրան «գրեթե աչքից զրկելով»։

«Դրանով իսկ նա արդեն հոդված է վաստակել՝ իրական բանտարկության համար», – հայտարարել է Կադիրովը։

Ընդ որոմ՝ Դոբրոնրավովան ուժայիններին հայտնել էր, որ իրենց հրամանը անօրինական է, նախ՝ քանի որ Յանգուլբաևը դատավոր է, երկրորդ՝ քանի որ ամուսինները մինչ այս առհասարակ որևէ ծանուցում չեն ստացել և գաղափար չունեն քրգործի մասին։ Բացի այդ՝ փաստաբանին ուժայինները հրաժարվել են ներկայանալ և պնդել, որ Նիզնի Նովգորոդի իրավապահ համակարգը տեղյակ է տեղի ունեցողից։

«Ընդդեմ խոշտանգման կոմիտեն» արդեն հրատապ բողոքով դիմել է ՄԻԵԴ՝ 39-րդ կանոնի հիմքով։ 39-րդ կանոնը կիրառվում է հրատապ իրավական աջակցության անհրաժեշտության դեպքում, երբ «մարդու կյանքին և առողջությանը սպառնում է անուղղելի վնասի պատճառման անմիջական վտանգ»։

Այդ ընթացքում ելույթ է ունեցել նաև Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դե, ընդհանուր առմամբ, ֆանտաստիկ պատմություն է, իհարկե։ Մենք նախընտրում ենք չհավատալ նման հաղորդագրություններին առանց որևէ հաստատման։ Շատ ոչ ճշմարիտ ժամանակներում ենք ապրում», – հայտարարել է Պուտինի խոսնակը՝ ընդգծելով, որ Չեչնիայի ուժային որևէ հավելյալ լիազորություն չունեն, քանի որ Ռուսաստուն միասնական իրավական դաշտ է գործում։

Հիշեցնենք՝ սա Չեչնիայի ուժայինների կողմից առաջին առևանգումը չէ։ Դեռևս անցյալ տարվա վերջին Ռամզան Կադիրովի միանգամից 6 քննադատներ հաղորդել էին իրենց բարեկամների անհետացման մասին։ Ընդդիմադիրները վստահ էին, որ իրենց հարազատներին առևանգել են չեչենական իշխանությունները` իրենցից վրեժ լուծելու համար։ Ահազանգողների թվում էին Թումսո Աբդուրահմանովը, Մինկայիլ Մալիզաևը, Հասան Հալիթովը, Human Rights Center Ichkeria ՀԿ-ի տնօրեն Ասլան Արցուևը, «Վայֆոնդ»-ի ղեկավար Մանսուր Սադուլաևի և «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի» արդեն նախկին աշխատակից Աբուբաքար Յանգուլաբևը։ Վերջինիս տուն ուժայիննները նաև այցելել էին խուզարկության նպատակով։