Home / Հայաստան / Կադիրովը տղամարդկանց որս է հայտարարել Ուռուս-Մարտանում

Կադիրովը տղամարդկանց որս է հայտարարել Ուռուս-Մարտանում

Ռուսաստանի պետավտոտեսչության (ГИБДД, ճանապարհային ոստիկանություն) ծառայողի մասնակցությամբ միջադեպը, որին ականատես են եղել չեչենական Ուռուս-Մարտան քաղաքի բնակիչները, վերաճել է ոստիկանական զանգվածային ռեյդերի․ վկաներին Ռամզան Կադիրովը սպառնում է «աքսորել» Ուկրաինայի՝ պատերազմի։

ավտոտեսուչն ու ռոսգվարդիականը

Շաբաթ երեկոյան Չեչնիայի Ուռուս-Մարտան քաղաքի կենտրոնում տեղացիների և պետավտոտեսչության ոստիկանի միջև կոնֆլիկտ է եղել։ Միջադեպի մասին պատմել են չեչենական ընդդիմադիր տելեգրամ-ալիքները, ըստ որոնց՝ ավտոտեսուչին է մոտեցել Ռոսգվարդիայի ծառայողի մեքենան, որը սկսել է տեղում «դրիֆտ անել»: Ռուսական Baza-ն պնդում է, որ ավտոտեսուչն ու ռոսգվարդիականը «հին խնդիրներ» ունեին։

Արդյունքում, ըստ «Կավկազսկի ուզել»-ի, ուժայինը (ըստ որոշ տեղեկությունների՝ Ռոսգվարդիայի հատուկ ջոկատի ծառայակից, ըստ այլ աղբյուրների՝ պահեստազորային ռոսգվարդիական) ապտակել է ավտոտեսուչին, որը ի պատասխան սկսել է կրակել գետնին։

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որին, ի դեպ, վերջերս Ռոսգվարդիայի գեներալ-գնդապետի նոր կոչում է շնորհվել, կոնֆլիկտում բռնել է ավտոտեսուչի կողմը։ Ամենից շատ նրան «զայրացրել է» Ուռուս-Մարտանի տղամարդկանց արձագանքը, որոնք աջակցել են ռոսգվարդիականին։

Չեչնիայի հանրապետության նախագահը, դիմելով «բոլոր նրանց, ովքեր այնտեղ են եղել», հայտարարել է․ «Եթե դուք տղամարդ եք, կռիվ էիք ուզում, չէ՞․․․ հավաքվեք, կռվեք [ուժային մարմինների] ծառայակիցների հետ»։ Հակառակ դեպքում Կադիրովը խոստացել է միջադեպի պասիվ մասնակիցներին ուղարկել Ուկրաինա՝ պատերազմի․ «․․․ Կամ էլ մենք հավաքելու ենք ձեզ և ուղարկելու ենք այն տարածքներ, որտեղ հիմա հատուկ օպերացիա է ընթանում»։

Ռուսաստանի պետական «РИА Новости» գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որում, ըստ լրատվամիջոցի, պատկերված է շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի մի հատվածը։ Տեսանյութում երևում են մի խումբ տղամարդիկ՝ առնվազն 50 հոգի։

«Ռեյդային միջոցառումներ»

Արդեն կիրակի օրը Ուռուս-Մարտանում են հայտնվել ինքնաձիգերով զինված ուժայինները, որոնք սկսել են փնտրել և ձերբակալել քաղաքում ապրող տղամարդկանց։

Ոստիկանական օպերացիան լուսաբանել է «Գրոզնի» հեռուստաալիքը, որը այն «ռեյդային միջոցառումներ» է անվանել։

Պետական հեռուստաալիքի թղթակիցեը պարզաբանել է՝ ռեյդերը (տելեգրամ ալիքները դրանք զտումներ (зачистка) են անվանել) իրականացվում են անձամբ Կադիրովի հրահանգով, դրանց մասնակցում են «հանրապետության բոլոր ուժային կառույցների աշխատակիցները»։

Այսօր առավոտյան «Կավկազսկի ուզել»-ը հաղորդել է, որ իրավապահ մարմինների ավելի քան 500 ծառայողներ քաղաքով մեկ փնտրում են տղամարդկանց, որոնք ականատես են եղել ճանապարհային ոստիկանի և ռոսգվարդիականի միջև կոնֆլիկտին։ Որոնումները համակարգում է անձամբ Չեչնիայի ՆԳՆ ղեկավարը։

«Ռամզան Կադիրովը մեզ հրահանգել է ռեյդային միջոցառումներ իրականացնել Ուռուս-Մարտանովսկի շրջանում՝ այնքան ժամանակ, մինչև չբռնենք միջադեպի բոլոր մասնակիցներին․ նրանք կսովորեն հարգել ծառայողներին և ճանապարհատրանսպորտային կանոնները», – հայտարարել է չեչեն ոստիկանների ղեկավարը։

Արդյոք ձերբակալվածները ուղարկվելու են պատերազմի՝ ներքին գործերի նախարարը չի մանրամասնել։

Չեչնիան, ինչպես հայտնի է, Ուկրաինա «կամավորականներ» ուղարկող հիմանական ռեգիոններից մեկն է։

«Դատելով Կադիրովի արձագանքից, խոսքը ուղղակի կենցաղային մի կոնֆլիկտի մասին չէ․ նա տեղի ունեցածում վտանգ է տեսնում իր իշխանության համար, – BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում ասում է լրագրող Դմիտրի Կոլեզևը․ – Արտահայտվում է նաև չեչեն տղամարդկանց իրական վերաբերմունքը պատերազմին․ այնտեղ ուղարկելը դիտարկվում է որպես պատիժ, այլ ոչ թե «սրբազան պարտք»»։

Niyso տելեգրամյան ալիքը պնդում է, որ արդեն իսկ հայտնի է Ուռուս-Մարտանում առնվազն երկու տասնյակ առևանգված տղամարդկանց մասին։

տե՛ս Քաղաքացիական պատերազմի հեռանկարները Ռուսաստանում