Home / Բանտ / Գլուխներդ կկտրեմ. ՌԴ պատգամավորը սպառնում է առևանգված կնոջ ընտանիքին

Գլուխներդ կկտրեմ. ՌԴ պատգամավորը սպառնում է առևանգված կնոջ ընտանիքին

Չեչնիայի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը խոստացել է կտրել նախկին դաշնային դատավոր Սայիդի Յանգուլբաևի ընտանիքի անդամների գլուխները։ 

«Իմացե՛ք, որ գիշեր-ցերեկ, չխնայելով մեր կյանքը, ունեցվածքն ու սերունդը, հետապնդելու ենք ձեզ այնքան, մինչև ձեր գլուխները կտրենք ու սպանենք ձեզ։ Մենք իսկապես թշնամություն ու արյան վրեժ ունենք․․․․Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր այս տեսանյութը թարգմանում են ռուսերեն»,- Instagram-ի ուղիղ եթերում ասել է Դելիմխանովը։

Դատավոր Յանգուլբաևների ընտանիքին սպառնացել է նաև անձամբ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Կադիրովը կոչ է արել օտարերկրյա պետություններին «դուրս վռնդել» նրանց։ 

«Այսուհետ այդ ընտանիքը ստիպված է լինելու ապրել շուրջը նայելով՝ դողալով դռան ցանկացած թակոցից։ Մեր ժողովուրդն այնքան է վիրավորված Յանգուլբաևների ստոր ու հիստերիկ շատախոսությունից, որ առաջին իսկ պատահած չեչենը հաշվեհարդար կտեսնի նրանց հետ։ Մեր կյանքը նվիրված է իսլամին, և մենք միայն ուրախ ենք, որ մահանում ենք նման հավատուրացների և տականքների դեմ պայքարում», – ասել է Կադիրովը։

Յանգուլբաևի ընտանիքի բռնաճնշումների պատմությունը սկսվում է 2015թ․-ից։ Դատավորի որդին՝ Իբրահիմ Յանգուլբաևը, ВКонтакте-ում «Գայլերի հավատքը» անունով խումբ ուներ, որտեղ հրապարակում էր ռուս-չեչենական պատերազմի ժամանակ զոհված Չեչնիայի բնակիչների լուսանկարներ և ծաղրում էր Չեչնիայի իշխանություններին։ Խումբը հայտնաբերելուց հետո՝ Չեչնիայի նախագահ Կադիրովը հատուկ պատրաստակամության զորքերի օգնությամբ դատավորին և նրա որդիներ՝ Իբրահիմին ու Աբուբաքարին (ով  «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի» փաստաբան էր), ուժով բերման ենթարկեց նախագահական պալատ։ Նրանց դաժան ծեծի ենթարկեցին և ստիպեցին հորը հրաժարականի դիմում գրել։ Իբրահիմի դեմ քրեական գործ հարուցվեց, շուրջ երեք տարի նա անցկացրեց բանտում՝ պարբերաբար ֆիզիկական բռնության ենթարկվելով։

Ընտանիքին, «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի», «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնի (այժմ երկուսն էլ, պետության կողմից «օտարերկրյա գործակալներ» ճանաչվելու հետևանքով, ինքնալուծարված կազմակերպություններ են) և Новая газета-ի օգնությամբ, հաջողվեց փախչել Չեչնիայից, հետագայում նրանց միացավ նաև բանտից ազատ արձակված որդին՝ Իբրահիմը։ 

Ավելի վաղ Կադիրովը «ահաբեկիչներ» էր անվանել Մարդու իրավունքների խորհրդի անդամ և «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի» ղեկավար Իգոր Կալյապինին և Новая газета-ի լրագրող Ելենա Միլաշինային, ինչից հետո Новая газета-ն պահանջել էր քրեական գործ հարուցել նախագահի դեմ՝ ատելություն ու թշնամություն հրահրելու հոդվածով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հարկ չի համարում վերահսկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ մեղադրանքները։

2020 թվականի ապրիլին ստեղծվեց առևանգումների, խոշտանգումների, արտադատական ​​մահապատիժների և Չեչնիայի իշխանությունների բարքերի մասին պատմող «Адат» տելեգրամ ալիքը։ Մեկ տարի անց այն դարձավ Չեչնիայի ամենահայտնի տեղեկատվական ռեսուրսը, և Յանգուլբաևների ընտանիքը դարձավ Ռամզան Կադիրովի անձնական թշնամին:

2021թ․-ի դեկտեմբերին Աբուբաքար Յանգուլբաևը հայտարարեց իր շուրջ 40 հարազատների անհետացման մասին։ 

2022թ․-ի հունվարի 20-ին չեչեն ուժայինները Նիժնի Նովգորոդից առևանգել էին Յանգուլբաևի կնոջը՝ Զարեմա Մուսաևային։ Շաքարային դիաբետով հիվանդ կինն այժմ գտնվում է ճաղերի հետևում (ձերբակալվել է, իբր, ոստիկանի վրա հարձակման համար):