Հայ-ադրբեջանական սահմանի, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումներ են։
Հայաստանի անվտանգության քարտուղարն այսօր այս մասին տեղեկացրել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին․ «Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով»։ Պաշտպանության նախարարությունում էլ ընդունել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին, հաղորդագրությունից դատելով՝ նույն մտահոգությունն է փոխանցվել նաև նրանց։
Ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում Քելբաջարի հատվածում, որը սահմանակցում է Վարդենիսի հետ, Նախիջևանի սահմանին, Սյունիքին սահմանակցող տարածքներում։ Կուտակումներ են նաև Լեռնային Ղարաբաղի շփման գծին, հատկապես՝ Աղդամի ուղղությամբ, որը սահմանակցում է և՛ Ասկերանի շրջանի, և՛ Մարտակերտի, և՛ Մարտունու հետ։
Համացանցի ադրբեջանցի օգտատերերն արդեն մի քանի օր է՝ զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժի, նաև զորահավաքի կադրեր են տարածում։ Նրանք այսօր Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունից խիստ զգուշացում են ստացել՝ չնկարահանե՛լ և սոցիալական ցանցերում չհրապարակե՛լ Զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժ պատկերող կադրեր։
Երեկ նման մի տեսագրություն է հրապարակել նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում», – գրել է Պաշտպանության բանակը։
Այս հրապարակումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակում ուսումնական նոր շրջանի վարժանքներ են, և ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրերից ուսումնական կենտրոններ ու հրաձգարաններ են գնում։
Ամեն օր (երբեմն մեկից ավել անգամ) Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունները հերքում են Բաքվի հայտարարությունները, իբր հայկական կողմը հրադադարի ռեժիմ է խախտել կամ ամրաշինական աշխատանքներ կատարել սահմանի մոտակայքում։
Նման հաղորդագրությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, Բաքուն այս հնարքը անընդհատ է կիրառել՝ ինչպես խոշոր հարձակումներից առաջ, այնպես էլ առանց որևէ էսկալացիայի։ Արդյոք Ադրբեջանը ռազմական գործողությունների է պատրաստվում, թե՞ ուղղակի ուժ է ցուցադրում՝ պարզ չէ։ Սա առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական բանակը ցուցադրական վարժանքներ է անում կամ դիմում մոտալուտ էսկալացիայի սպառնալիքին։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ պարբերաբար սպառնում է՝ դիվանագիտական ճանապարհող չլուծվող հարցերը կլուծեն ուժով։
Հայ-ադրբեջանական բանակցությունները փաստացի փակուղի են մտել։ Դատելով կցկտուր հաղորագրություններից՝ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել ո՛չ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթների, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման ուղիների շուրջ։
Լեռնային Ղարաբաղի խորացող պաշարման ֆոնին ադրբեջանական (և ռուսական) կողմերը շարունակ խոսում են Աղդամի ճանապարհի գործարկման անհրաժեշտության մասին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը փաստացի այլևս չի գործում, ռուս խաղաղապահները արդեն գրեթե երեք ամիս է՝ նույնիսկ հումանիտար բեռներ չեն մատակարարում Ղարաբաղի բնակչությանը, սեփական կարիքներն էլ հոգում են ուղղաթիռային ներկրումների միջոցով։ Ղարաբաղյան կողմը Աղդամի ճանապարհի գործարկման տարբերակը մերժում է՝ այն համարելով բլոկադային շատնաժի և հարկադիր ինտեգրման քաղաքականության մաս։ Բաքվից սպառնում են՝ մինչև Աղդամի ճանապարհը չբացվի, Լաչինը փակ է մնալու։
տե՛ս Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու
Ադրբեջանի արտգործնախարարը այսօր կրկին հայտարարել է՝ «Ղարաբաղի հայերի միակ ապագան երկխոսությունն է Բաքվի հետ և Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումը», «այլ ուղի պարզապես գոյություն չունի, մնացած բոլոր տարբերակները անօրինական են։ Դա է մեր կարմիր գիծը։ Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ այլևս չեն լինելու»։
Ջեյհուն Բայրամովը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (Ադրբեջանը Նախիջևանին կապող՝ Մեղրիով անցնող ճանապարհի) մասին՝ նշելով, որ «նման» մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը բաց թողնի երկրի տնտեսությունը «բարելավելու ևս մեկ շահավետ հնարավորություն», քանի որ ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը․ «աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրանից դուրս, թելադրում են Արևելքն ու Արևմուտքը կապող նոր տրանսպորտային ուղիներ բացելու անհրաժեշտություն․․․»։
Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը, նրանց անվտանգության և իրավունքների երաշխիքները հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային տարաձայնություններից մեկն է։ Երևանը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ/միջնորդություն է պահանջում, Ադրբեջանը հայտարարում է, թե դա «իրենց ներքին հարցն է», որը լուծվելու է Ադրբեջանի գործող օրենսդրության շրջանակներում՝ առանց հավելյալ կամ հատուկ երաշխիքների։ Դանդաղել (կամ փակուղի է մտել) նաև սահմանների դելիմիտացման, ճանապարհների ապաշրջափակման գործընթացները։
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից ընդամենը մի քանի օր է անցել։ Սեպտեմբերի 1-ի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմից 3 զինծառայող զոհվել, 2-ը՝ վիրավորվել են։ Ադրբեջանը հաղորդել է 3 վիրավորի մասին։