Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Շփման գծի երկայնքով մարտեր են, ռմբակոծվում են նաև քաղաքացիական օբյեկտները։ Կան տասնյակ զոհեր։ Երևանում, մինչ այդ, բողոքի ցույցեր են։
Նախկին նախագահների հետ փոխկապակցված ընդդիմությունը հանրահավաք է անում Հանրապետության հրապարակում, խայտաբղետ խմբեր են հավաքվել նաև Ռուսաստանի երևանյան դեսպանատան մոտ։ Սասնա ծռերից ԱԺԲ-ի վերածված «հակառուսական ճակատը» մինչ այս Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ էր։ ՆԳՆ-ն կոչ է անում խուսափել անկարգություններից։
ռուսամետները հեղաշրջում են ուզում
Հանրապետության հրապարակում հավաքվածները՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի ակտիվը, դաշնակցականները, տերտերները, մտավորականները, ռուսամետ տարբեր խմբակների ներկայացուցիչները, «հայաքվեականները», վազգենմանուկյանականները անհապաղ իշխանափոխություն են ուզում։
Երևանյան ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքով մասնակցած Անդրանիկ Թևանյանը պահանջներ է առաջ քաշել՝ հրաժարվել պրահյան գործընթացից, հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց, իրականացնել ամբողջական իշխանափոխություն, ժամանակավոր կառավարության ձևավորել և այլն։
Նա գործադուլի, դասադուլի և անհնազադությունների կոչ է արել և փորձել վրան տեղադրել Հանրապետության հրապարակում։
Մինչ այդ ցուցարարները մի քանի անգամ գրոհել են Կառավարության շենքը։ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև վերջին ծեծկռտուքի ժամանակ իրավապահները ձայնային նռնակ են կիրառել։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանական շարասյան վրա։ Կոտրվել են Կառավարության շենքի պատուհանները։ Կա առնվազն 18 վիրրավոր քաղաքացի և 16 վիրավոր ոստիկան։ Տուժածների շարքում է նաև նախկին հաղորդավար, դաշնակ, պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Մեկին արդեն վիրահատել են։
ՆԳՆ-ն երկու անգամ կոչ է արել սադրանքներին և հակաիրավական հորդորներին չտրվել, նաև քրեական գործ է հարուցել, մեկ հոգու ձերբակալել հայտարարությունների համար, երեքին՝ սառը զենք կրելու։ Եվս երկուսի նկատմամբ հետապնդում են սկսել՝ «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի» հիմքով։ «Հետապնդվողներից» մեկը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր (լքել է Գագիկ Ծառուկյանին ղազագրերի հանրայնացումից հետո), «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Տիգրան Ուրիխանյանն է։
Մինչ այդ Դաշնակցության երևանյան գրասենյակում ժողով է սկսվել։ «Հայրենիքի փրկության» շարժման ֆրոնտմեն Իշխան Սաղաթելյանը քաղաքական խմբերին հրավիրել է խորհրդակցության։ Վերջում հայտարարվել է, որ քննարկմանը մոտ երկու տասնյակ քաղաքական ուժ է մասնակցել (անուններ չեն նշվում)։ Արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ։
Դրսի որոշ կենտրոնների նպատակը ռազմական էսկալացիայի ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն է՝ մեկնաբանել է ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։ Մոտավորապես այս նույն գնահատականն է հնչեցրել նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վարչապետը ավելի վաղ ակնարկել է՝ «արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ», «տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում անելու կոչեր», «այս իրավիճակում շատ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և Հայաստանի ժողովրդից, որը պետք է սթափ և սառը վերաբերվի ստեղծված իրավիճակին»։
Կառավարության մոտ տեղի ունեցողի քաղաքական ֆոնը ձևակերպվում է Մոսկվայում՝ ռուսական ԱԳՆ-ի խոսնակը հայերի վրա հարձակման բեռը դրել է Հայաստանի վրա, իսկ Ռուսաստանի նախկին նախագահ, ԱԽ ներկա փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է անձամբ Նիկոլ Փաշինյանին։
տե՛ս Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են
դեսպանատունը շրջափակված է
Ցուցարարների մյուս խումբը Ռուսաստանի երևանյան դեսպանատան մոտ է։ Դիվանագետներին սկզբում շրջափակել են մասամբ, իսկ հետո՝ արդեն ամբողջությամբ։
Ակցիայի մասնակիցները (քաղաքացիական ակտիվիստներ, առանձին քաղաքական գործիչներ, ՀԿ-ների աշխատողներ, ռուս էմիգրանտներ և այլն) գործողություններ են պահանջում Մոսկվայից, որի պատասխանատվության ներքո գտնվող տարածքների նկատմամբ կեսօրից լայնածավալ ռազմական հարձակում է սկսվել։ Նրանց զայրացրել են նաև Մեդվեդևի «բանդիտական սպառնալիքները»։
Շենքի մուտքերն ու ելքերը փակ են։ Դիվանագետները մնացել են ներսում։ Դրսում մի քանի տասնյակ մարդ է հերթապահում։
Ռուսական կողմը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ՝ միջոցներ ձեռնարկելու պահանջով։
ԱԺԲ-ն բանագնացի է սպասում
«Ազգային- ժողովրդավարական բևեռի» բժիշկ-առաջնորդ Վահե Գասպարյանը վարչապետի առանձնատան մոտ հավաքված աջակիցներին խոստանում էր՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։
Նա և նրա թիմակիցները այժմ ՄԱԿ-ից պահանջում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, Ամերիկայից՝ փրկել Արցախը, ուզում են նաև հեռացնեն ռուս խաղաղապահներին և խոսնատում պատժել Հայաստանի վարչապետին՝ «լավագույն դեպքում Հաագայի դատարանով, վատագույն դեպքում Չաուշեսկուի ճակատագրով»։
ԱԺԲ-ական Ժիրայր Սեֆիլյանը (ղարաբաղյան առաջին պատերազմի հրամանատարներից է) կառավարական առանձնատան դիմաց հայտարարում էր՝ Փաշինյանին 24 ժամ ժամանակ են տալիս, որպեսզի հնարավորինս շուտ և հոժարակամ հրաժարական ներկայացնի։ Վաղը երեկոյան նրանք կրկին հավաքվելու են կեցավայրի դիմաց, և եթե Փաշինյանը իրենց մոտ բանագնաց չուղարկի, նրա «հեռացումը ցավոտ է լինելու»։
Հայտարարությունից հետո հավաքի մասնակիցները կառավարական առանձնատան մոտից շարժվել են Ազատության հրապարակ, որտեղ այժմ 24-ժամյա ակցիա են իրականացնում։