Գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Շահրիար Մամեդյարովի ֆեյսբուքյան երկխոսությունը նախորդել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սեպտեմբերի 19-ին մեկնարկած ադրբեջանական լայնածավալ հարձակմանը։ Հրապարակում ենք շախմատիստների բաց նամակագրության թարգմանությունը՝ չնայած փոփոխված քաղաքական կոնտեքստի․
Լևոն Արոնյանի պատասխանը Շահրիար Մամեդյարովի պատասխանին
սեպտեմբերի 19, ժամը 12։16
— Ողջույն, Շահրիար։
Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ, սիրում եմ քեզ և քո ընտանիքին՝ որպես թանկագին, թեև վերջին շրջանում ինձնից օտարված մարդկանց։
Դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ այժմ քո ստորագրությունն է դրված։ Դու բարի և հասկացող մարդ ես։
Չեմ ուզում հրապարակավ պատասխանել ինձ հասցեագրված մեղադրանքներին, դու ճանաչում ես ինձ և գիտես, որ ես երբեք և ոչ մեկի չեմ խաբել ո՛չ անձնական կյանքում, ո՛չ էլ հանրային։
30-ական թվականներին Ալյոխինը պատվիրված մի հոդված էր գրել արիական շախմատի մասին, նա երկար տարիներ փորձում էր վերացնել իր կյանքի այդ ամոթալի էջը։ Աստված տա, որ դու այլևս ստիպված չլինես նման նամակներ գրել։
Անկեղծորեն քո՝
Լյովա
Շահրիար Մամեդյարովի պատասխանը Լևոն Ահարոնյանին
սեպտեմբերի 18, ժամը 20։47
— Լևոն, ահա ես է՛լ եմ ուզում գրել ճշմարտությունը։
Գրառմանդ մեջ դու խնդրել ես քո ադրբեջանցի գործընկերներին ասել ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը մեկն է և հետևյալը․
Նախ, Խանքենդի [Ստեփանակերտ – խմբ․] տանող ճանապարհը երբեք չի շրջափակվել Ադրբեջանի կողմից, հակառակը՝ Աղդամ-Խանքենդի և Լաչին-Խանքենդի ճանապարհները օգտագործվել են զուգահեռաբար՝ Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ։ Ադրբեջանը Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակչությանը համարում է ի՛ր բնակչությունը, փորձում է ինտեգրել նրանց սոցիալապես և քաղաքականապես և, իհարկե, կհասնի դրան։ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր քաղաքացիաները սովի մեջ լինեն իր տարածքում։
Հումանիտար բեռների՝ Խանքենդի մատակարարման հետ բնավ խնդիր չկա, ապրանքները միայն ստուգվում են։
Հավելեմ, որ ապօրինի զինված խմբավորումների առկայությունն է Ղարաբաղի շրջանում ամենալուրջ վտանգի աղբյուրը, և նրանք անպայման պետք է հեռանան այնտեղից։
Լևոն, գաղտնիք չէ, որ հայերը արդեն երկար տարիներ հանգիստ ապրում և աշխատում են Ադրբեջանում։ Դու եղել ես Բաքվում 2015 թվականի Աշխարհի գավաթի ժամանակ, շրջել ես քաղաքում, և որևէ խնդիր չի եղել։ Դու տեսել ես ադրբեջանցիների հյուրընկալությունը, նույնիսկ քայլել ես Հին քաղաքում և լուսանկարվել։ Նույն տարի՝ Բաքվում I Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ, հայկական դրոշը և հայ մարզիկները հանդիսավոր շքերթով անցել են քաղաքով, որևէ միջադեպ չի եղել։ Իսկ բոլորովին վերջերս, այս տարի, Երևանում հայկական կողմը իր «հյուրընկալությունն» է դրսևորել, երբ այրել է Ադրբեջանի դրոշը ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ՝ ուղիղ եթերով։ Ահա ամենաիրական վայրենությունը։
Հավանաբար, դու մտածում ես, որ աշխարհի շախմատային համայնքը և մենք մոռացել ենք, որ դու լքել ես քո երկիրը և գնացել Ամերիկա՝ Հայաստանի համար ամենածանր ժամանակաշրջանում։ Այդ քայլով դու ցույց ես տվել քո իրական վերաբերմունքը երկրի նկատմամբ, որը «հայրենիք» ես անվանում, և ընտրել ավելի բարեկեցիկ կյանքը։ Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, այդ թվում՝ իմ ծնողները, վտարվել են հարազատ Զանգիլանից 30 տարի առաջ, մենք կորցրել ենք մեր բարեկամներին։ Դու հեշտությամբ փոխել ես քո երկիրը, մինչդեռ ադրբեջանցիները 30 տարի առաջ փախստական են դարձել։
Բոլորովին ակնհայտ է, որ հնարավոր չէ իրականությունը տեսնել օվկիանոսի այն կողմից, ուստի ես հրավիրում եմ քեզ Ադրբեջան, որպեսզի դու կարողանաս ամեն ինչ տեսնել տեղում և ինքնուրույն եզրակացնել՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ՝ սուտը։ Կարծում եմ, դու մեծ հաճույքով կրկին կայցելես։
Լևոն, մենք բազմաթիվ անգամներ մրցակից ենք եղել շախմատում։ Դու երբեք դեբյուտ չես խաղացել, պատվիրված քայլեր երբեք չես արել։ Այս անգամ դու ուզում էիր «դեբյուտ» խաղալ, որը հարիր չէ շախմատին և շախմատիստին, և, ինձ թվում է, արեցիր «քայլ» պատվերով։
Շահրիար Մամեդյարով
Ադրբեջանի հավաքականի անդամ
Միջազգային Գրոսմայստեր
Լևոն Արոնյանի սկզբնական գրառումը
սեպտեմբերի 17, ժամը 20։58
— Սիրելի ընկերներ,
Գրում եմ հարգանքով, շփոթությամբ և ձեզ հետ իմ զգացմունքները կիսելու ցանկությամբ։ Գրում եմ այն, ինչի մասին մտածում եմ ամեն օր, գրում եմ ինձ հարազատ լեզվով՝ ռուսերենով․ հույս ունեմ, որ դա թույլ կտա ինձ ավելի հստակ արտահայտվել։
Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ հարազատ մարդիկ, և ամբողջ Արցախը ավելի քան 9 ամիս է գտնվում է բլոկադայի մեջ։ Սա նշանակում է, որ այնտեղ գրեթե չի մտնում սնունդ, այդ թվում՝ անհրաժեշտ երեխաների նորմալ զարգացման համար, և դեղամիջոցներ, այդ թվում՝ անհրաժեշտ մեծերի համար, որոնք տառապում են սրտի հիվանդություններից։
Աշխարհում արդեն սկսում են օգտագործել «ցեղասպանություն» բառը։ Եվ սա՝ XXI-րդ դարում։
Շրջափակումը պայմանավորված չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական կարևորությամբ կամ որևէ այլ պատճառով։ Դժվար է առհասարակ նման մի պատճառ նշել, երբ սովորական մարդկանց զրկում են ամենաանհրաժեշտից։ Նախևառաջ՝ սննդից։ Բայց նաև գազից և էլեկտրականությունից։
Ես հավատում եմ, որ սովորական ադրբեջանցիներին այս բլոկադան պետք չէ։ Սա ընդամենը վարքի մի մասն է մարդու, որը իրեն Աստծո օրենքից և համամարդկային բարոյականությունից վեր է դասում։ Մարդու, որը իր իսկ ժողովրդի ներկայացուցիչներին շներ է անվանում։ Այդ մարդու անունը Իլհամ Ալիև է։
Ես չեմ համարում, որ մարդկային որակները որոշվում են ազգությամբ։ Բոլոր ազգերի մեջ էլ կան վատ և կան լավ մարդիկ՝ սա տրիվիալ է։
Բայց կան նաև լավ մարդիկ, որոնք լռում են, որովհետև վախենում են վատ մարդկանցից։ Ես հոգնել եմ լռել, և կարծում եմ, որ մարդիկ, որոնք ունակ են ապրումակցել և որոնք չեն կարողանում նայել, ինչպես են 120 հազար մարդու սովամահ անում, մեծամասնություն են։
Դիմում եմ իմ գրոսմայստեր գործընկերներին։ Մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը։ Վստահ եմ՝ իմ ադրբեջանցի կոլեգաները բոլորովին շահագրգռված չեն այն անմարդկային իրադրությամբ, որը ղարաբաղցիների համար ստեղծում է Իլհամ Ալիևը։
Եկե՛ք զարթնենք, մարդիկ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ այն, ինչից մարդկությունը ամաչելու է դարեր շարունակ, տեղի ունենա։ Մենք պարտավոր ենք մեր սերունդների առաջ՝ խոսել այն մասին, ինչ կատարվում է, և փորձել ազդել նրանց վրա, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը։
Ձեր՝
Լևոն