Հեռախոսս՝ ձայներ արձակելով, արթնացրեց, ու ես իմացա, որ հայկական ռեգգի խումբը երգում է աշխարհը փոխելու մասին: Տեսահոլովակում ինչ-որ պահի վարչապետն է հայտնվում: Մինչ դա Լևոն Արոնյանի ժպիտն է երևում, Նարեկ Հախնազարյանն ու նույնիսկ Արթուր Աբրահամը: Ֆեյսբուքն արագ արձագանքեց: Ընկերներիցս մեկն արդեն մտածում է աղջկան շախմատի չտանել:
Կիրակի է: Գնամ հարևանուհուս տեսակցեմ. քանի շաբաթ է կա՛մ մրսած եմ, կա՛մ զբաղված: Ամոթ է: Մենք արդեն եղանակի տեսությունն էինք քննարկում, երբ ներս մտավ ժեկի Սիլվան: Տեսնես՝ գնա՞ց մերոնց արթնացրեց, թե՞ դեռ կհասցնեմ աղբի փողի հարցերը լուծել:
– Ապրիլի երկուսի ընտրություններին մասնակցո՞ւմ եք:
– Իմ ձենն ի՞նչ ա է փոխում, – ասում է հարևանուհիս:
– Ես հանրապետականի կողմից եմ: Եթե ուզում եք, գումար են տալիս:
– Կներեք, այսինքն՝ կուսակցակա՞ն եք, – որքան հնարավոր է սիրալիր հարցրեցի ես:
– Դե, ստեղ էդ գործը ես եմ անում: Ուղղակի, եթե ուզում եք, գումար են տալիս, որ հանրապետական ընտրեք: Անձնագրերի տվյալները գրանցում եմ մոտս ու հետո էդպես…
– Ինչքա՞ն եք տալիս:
– Դե, հիմա չգիտեմ, դա հետո կիմանանք, պիտի ասեն:
Որոշեցի տուն գնալ, մարդ ես: Անտեղի մարդկանց անհարմար դրության մեջ չգցեմ, էլի:
Հեռախոսիս կանաչ լույսն ասում էր՝ քեզ ռեինկարնացիայի էջն են ուղարկել, որը հիշեցնում է՝ «բոլոր աջ ու ձախակողմյան դատարկագլուխներին!!! Մենք երդվյալ անկուսակցականներ ենք!!! Խնդրում եմ չքաղաքականացնել!!!»:
Ա․Ս․