Երեկ Շախմատային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը դժվարին պայքարում կարողացավ պարտության մատնել Իսպանիայի ընտրանուն:
Մեր թիմին հաղթանակ բերեց Լևոն Արոնյանը, ով սպիտակներով առավելության հասավ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի նկատմամբ: Մյուս երեք տախտակներին Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները:
2,5:1,5 հաշվով հաղթանակը 100%-ոց արդյունք ապահովեց մեր թիմի համար, որը բոլոր իր հանդիպումներում հաղթել է: Նման արդյունքի են հասել ևս 12 թիմեր:
3-րդ տուրում ֆավորիտներից ոմանք բավական թույլ մրցակիցների հետ հանդիպեցին: Մասնավորապես, Ադրբեջանի ընտրանին 3,5:0,5 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին, իսկ ԱՄՆ-ն նույն հաշվով՝ Վենեսուելային:
Իսկ ահա Ռուսաստանը և Ուկրաինան, ինչպես և Հայաստանը, բարդ մրցակիցների նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակներ տարան: Ռուսաստանցիները պարտության մատնեցին Լատվիային, իսկ ուկրաինացիները՝ Իսրայելի ընտրանուն:
4-րդ տուրից սկսած առաջատարներից և ոչ մեկը թույլ մրցակիցներ չի ունենալու՝ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում մնացել են միջինից բարձր թիմերը: Հայաստանի հավաքականն այսօր խաղալու է այս տարի բավական վստահ հանդես եկող ֆիլիպինցիների հետ, ԱՄՆ-ն՝ Հնդկաստանի, Ռուսաստանը՝ Չինաստանի, Ադրբեջանը՝ Գերմանիայի, Ուկրաինան՝ Լեհաստանի հետ:
Կանանց մրցապայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց Հնդկաստանից 1,5:2,5 հաշվով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները: Պարտություն կրեց 3-րդ տախտակին հանդես եկող Լիլիթ Գալոյանը, ով անվստահ է գործում այս խաղերի ընթացքում:
Այսօր Հայաստանի կանանց հավաքականը մրցելու է Ադրբեջանի ընտրանու դեմ:
Լուսանկարը՝ chessolympiadistanbul.com