Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր ցավակցությունն է հայտնել ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովի վաղաժամ մահվան կապակցությամբ (լուսանկարում՝ աջից)։
«Շատ տխուր նորություն է»,- ասել է Արոնյանը chess-news.ru-ի հետ զրույցում՝ Վեյկ ան Զեեի մրցաշարի առաջին տուրից հետո։ «Ադրբեջանցի շախմատիստներն ինձ ասել էին, որ Վուգարը առողջական խնդիրներ ուներ, բայց միևնույն է, շատ ցավալի է, երբ այսպիսի տարիքում հեռանում է շախմատային նման տաղանդ ունեցող մարդ։ Ես շատ տխուր եմ»։
Հաշիմովը, երկարատև բուժում անցնելուց հետո, մահացել է հունվարի 10-ի գիշերը՝ Գերմանիայի Հադելբերգի հիվանդանոցում։
Հաշիմովն արդեն ավարտել էր բուժման կուրսը, ու արդեն այս տարի ակնկալվում էր նրա մասնակցությունը շախմատային մրցաշարերին։
Վուգար Հաշիմովը ծնվել է 1986 թվականի հուլիսի 24-ին՝ Բաքվում։ Նա Ադրբեջանի եռակի չեմպիոն էր։ 2009 թվականին Ադրբեջանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2011 թվականի հունվարին հաղթել է «Ռեջո-Էմիլիա» շախմատային մրցաշարը, որն անցկացվում է Իտալիայում 1958 թվականից։