Home / Ազգային ժողով / Դաշնակ, Քոչարյան, նախկին մարզպետ, սիրված երգիչ Ռուսլան (լուսանկարներ)

Դաշնակ, Քոչարյան, նախկին մարզպետ, սիրված երգիչ Ռուսլան (լուսանկարներ)

1998-ի հեղաշրջումից հետո իշխանության եկած և 2008-ի արյունահեղությունից հետո քաղաքականությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանը կարծում էր, որ «պետական պաշտոնյա լինելն իր համար ավարտված է»։ Թեև նրա «մտքով նույնիսկ չէր անցնում, որ կարող է վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանությանը», այժմ նա վերադարձել և ներկայացնում է։

5

Չնայած Քոչարյանը ակտիվորեն «համագործակցում» էր 16+ կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժման» հետ կամ, ըստ որոշ տեղեկությունների, ղեկավարում էր այդ շարժումը, փրկիչների հանրահավաքներին նա չէր մասնակցում։ Քոչարյանի գործուն ներգրավվածության մասին հանրությունն իմանում էր հիմնականում շարժման առաջնորդների, այդ թվում և իր՝ երկրորդ նախագահի, փակ հանդիպումների մասին հաղորդումներից, իսկ ակտիվ աջակցության մասին՝ ռուս լրագրողների համար հրավիրվող նրա ասուլիսներից և մի քանի հարցազրույցներից, որ նախկին նախագահը հասցրել է տալ պատերազմից հետո։

Սա, թերևս, առաջին հանրահավաքն էր, որին Քոչարյանը երևում է սեփական դեմքով։ «Հետ եմ վարժվել հանրահավաքներին խոսելուց, – ասում է նախկին նախագահը, – Իշխանը Սաղաթելյան 6 ամիս է՝ տրենիռովկայի մեջ է, ես չեմ կարող նրա պես խոսել»։

18

Այսօր, ամեն դեպքում, «Գրանդ հոթել Երևանում» և Ազատության հրապարակում պաշտոնապես մեկնարկեց երկրորդ նախագահի նախընտրական արշավը։

Հյուրանոցում կայացավ հանդիսավոր արարողությունը. Քոչարյանն և նրա թիմակիցները՝ ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» նորահայտ կուսակցությունը՝ ստեղծված Սյունիքի նախկին մարզպետի և գործող մի քանի համայնքապետերի կողմից, հուշագիր ստորագրեցին։

15

Հայտարարվեց, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նրանք մասնակցելու են «Հայաստան» կոչվող դաշինքով։

Նախընտրական ցուցակը գլխավորելու է ինքը` Ռոբերտ Քոչարյանը։ Դաշնակ Իշխան Սաղաթելյանը, ով վերջին ամիսներին համակարգում էր «Հայրենիքի փրկության շարժումը», երկրորդ համարն է։ 

11

Առաջին հնգյակում է նաև «Վերածնվող Հայաստանի» նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, մեծահարուստ Վահե Հակոբյանը։ Վերջինս նախկին ԱԱԾ-ական է, Ռուսաստանում ավարտել է ԿԳԲ-ի դպրոցը, աշխատել է Սերժ Սարգսյանի ադմինիստրացիայում։ Փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

12

Նախընտրական ցուցակից այլ անուններ չհրապարակվեցին։

13

Դատելով ճեպազրույցից, ցուցակում կլինի նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով մինչև վերջերս Քոչարյանի հետ կիսում էր Մարտի 1-ի աղմկահարույց գործով ամբաստանյալների նստարանը։

Վերջինս, ի դեպ, կարծիք հայտնեց, որ «երկրի ղեկավարումը պետք է լինի մեծահոգի մարդկանց, փորձառու, ճանապարհ անցած անձանց ձեռքերում»։ Եվ նշեց, որ Քոչարյանի գլխավորած դաշինքը «գալիս է նորից՝ մեր հին արժեքները վերականգնելու և ավելացնելու․․․»։

16

Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, ինչու է որոշել դաշնակցել Դաշնակցության և Վերածնվող Հայաստանի հետ։

«Ինչո՞ւ Դաշնակցություն։ Որովհետև սա այն կուսակցությունն է, որը աշխարհով մեկ պայքարել է և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Սա այն կուսակցությունն է նաև, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ․ Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախագահության տարիներին նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձն արդյունավետ էր, արդյունքները կան, և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել», – ասաց նախկին նախագահը։

8

Իսկ ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան»։

«Որովհետև Սյունքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանում․ Սյունիքից է կախված, մենք մնալու ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում։ ․․․Սյունքին այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում», – պատասխանեց Քոչարյանը՝ առանց մանրամասնելու, ինչու է Սյունքը սպառնալիքների էպիկենտրոն։

19

Միջոցառման պաշտոնական մասը, մի խոսքով, մեկնարկեց հյուրանոցում։ Մոդերատրություն էր անում «Քառյակ մեդիայի» համասեփականատեր, նախկին հանրապետական պատգամավոր Արման Սաղաթելյանի կրտսեր եղբայրը՝ Վազգեն Սաղաթելյանը, ով ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի պատասխանատուն էր։ Ելույթ ունեցան Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Հակոբյանը։ Դաշինքի հռչակագիրը ներկայացրեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

1

«Դաշինքի ձևավորումը թելադրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ», – ասված էր երկար տեքստի սկզբնական մասում։

17

Ազատության հրապարակում հավաքված աջակիցները առաջնորդների ելութներին հետևում էին լայվով, որ հեռարձակվում էր էկրաններին և բարձրախոսներից։

21

Կարճ ելույթներից հետո եռյակը ստորագրեց հուշագիրը։ Հայտարարվեց, որ փոքրիկ բրիֆինգ կարվի, որից հետո ներկաները կիջնեն հրապարակ՝ միանալու իրենց համակիրներին։

7

Բրիֆինգն իսկապես կարճ էր։ Երկու հարց։

Առաջին հարցը Արմնյուզից էր։ Երկար առաջաբան ուներ։ Լրագրողը, օրինակ, հայտարարեց, որ Քոչարյանի հակառակորդը վայելում է «մեր թշնամիների՝ Ալիևի, Էրդողանի և Գորշ գայլերի աջակցությունը»։ Առաջաբանին հաջորդեց բուն հարցը․ «Դիսկոմֆորտ չէ արդյո՞ք ձեր համար նման հակառակորդ ունենալը»։

22

Կար նաև երկրորդ հարցը․ «Արդյո՞ք այս վեց ամիսները ձեր համար ժամանակի կորուստ չէ՞ր։ Հանրային տրամադրությունները, կարծես, մի քիչ խաղաղվեցին․․․»։

Քոչարյանն ի պատասխան առաջարկեց հետադարձ հայացքով չնայել, այլ նայել դեպի ապագան՝ դեպի ընտրությունները։

2

Հաջորդ հարցը «Ազատությանն» էր։ Ռադիոկայանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Քոչարյանը մերժել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեք նախագահներով մեկ դաշինքով ընտրություններին մասնակցելու առաջարկը, ի՞նչ խոչընդոտներ կային, որ Քոչարյանը չի կարողացել հաղթահարել «հանուն պետության շահի», արդյոք միանձնյա իշխանություն ձևավորելու մղո՞ւմն է։

«Միասնական դաշինք ձևավոր-չձևավորելը ուղղակի [գործող իշխանությունների դեմ] պայքարելու տեխնիկաներից մեկն է: Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով, միայն կողջունեմ, եթե նաև իրենք ամբողջությամբ, ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ: Այս պայքարն ունի երկու բաղադրիչ․ մեկը՝ պայքար այս կործանարար իշխանության դեմ, մյուսը` այո, պայքար նաև իշխանության համար», – պատասխանեց նախկին նախագահը:

24

Բրիֆինգն, այսպիսով, ավարտեց։

Ներկաները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։ Քոչարյանին և ընկերներին ուղեկցող երիտասարդները «Հայաստան» դաշինքի շապիկներով և գլխաշորերով էին։ Վանկարկում էին «դեպի ուժեղ Հայաստան»։

9

Ազատության հրապարակում կարճ ելույթներն ամփոփվեցին Քոչարյանի ելույթով։ Նրա խոսքի սկզբում հրապարակում մարդ վատացավ։

25

Որոշ ընդմիջումից հետո Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանի և Սյունիքի սահմաններն անվտանգ չեն, Փաշինյանի իշխանությունը քայքայել է բանակը, Արցախի ապագան մշուշոտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը 4․5 տարի հետո կարող է հրաժարվել ռուս խաղաղապահ զորքերից, Հայաստանի պարտված իշխանությունը չի կարող բանակցել, իսկ իրենց նպատակը արժանապատիվ խաղաղությունն է, Հայաստանի տնտեսությունը ճգնաժամ մեջ է և այլն։

10

Նախկին նախագահի ելույթից հետո սկսվեց երաժշտությունը։

«Ես ու դու նորից
Կարող ենք բարի լույս իրար մաղթել
Ետ բերել մեր առավոտը
Մենք գիտենք ինչպես հաղթել» և այլն։

 

14

Երգեց նաև «սիրված երգիչ Ռուսլանը»։

«Թե կռվից չգամ ու քո համբույրը չզգամ
Արցունքներդ լի թող հաղթանակը սրբի»։

26

Հրապարակում հավաքված մարդիկ՝ եռագույն դրոշներով, գեորգևյան ժապավեններով, դաշնակցական կարմիր և «Հայաստան» դաշինքի սպիտակ դրոշակներով (կարմիր սլաքը դեպի աջ) կամաց-կամաց սկսեցին հեռանալ։

Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի