Գլխավոր / Բնապահպանություն / Կրկին Վահե Հակոբյանի, PARA TV-ի, Զանգեզուրի կոմբինատի փողերի և այլնի մասին

Կրկին Վահե Հակոբյանի, PARA TV-ի, Զանգեզուրի կոմբինատի փողերի և այլնի մասին

«Փաստերի ստուգման հարթակը» օրեր առաջ  «Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները» վերնագրով հոդված էր հրապարակել։ Հրապարկման մեջ ասվում է, որ Սյունիքի նախկին մարզպետ, ԱԱԾ-ի և Դատախազության նախկին աշխատակից, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը, ըստ ձեռք բերված տվյալների, հանդիսանալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատարերից մեկը՝ դրա միջոցով ֆինանսավորել է  իր և իր կնոջ բիզնեսները։ Ըստ հրապարակման՝ մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Հակոբյանը ստեղծում է «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամը, որի գումարները հիմնականում գոյանում էին ԶՊՄԿ-ից, իսկ նպատակն էր Սյունիքում ներդրումային ծրագրերի իրականացումը։ Հիմնադրամը, ըստ կանոնադրության, պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը և ղեկավարվում Սյունիքի մարզպետի կողմից։

«Այսպես, 2017 թվականի հաշվետվության համաձայն, հիմնադրամը ծախսել է 364,897,000 դրամ, որից 349,369,944 դրամը նվիրաբերել էր հենց Զանգեզուրի ՊՄԿ-ն։ Այս հիմնադրամը, ինչպես արդեն նշեցինք, հովանավորել է տարբեր ներդրումային ծրագրեր: Դրանց մի մասը, սակայն, պատկանում է հենց Վահե Հակոբյանի ընտանիքին, կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին։ Հիմնադրամը աջակցում է «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ծրագրերի իրականացման հարցում», — ասվում է հոդվածում:

Վահե Հակոբյան, Էլիզաբեթ Պետրոսյան

Հրապարակման մեջ տեղ գտած նյութերը ուղարկվել են ոստիկանություն․ «Հրապարակման մեջ տեղ գտած նյութերը ուղարկվել են ոստիկանության 6-րդ վարչություն, այժմ ստուգման փուլում են », — «Փաստերի ստուգման հարթակին» հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Fip.am-ի հոդվածում, մասնավորապես, նշվում էր, որ կոմբինատը Հայաստանի, թերևս, ամենից փակ և ամենից հարուստ ընկերություններից մեկն է։ Վերջինիս շահույթը հասնում է միլիարդավոր դրամների, սակայն ճշգրիտ թվեր մինչ օրս հրապարակված չեն։

Կոմբինատի սեփականատերերից մեկը, որոշ տվյալներով, հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը։ Նախկին մարզպետի ունեցվածքը, ըստ հայտարարագրի, կազմում է 24,150,000 դրամ, 400,800 դոլար և 106,100 եվրո։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է ամսական մոտ 500,000 դրամ: Բացի այդ, Հակոբյանը մեկ տարում գնել է երկու բնակարան` 124 և 91 մլն դրամ արժողությամբ, իսկ Իսպանիայում գտնվող իր բնակարանի դիմաց վճարել է 275,874 եվրո։ Հաշվետու տարում Հակոբյանը գնել է նաև երեք ավտոտնակ և Արաբական Միացյալ Էմիրությունների արժեթղթեր:

Ինչպես արդեն նշվել է, մարզպետ Հակոբյանի ստեղծած հիմնադրամը աջակցում է նրա կնոջ «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը։ Մամուլում բազմիցս գրվել է, որ հենց այս ՀԿ-ին պատկանող PARA TV հեռուստաընկերության միջոցով իրականացվել է Ամուլսարի դեմ մեդիատեռոր։ ՀԿ-ի և նույնանուն հեռուստաընկերության սեփականատեր են հանդիսանում մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը և Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը։


Լիկա Թումանյան

Մեկ այլ ծրագիր, որը հովանավորել է Վահե Հակոբյանի ստեղծած հիմնադրամը, Կապանում «Դոն Նիկո» մակնշմամբ կիսաֆաբրիկատ պիցցաների արտադրությունն է։ Նախատեսվում էր, որ ընկերությունը պետք է արտադրի տարեկան մինչև կես միլիոն միավոր պիցցայի կիսաֆաբրիկատ՝ ինչպես ներքին սպառման, այնպես էլ Ռուսաստան, Իրան և այլ երկրներ արտահանելու համար։

«Դոն Նիկո» ապրանքանիշի արտադրությունը իրականացնում է «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ընկերությունը, որը կրկին պատկանում է նախկին մարզպետի կնոջը՝ Էլիզաբեթին։

Ի դեպ, հատկանշական է, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանը հայտնեց, որ «Իտալիան Ֆուդ Քամփնի» ընկերությանը դրամական հատկացում չի կատարվել, մինչդեռ հիմնադրամի կայքում բոլորովին այլ բան է նշված։

2017 թվականին բնապահպան Արթուր Գրիգորյանը (այժմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Գրիգորյանը Վահե Հակոբյանին մեղադրում էր բնապահպաններին վարկաբեկելու մեջ։ Հրապարակված տեքստում նշվում է Էլիզաբեթ Պետրոսյանի և վերջինիս պատկանող «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն։

Հակոբյանը բնապահպանին և հանցագործության մասին տեքստը հրապարակած Aravot.am, Epress.am և Syuniacyerkir․am լրատվամիջոցներին դատի է տվել՝ պահանջելով հերքել իր մասին տեղեկատվությունը։

Նախկին մարզպետը նաև ֆուտբոլի սիրահար է, նա հանդիսանում է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահ։ Ակումբի հովանավորն է ԶՊՄԿ հիմնադրամը, որը, 2017 թվականի հաշվետվության համաձայն, տրամադրել է 578,703,300 դրամ, իսկ 2016-ին՝ 576,768,000 դրամ։

Այս հիմնադրամի նախագահը Զարուհի Տոնապետյանն է, ով նաև Կոմբինատի փոխտնօրենն է։

Նախկինում Վահե Հակոբյանը աշխատել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես մոնիթորինգի ծառայության մասնագետ։ Այս ՊՈԱԿ-ում է աշխատել նաև ՀՀԿ-ական պատգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ում կրտսեր եղբայրը՝ Վազգենը, զբաղեցրել է Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակի և ԶՊՄԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պաշտոնները։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Արա Սաղաթելյանը, ով Արման և Վազգեն Սաղաթելյանների հորեղբայրն է։

Արա Սաղաթելյան
Արման Սաղաթելյան
Վազգեն Սաղաթելյան