Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ․ նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը կառչած է աթոռից, իսկ ընդդիմությունը կարմիր գծերը չի հատել։
Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։
Տեր-Պետրոսյանը գնահատել է «բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ» և ևս մեկ անգամ ողջունել Օնիկ Գասպարյանի որոշումը՝ «իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում»։
«Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով», – գրել է նախկին նախագահը։
Դրանով հանդերձ, Տեր-Պետրոսյանը կրկին շեշտել է՝ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջման անհապաղ կայացումն է։
«Դրա հնարավորությունը դեռեւս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլեւս երբեք նորմալ եւ արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։
Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն եւ ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»։
Տեր-Պետրոսյանի նախորդ հայտարարությունը՝ հրապարակված մարտի 8-ին, կարելի է կարդալ այստեղ։