«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Մարուքյանն նշել է, որ կոնսենսուս այս պահն չկա, բայց կա բանակցությունները շարունակելու կամք։
«Այն, որ մենք պետք է ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, էդ հարցում ունենք հասկացվածություն», – ասել է Մարուքյանը։
Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը։ Հաղարդագրությունում նշվում է, որ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները շարունակելու առիթը հենց Մարուքյանի հայտարարություններն էին։
«Հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ։ Եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է։
Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ եղել է, որ պետք է ի վերջո քաղաքական այս շրջափուլն ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ, և ես այսօր ուրախ կլինեմ լսել Ձեր տեսակետները, թե ինչպես առաջ շարժվել: ․․․Ես հանդիպում կունենամ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ, խմբակցության հետ նույնպես քննարկումներ կունենամ, որոնց արդյունքներով կփորձենք հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային: Գուցե հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումն արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի, մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը», – հանդիպման ընթացքում նշել է վարչապետ Փաշինյանը։
Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր՝ իրենց կուսակցությունը արտահերթ ընտրությունների հուշագիր կստորագրի, եթե Փաշինյանը հանգիստ թողնի կառավարության հրաժարականը պահանջող զինվորականներին, հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին:
Մարուքյանն այսօր պարզաբանել է․ «Ես առաջարկությունն արել եմ՝ ելնելով ստեղծված քաղաքական ճգնաժամից, այսինքն այն, ինչ-որ մենք ունեինք, դրան գումարվել է Գլխավոր շտաբի պատմությունը, որն այս պահին քաղաքական ճգնաժամի մի մեծ մասն է: ․․․Ես առաջարկել էի, որ մենք բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնենք և գնանք ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չենք կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել: Իմ առաջարկի կոնտեքստը սա է, այսինքն՝ այս հատվածը միասին լուծենք ու գնանք ընտրությունների», – ասել է Մարուքյանը:
Փաշինյանն անթույլատրելի է համարել Գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈւ ապաքաղաքական լինելու Սահմանադրական նորմը:
«Ի նպաստ ճգնաժամի հանգուցալուծման» Փաշինյանը և Մարուքյանը պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել։