Home / Բանակ / ԶՈՒ ղեկավար կազմը ԳՇ նախկին պետի ուղերձը համարում է «հանձնարարական»

ԶՈՒ ղեկավար կազմը ԳՇ նախկին պետի ուղերձը համարում է «հանձնարարական»

Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարում է՝ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։

«Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական», – ասված է ԶՈւ ղեկավար կազմի հայտարարությունում։

Օնիկ Գասպարյանն այսօր տարածած ուղերձում վերահաստատել էր՝ առկա ճգնաժամի «հայրենանպաստ լուծումը» հնարավոր է ապահովել միայն վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Նա նաև տեղեկացրել էր, որ իր պաշտոնանկության հարցը կվիճարկի վարչական դատարանում և հորդորել էր գեներալներին, սպաներին և զինվորներին «շարունակելու անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»։

Գասպարյանի ուղերձը հաջորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առավոտյան հայտարարակ հայտարարությանը, որում նշվում էր, որ Օնիկ Գասպարյանին այսօրվանից իրավունքի ուժով ազատված է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։