Home / Դատարան / Դեսպանի սպանություն․ Ռուսաստանը գոհ է Թուրքիայի դատարանից

Դեսպանի սպանություն․ Ռուսաստանը գոհ է Թուրքիայի դատարանից

Թուրքական դատարանն արձակել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով վճիռը․ 5 հոգի դատապարտվել է ցմահ ազատազրկման (երկուսը՝ ահաբեկչության հոդվածով), 9 հոգի՝ 5-15 տարվա բանտարկության, ևս 5 հոգի արդարացվել է։

Դեսպանը սպանվել էր 2016թ․ դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում տեղի ունեցած ցուցահանդեսին ելույթ ունենալիս։ Ըստ պաշտոնական վարկածի՝ մարդասպանը թուրք ոստիկան Մևլութ Ալթընթաշն էր, ով թիկնապահի տեսքով կարողացել էր մուտք գործել միջոցառման վայր։

Կրակելիս՝ Ալթընթաշը գոռացել էր՝ «Սա ձեզ Հալեպի համար», «Մենք մեռնում ենք այնտեղ, դու կմեռնես այստեղ» և այլն՝ քաղաքական սպանությունը ուղղակիորեն կապելով Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների հետ։

Կառլովի սպանությունից րոպեներ անց

Դատական գործընթացը սկսվել է 2019-ի հունվարին և շարունակվում է ավելի քան 2 տարի։ Քրեական գործում ներգրավված է 28 մեղադրյալ, որոնցից 9-ը չեն մասնակցել դատական նիստին, քանի որ գտնվում են հետախուզման մեջ։ Նրանց թվում է նաև թուրք ընդդիմադիր գործիչ, նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ Ֆեթուլլա Գյուլենը, ում, ի թիվս այլի, երկրի ղեկավարությունը մեղադրում է նաև 2016-ի հեղաշրջման փորձի մեջ։։ Դատախազությունը պահանջել է, որ հետախուզվողների գործերը ևս առանձին կերպով քննվեն։

Ցմահ բանտարկության դատապարտված 5 մարդկանցից 3-ն ուղղակիորեն մեղադրվում են սպանության մեջ։ Նրանք են Թուրքիայի ՏՏ ոլորտի ղեկավարության նախկին աշխատակից Շահին Սեգյութը (հետաքննության վարկածով՝ Կառլովին սպանողի համակարգողն է եղել), ինչպես նաև նախկին ոստիկաններ Սալիհ Յըլմազն ու Ահմեդ Քըլըչարսլանը։

Ցմահ ազատազրկված մյուս երկու մարդիկ՝ Հուսեյն Քեթյուջեն (ՏՏ ոլորտի ղեկավարության նախկին աշխատակից) և Վեհբի Քյուրշադ Աքալընը (թուրքական հետախուզության՝ Ռուսաստանի հետ աշխատանքների գծով բաժնի նախկին պետ) մեղավոր են ճանաչվել Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ։

Գործում ներգրավվածները մեղադրվել են սահմանադրական կարգի տապալման փորձի, ահաբեկչական խմբավորման մասնակցելու և ռուս-թուրքական հարաբերությունները խաթարելու նպատակով իրագործված սպանության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բավարարված է դատական գործընթացի վերջնարդյունքից։

«Բավարարված ենք, որ Թուրքիայի իրավապահ և դատական համակարգերը վերջապես դատավճիռ է արձակել այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը ծանր հետք է թողել ժամանակակից ռուս-թուրքական հարաբերությունների վրա։

Արժանին ենք մատուցում այն փաստին, որ թուրքական արդարադատությունը վճռականորեն դատապարտել է այս ահաբեկչական գործողությունը, որի զոհը դարձավ ռուսաստանցի ականավոր դիվանագետը։ Արձանագրում ենք, որ երկկողմ կապերի զարգացումը վերջին տարիներին հիմք է տալիս ենթադրելու, որ կողմերը հաղթահարել են այդ ծանր, բառի բուն իմաստով՝ աննախադեպ փորձությունը։ Առաջվա պես ելնում ենք նրանից, որ հանցագործության համար պատասխանատվության ծանրակշիռ մասը կրում են որոշակի շրջանակներ, որոնք Ա․Գ․ Կառլովի վրա հարձակման նախօրեին ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում արհեստականորեն խթանում էին Սիրիայում Ռուսաստանի գործողությունների շուրջ բացասական մթնոլորտը», – ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։