Վտանգավոր ու սադրանքների միջոցով իրենց ուզածին հասնելուն պատրաստ խմբերը շարունակում են իրենց՝ հասարակությունն անտեսելու ագրեսիվ փոքրամասնության գործելաոճը։ Այստեղ որոշիչ է ոչ այնքան «փոքրամասնություն», որքան «ագրեսիվ» բառը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին ռազմական գործողությունների վերսկսման մասին, հայկական կողմը հերքեց այդ լուրը, հայաստանյան կազմակերպովի ակցիաները շարունակվում են՝ տեղական լրատվամիջոցների տեռորի ֆոնին, պատգամավորներին սադրող տղամարդկանց խմբեր են հայտնվում, իրենք իրենց նկարում ու տեսանյութերը նույն լրատվամիջոցներին տրամադրում, հավանաբար, որպես հաշվետվություն՝ կատարված աշխատանքի համար, իսկ իշխանություններն արդեն հանդես եկան արտահերթ ընտրություններ կազմակերպելու առաջարկով։
Ինչպիսի՞ իրավիճակ է տիրելու ընտրատեղամասերում, եթե մամուլի կողմից «ընդդիմություն» հռչակված ագրեսիվ փոքրամասնությունն, իբր Ղարաբաղում պատրությունից վրդովված, սակայն պարզապես առիթից օգտվելով կամ/և այդ առիթը ստեղծելով, ցանկանում է իր իմացած ձևերով՝ ծեծուջարդով, փողով, սադրելով, վախեցնելով, տեռորով, հետ ստանալ քաղաքական իշխանության լծակները։
Անվանի հանրային գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ, լինելով զանազան մարմինների ինչ-ինչ խորհուրդների անդամներ, օժանդակում են այս կրկեսը նախաձեռնողներին։
Այս իրավիճակում, հասկանալով հանդերձ՝ ում հետ գործ ունենք, գիտակցելով նաև ներկայիս իշխանությունների սխալներն ու բացթողումները, պատրաստվում ենք արտահերթ ընտրություններին։
Ամենամեծ՝ պատերազմից չխուսափելու սխալը, հարցը «ցավոտ տարբերակներով», բայց ոչ պատերազմով լուծելուց հրաժարվելը կամ դրան ամենասկզբից չգնալը հնարավորություն ստեղծեց արտաքին ու ներքին ուժերի համար (դրանք հաճախ, կարծես, նույն գործառույթն են կատարում) դեմ գնալ կամ ճնշումներ գործադրել «ժողովրդի կամքով ձևավորված» իշխանությունների վրա։
Միգուցե, հանրաքվեո՞վ որոշվեր արտահերթ ընտրությունների վերաբերյալ բնակչության մեծամասնության կարծիքը։ Ըստ այդմ էլ կարելի էր ընտրություններ անցկացնել կամ չանցկացնել։
Մյուս կողմից, սադրանքներից, բռնությունից ու ատելություն քարոզելուց բացի այլ բանի ունակ չլինելով, իշխանության կարոտները չպետք է խանգարեն ժողովրդավար գործընթացներին ու, իհարկե, արտահերթ ընտրություններին տվյալ պարագայում այլընտրանք չկա, բայց արդյոք հնարավո՞ր է ապահովել վերջիններիս՝ ընտրությունների ընթացքին չմիջամտելը։
Ագրեսիվ փոքրամասնությունը կռիվ է տալիս սեփական անվտանգության ու բարեկեցության համար՝ վտանգելով մնացածիս։
Ու փաստորեն, արտահերթն էլ կարող է կռվի վերածվել․ իշխանության մեռածների, իրենց մերժածներիս հախից գալու մոլուցքով տառապողների ու այս ամենին այլընտրանքներ փնտրողներիս միջև։
Տվյալ պատկերը որևէ կապ չունի ժողովդրավարության հետ։ Այո, իշխանությունների բացթողումներն են նաև, որ բերել են այս իրավիճակին, բայց նրանց ժողովդրավար ժամանակավրեպ քայլերն այժմ էլ կբերեն բռնություն քարոզողների ու իրականացնողների գլուխ բարձրացնելուն։
Առաջնահերթ էր օրենքի հաստատումը, դատարանների, ուժային կառույցների բարեփոխվելը, բայց դրա բացակայության պայմաններում, բռնության կոչերի ու բռնություն կիրառելու համար պատասխանատվության չենթարկելու պայմաններում արտահերթ ընտրություններում ծեծուջարդից խուսափելը բարդ կլինի։
Ալլա Մանվելյան