Ղարաբաղի պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել», – մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան լուրեր էին տարածվել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում, ինչի վերաբերյալ Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել»։
Հարկ է նշել նաև, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։