Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կենսապահովման նվազագույն գումարի մասին օրինագիծը։ Նախորդ տարվա համեմատ՝ այն 6 մանաթով [$3,52], կամ 3,1 տոկոսով ավելացել է։ Ըստ փորձագետների՝ այդ գումարով մեկ ամիս ապրելն անհնար է, հայտնում է jam-news-ը։
2021 թ-ին Ադրբեջանում կենսապահովման նվազագույն գումարը կազմելու է 196 մանաթ [$115,3], այդ թվում՝ անաշխատունակ բնակիչների համար՝ 207 մանաթ [$121,8], թոշակառուների համար՝ 162 մանաթ [$95,3], երեխաների համար՝ 175 մանաթ [$102,9]։
Տնտեսական հարցերի փորձագետ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին, ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է կենսապահովման նվազագույն գումարի մասին օրենքի փոփոխությունները։
«Ադրբեջանի կառավարությունը սիրում է «թվերի հետ խաղեր», վիճակագրական տվյալներ է բերում՝ քաղաքական հռետորաբանությանը համապատասխան։ Կենսապահովման նվազագույն գումարը հաջորդ տարի սահմանվել է միջինում 196 մանաթ, և սա հաշվարկվում է՝ ելնելով նվազագույն սպառողական զամբյուղից։ Ադրբեջանի կառավարությունը նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկել է հետևյալ կետերի հիման վրա․
հաց՝ տարեկան 136, 8 կգ, կամ օրական 380 գրամ (այս մեծ ծավալը վերցված է կալորիաների օրական նորմայի բավարարման համար),
կարագ՝ տարեկան 7 կգ, կամ օրական 19 գրամ,
միս և մսամթերք (բոլոր տեսակները)՝ տարեկան 32,9 կգ, կամ օրական 90 գրամ,
ձուկ և ձկնամթերք՝ տարեկան 7,7 կգ, կամ օրական 21 գրամ,
ձու՝ տարեկան 150 հատ, կամ 2.5 օրը 1 հատ,
շաքարավազ և քաղցրավենիք՝ տարեկան 16,9 կգ, կամ օրական 46 գրամ,
կարտոֆիլ՝ տարեկան 54,8 կգ, կամ օրական 150 գրամ (նույնպես՝ կալորիաների նորմայի բավարարման համար)։
Անցնենք սպառողական ապրանքին, որի միջինացված գների սահմանման չափանիշները պարզ չեն (օրինակ՝ հագուստի, կոշիկի միջին արժեքը նշված չէ), բայց կան նորմեր․
վերարկու կամ այլ վերնահագուստ՝ ութ տարվա համար 3 հատ,
կոշիկ՝ չորս տարվա համար 6 զույգ,
զուգագուլպա՝ 1.5 տարվա համար 7 զույգ, այլ կերպ ասած, մեկ զույգ՝ 2,5 ամսվա կամ 75 օրվա համար,
Ներքնազգեստ (անդրավարտիք և շապիկ)՝ 2,5 տարվա համար 9 հատ (հետաքրքիր է, թե ինչու 9 հատ, ինչո՞ւ է կենտ թիվ, 4 անդրավարտիք և 5 շապի՞կ, թե՞ 5 անդրավարտիք և 4 շապիկ)։ Այլ կերպ ասած՝ մեկ անդրավարտիք կամ մեկ շապիկ 100 օրվա համար։
Բան չեմ ասում, բայց եթե մենք ապրեինք կառավարության անդրավարտիքաշապիկային նորմերով, ապա ժողովրդից պետք է վաղուց վատ հոտ գար, կամ նա պետք է մերկ ման գար։
Այո, 2015 թ-ից կառավարությունը հաշվի է առնում նաև ինտերնետի ծախսերն ընտանիքում, շնորհակալություն դրա համար․ 4 հոգանոց ընտանիքին հասնում է օրական 1 ժամ ինտերնետ, այսինքն՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ օրական 15 րոպե։
Այսպիսով՝ «թվերի հետ խաղը» կառավարությանը թույլ է տալիս կրճատել նվազագույն աշխատավարձի գումարը, ինչպես նաև կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները։ Այսպիսի բաներ…» — գրել է Ջաֆարլին։